Մշակույթ

Յուրաքանչյուր նոր, այդպիսի ձեւակերպում վրդովեցնում է մեզ

Յուրաքանչյուր նոր, այդպիսի ձեւակերպում վրդովեցնում է մեզ

Հարցազրույց Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանի հետ

- Տիկին Աղաբալյան, մայիսի 28-ին Ստեփանակերտում բազմահազարանոց երթ ու հանրահավաք տեղի ունեցան, որտեղ արցախցիները հնչեցնում էին նույն կարգախոսներն ու կոչերը, ինչ այստեղ՝ Երեւանում․ «Միություն», «Պայքար», «Հաղթանակ», «Նիկոլ՝ դավաճան», «Զարթնիր, լաո», «Պայքար հանուն Արցախի»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Արցախում եւս սկիզբ դրվեց դիմադրության շարժմանը՝ նույն պահանջներով։

- Իհարկե, այդ օրվա խաղաղ ցույցն ու երթը դիմադրության շարժման դրսեւորումն էր Արցախում, բայց ես չէի ասի՝ սկիզբ դրվեց, որովհետեւ Արցախում մարդիկ ամենօրյա ցույցերի դուրս չեն գալիս, իրավիճակն այստեղ այլ է, եւ, ամեն դեպքում, փորձում են զգոն եւ զգույշ լինել։ Բայց, այդ խաղաղ երթով եւ ցույցով դրսեւորվեց, որ Արցախի հայությունը նույն տրամադրությունն ունի եւ դրանով նաեւ իր համերաշխությունն ու երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ՀՀ-ում, սփյուռքի գաղթօջախներում կանգնած են ու շարունակում են պայքարել մեր հայրենիքը եւ, ընդհանրապես, հայոց պետականությունը փրկելու համար։ Եվ, այո, անհրաժեշտության դեպքում մարդիկ կարող են համախմբվել ու նաեւ դիմադրություն ցույց տալ։

- Բրյուսելյան հանդիպման ժամանակ արցախահայությունն անվանվեց էթնիկ բնակչություն, ի՞նչ վտանգներով ու հետեւանքներով են հղի նման ձեւակերպումները, եւ ի՞նչ մտահոգություններ կան այդտեղ՝ Արցախում, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

- Այդ ձեւակերպումները վերջին 4 տարիներին վարված քաղաքականության արտահայտությունն են, այսինքն՝ դա միայն այսօր չէ, եւ այս ձեւակերպումով չէ միայն սահմանափակվում։ Այն, ինչ կատարվել է 2018-ից ի վեր, բերել է հենց դրան, որ մենք ոչ միայն Արցախի զգալի մասը՝ ավելի քան 75 տոկոսը կորցնենք, այլեւ դադարենք գոյություն ունենալ որպես սուբյեկտ, եւ մեր քաղաքականությունն ի սկզբանե հենց դրան էր ուղղված։ Ուստի, ամեն անգամ յուրաքանչյուր նոր, այդպիսի ձեւակերպում վրդովեցնում է, բայց սա նոր չէ եւ ոչ էլ անակնկալ է մեզ համար, քանի որ սա այդ վարած քաղաքականության հետեւանքն է։

- Արցախի համար ի՞նչ է այդ «մշակութային ինքնավարություն» ասվածը, եւ արդյոք արցախահայությունը կհամաձայնի՞ դրան։

- Իհարկե, չի համաձայնի, եւ նույնիսկ չենք էլ ուզում քննարկել դա, որովհետեւ մեզ համար այն միանշանակ անընդունելի է։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ կկարողանանք համախմբվելով, միավորվելով՝ բոլոր առողջ ուժերով դեմ կանգնել այս որոշումների իրագործմանը եւ փրկել մեր հայրենիքը։

- Արցախի ձայնն այսօր որքանո՞վ է լսելի թե՛ միջազգային հարթակներում, թե՛ Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք մե՛կ հայտարարում են, որ իրավասու չեն Արցախի անունից բանակցել, մե՛կ էլ ոչ միայն բանակցում են, այլեւ հայտարարում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին։

- Ցավոք, այսօր Արցախն ուղիղ կապվելու կամ իր ձայնը լսելի դարձնելու հնարավորություններ գրեթե չունի։ Այս առումով երեւի թե ընդդիմությունը, որ այսօր կանգնած է, պայքարում է Արցախի եւ ընդհանրապես հայոց պետականության համար, պետք է նաեւ սա նկատի ունենա եւ աշխատի ոչ միայն երկրի ներսում, այլեւ՝ երկրից դուրս, փորձելով նաեւ Հայաստանից, Արցախից դուրս, արտերկրում մեր սփյուռքի ինստիտուցիոնալ կառույցների միջոցով համապատասխան ազդեցություն ունենալ մեր խնդրի վրա։

- Այսօր ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ հասարակությունն է նկատելի երկփեղկված մոտեցումներ եւ գնահատականներ տալիս։ Օրինակ, ասում են, որ Արցախը մեր գործերին թող չխառնվի, չորոշի՝ ով ղեկավարի Հայաստանը․․․

- Բոլոր քայլերը եւ արտահայտությունները, որոնք տանում են երկփեղկման եւ Հայաստանն Արցախից անջատելուն, իհարկե, շատ բացասական ազդեցություն ունեն, եւ չի կարող ընդունելի լինել մեզ համար։ Մենք պետք է շարունակենք միասին պայքարել եւ միասին հասնել արդյունքի։ Ընդհանրապես բոլորը, ովքեր պատասխանատվություն են վերցրել իրենց վրա ժողովրդին կամ նրա որեւէ հատվածին առաջնորդելու եւ որոշումներ կայացնելու, պետք է հաշվի առնեն այս հանգամանքը եւ չհրահրեն նման տրամադրություններ իրենց գործելաոճով, իսկ դա շատ հաճախ արվում է նաեւ միտումնավոր ու այն ուժերի կողմից, ովքեր շահագրգռված են՝ երկփեղկելու, բաժանելու մեզ իրարից եւ տանելու ազգակործան հետեւանքների։

- Շարժման առաջին օրերին  պարբերաբար բարձրաձայնում էին, թե ինչու արցախցին չի միանում շարժմանը, կամ ինչու չեն բարձրաձայնում իրենց դիրքորոշումը․ այս առումով մայիսի 28-ին Վերածննդի հրապարակում Արցախը կարծես իր դիրքորոշումը միասնաբար հայտնեց․․․

- Ոչ միայն։ Եթե նկատել եք, Երեւանում էլ՝ ցուցարարների մեջ բավականին արցախցիներ կան։ Ես նույնպես մասնակցել եմ թե՛ երթերին, թե՛ միտինգներին եւ ինքս էլ անձամբ տեսել եմ շատ արցախցիների, ովքեր հատուկ Արցախից գալիս են պայքարելու, մասնակցելու դիմադրության շարժմանը։ Նորից եմ կրկնում՝ բոլոր նման խոսակցությունները, տրամադրությունները միտված են մեզ իրարից բաժանելու, եւ մենք դա չպետք է թույլ տանք։ 1988-ին էլ մեր համաժողովրդական, համազգային շարժումը սկսվեց այսպես՝ մեր հայության տարբեր հատվածներում, սկզբում գուցե ոչ այնքան մարդաշատ հավաքներով, ցույցերով, բայց որը հետո վերաճեց համազգային շարժման։ Իհարկե, մենք նորից կարող ենք համախմբվել եւ նորից ցույց տալ մեր ուժը։ Հիմա կարեւորը մեր միասնությունն է, ամեն ինչ պետք է անենք համախմբվելու, մի կողմ թողնելու մեր բոլոր տարաձայնությունները։ Իհարկե, ցանկացած խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, բայց այս պահին կարեւորը համախմբումն է եւ հստակ գիտակցումը՝ ուր ենք գնում, ինչի համար ենք գնում եւ ինչպես ենք գնում։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image