Վրաստանում ամեն ինչ հանգիստ էր, հիմա էլ ավելի հանգիստ է լինելու: «Հրապարակի» հարցին թե ինչ իրավիճակ է այժմ Վրաստանում, այսպես պատասխանեց քաղաքագետ, Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն:
«Հիմա բացատրեմ, թե ինչու եմ այդպես ասում: Այսպես կոչված, այդ բոլոր երթերին, Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում, իրականում շատ քիչ քանակությամբ մարդիկ են մասնակցել: Օրինակ, Թբիլիսիում ապրում է մոտ մեկուկես միլիոն մարդ, պաշտոնական թիվն է՝ 1 միլիոն 200 հազար, բայց մասնագետներից լսել եմ, որ իրականում ավելի շատ են ապրում՝ մոտավոր մեկուկես միլիոն: Եվ ահա այս քաղաքում, 3000 մարդ, 3500 էլ է եղել ցույցերին, կան մասնագետներ, որոնք այդ թիվը շատ հստակ կարող են հաշվել՝ դրոններից ստացված տեղեկություններով և այլն, լավ` մեկ անգամ կարող է եղել են 5000 հոգի, բայց չէ որ Թբիլիսիի ու Վրաստանի համար դա ստատիկ զրո է: Մի երկրում, որտեղ հազար հոգանոց հարսանիքներ են լինում՝ այդ թիվը զրոյական է: Երկու օր առաջ, երբ քաղաքում էի, ստիպված եմ եղել ավտոբուսներից օգտվել, մետրո և այլն, ոչ ոք չէր հետաքրքրվում այդ բողոքի ցույցերով ու բոլորն իրենց հոգսերով էին զբաղված: Ու դա այդպես եղել է անընդհատ՝ ընդամենը պատկերներ են շրջանառվել: Ռուսթավելու պողոտան իրականում նեղ փողոց է, այնտեղ հազար մարդ կարող է հանգիստ փակել փողոցն ամբողջությամբ ու նկարել մեծ պլանով ու աշխարհով մեկ ցույց տալ, թե տեսեք, Ռուսթավելի պողոտան փակ է, ահա Խորհրդարանի շենքը և այլն: Իրականում ազդեցիկ տեսապատկեր էր այն պահը, երբ հարձակվեցին Խորհրդարանի շենքը պաշտպանող, ուղղակի կանգնած ու ոչինչ չանող ոստիկանության վրա»,- ասաց Մամրաձեն:
Ոստիկանների վրա մոլոտովի կոկտեյլներ են շպրտել, քարեր, պիտարդներով են կրակել, սակայն ոստիկանությունը միայն գիշերվա երեքի ու չորսի կողմերն է սկսել գործել,, երբ օրինազանց գործողություններ են կատարել:
«Վճարված մարդիկ էին նրանք, քանի որ նրանց ձերբակալելուց հետո պարզվել էր, որ մեծ մասը մի քանի անգամ դատապարտվել են ու բերդում կրել իրենց պատիժը: Հենց նրանք էին բռնկվող հեղուկ շպրտում խորհրդարանի շենքից ներս: Այս ամենը ներկայացվում է որպես խաղաղ ցույց, իսկ ոստիկանությունը իբրև թե գազանաբար ճնշել է այդ «խաղաղ ցույցերը», ահա այսպիսի բովանդակությամբ հոսք է գալիս Արևմուտքից անընդմեջ: Այնինչ, երբ այդ հակազգային ուժերի գրասենյակներում խուզարկություններ արվեցին, ես երբեք նրանց ընդդիմություն չեմ անվանում, նրանց մոտից առգրավվեցին թե մոլոտովի կոկտեյլներ, թե պիրատեխնիկաներ, նույնիսկ զենք են առգրավել: Հավելեմ, որ որսորդական հատուկ հարմարանքներից էին կրակում՝ օգտագործելով մետաղյա սուր ծայրով գնդակներ: Ու դրա հետևանքով շուրջ քսան ոստիկանի ստիպված էին արտասահման ուղարկել՝ բուժվելու համար, իսկ շուրջ 150 ոստիկան տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել, ջարդված ու ջախջախված ականջներ՝ այդ ամենին ուղղակի հնարավոր չէր նայել ու դրան զուգահեռ Արևմուտքից եկող իմ ասած տեղեկատվական հոսքը»,- նշեց քաղաքագետը:
Մամրաձեն, սակայն, նշում է նաև, որ եղել են եզակի դեպքեր, երբ ոստիկանը ոտքով հարվածներ է հասցրել արդեն ուշագնաց եղած երիտասարդին, սակայն դրանք եզակի դեպքեր են եղել, իսկ նման դեպքեր անհամեմատ ավելի մեծ քանակությամբ լինում են այնպիսի առաջադեմ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը և հատկապես ԱՄՆ-ում:
Մամրաձեն շեշտում է, որ այսպես կոչված Վրաստանի ընդդիմության ակցիաները հզոր են ու ազդեցիկ միայն տեսանյութերում ու լուսանկարներում, քանի որ տեղի ունեցողը ներկայացվում է միայն խոշոր պլաններով ստեղծելով այդպիսի պատկերացում:
Մեր դիտարկմանը, որ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատից դուրս գալուց իր աջակիցներին դիմելիս ասել է, որ ժողովուրդն է օրենքը, այնինչ նույն բովանդակությամբ հայտարարություններ էր անում նաև Նիկոլ Փաշինյանը, ինչ է նշանակում, Մամրաձեն ասաց, որ դա նույն նարատիվն է և գիտության մեջ դա կոչվում է պոպուլիզմ:
«Պոպուլիզմ է, երբ լիդերը հայտարարում է, որ կա իսկական, իրական ժողովուրդ և որ ինքն է առաջնորդում այդ ժողովրդին, քանի որ կատարում է նրանց կամքը, իսկ մյուսներն ուղղակի չկան: Իսկ ամենաահավորն այն է, որ այդ մյուսներին որակում են որպես թշնամի, պրոռուսներ, կրեմլյովսկիներ, հինգերորդ շարասյուն և այլն, իսկ իսկական ժողովուրդը, կապ չունի, որ ընդհանուր բնակչության հինգ տոկոսից էլ ցածր է, բայց հենց դա է իսկական ժողովուրդը: Այսինքն, նա ով մեզ հետ չի՝ մեր դեմ է: Դա շատ անգամներ է ասվել ու շատ հաճախ նացիստական հռետորիկայով, երբ Սալոմե Զուրաբիշվիլին դիմելով ոստիկաններին, ասում էր՝ ինչ է, դուք այս ռուս խոզերի՞ն եք պաշտպանելու, նկատի ունենալով կառավարությանը, ասում էր՝ դուք ռուսներին եք կողմ, թե վրացիներին, և երբ նացիստական հեռուստաընկերությունների լրագրողները փոքրիկ երեխաներին հարցնում էին, թե երբ հասնենք «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր շտաբ, ի՞նչ եք ասելու նրանց, երեխաներն ասում էին՝ ռուս խոզեր, ռուս խոզեր: Դա այն է, ինչ նացիստներն անում էին պատերազմի ժամանակ՝ ռուս խոզեր, և նույնիսկ պատերազմի ժամանակ՝ 1943 թվականին Ստալինը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ Հիտլերը կգա, կգնա, իսկ գերմանացի ժողովուրդը մնում է: Նույնիսկ այն սարսափելի ժամանակ է դա ասվել, այնինչ Վրաստանում հակառուսական տրամադրություններ բացարձակապես չկան, որովհետև հինգ տոկոսը դա Վրաստանի ամբողջ բնակչությունը չէ»,-ասաց Մամրաձեն:
Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ տարբեր է իր որակական առումներով այն գործընթացներից, որ տեղի էին ունենում 2021-ին՝ շեշտում է Մամրաձեն:
2021-ին կարճ ժամանակ անց արևմտյան ներկայացուցչությունները դիմեցին ընդդիմությանն ու ասացին, որ վերջիններս պետք է ընդունեն արդար ընտրությունների արդյունքներն ու սեփական ընտրողների առաջ ունեցած պատասխանատվությունը հաշվի առնելով, գնան խորհրդարան ու աշխատեն խորհրդարանի պատերից ներս: Այնինչ հիմա արևմտյան այն երկրները, որոնք Վրաստանի հետ անմիջական կապ ունեն կամ Վրաստանով զբաղվում են, բալթյան երկրները, Լեհաստանն ու մյուս երկրները, նրանք միաձայն հայտարարում են, որ ընտրությունները ֆալսիֆիկացված են, որ կա միայն մեկ լեգիտիմ Զուրաբիշվիլին, իսկ նորընտիր նախագահը լեգիտիմ չի, ռուսական է, չնայած որ կա ԵԱՀԿ-ի համապատասխան մարմնի զեկույցը այն մասին, որ Վրաստանում ընտրություններն արդար են եղել: Նույնն է ասում Կոնգրեսի անդամ Ջո Վիլսոնը:
Մամրաձեն հիշեցնում է, որ երբ արևմտյան ազդեցիկ միջազգային կառույցները, աշխահահռչակ փորձագետները, քաղաքագետները գրում էին Սաակաշվիլու ավտորիտար ռեժիմի մասին, մասսայական կտտանքների, անմեղ մարդկանց մասսայական լիկվիդացիայի մասին, ոչ ոք Սաակաշվիլուն չսանկցիավորեց, այն, որ դատական համակարգ չկա Վրաստանում՝ նույնպես արձագանք չեղավ Արևմուտքի կողմից:
«Իսկ հիմա պատժամիջոցներ որքան կուզեք, երկու օր առաջ պատժամիջոցների տակ ընկավ Իվանիշվիլին՝ Վրաստանի պատմության մեծագույն մեցենատը և մենք գիտենք ինչու: Փոխարենը, արևմտյան ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ New York Times, Washington Post-ը և այլ լրատվամիջոցներ, հայտնի հրապարակախոսներ, իսկ CNN-ը 12 րոպե ցուցադրում էր, թե Սաակաշվիլին ինչպես է հատակին սողում այն կլինիկայում, որտեղ պառկած էր ու ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնել, փորձում էր կանգնել ու ընկնում էր գետնին: Իսկ այդ նույն ժամանակ, Վրաստանի ամենաշքեղ բժշկական կենտրոնում էր գտնվում Սաակաշվիլին և նույնիսկ թռչնի կաթն էր նրան հասանելի: Երկու հիվանդասենյակում էր նա ապրում, նրան հետևում էին 11 բժիշկներ, որոնց ընտրել էր Սաակաշվիլու մայրն անձամբ… Եվ հենց նա, այն ժամանակ, երբ արևմտյան լրատվամիջոցները գրում էին այն մասին, որ Սաակաշվիլու մահանալուն րոպեներ կամ հաշված ժամեր են մնացել, հենց այդ ապատեղեկատվության ամենապիկին, նրա մայրը, հարցազրույցի ժամանակ ասում էր, որ ինչքան կին այցելել է Սաակաշվիլուն բոլորը հղիացել են, ու հավելում էր, որ որդուն այցելում է օրական երկու անգամ՝ առավոտյան և օրվա երկրորդ մասին, ու տանում այն ուտեստները, որոնք պատվիրում է որդին: Համեմատեք արևմտյան լրատվամիջոցների տված ապատեղեկատվությունն ու Ստրասբուրգի դատարանի որոշումը, որ Սաակաշվիլու մասով որոշումն օրինական է և որ նա լավագույն պայմաններում է պահվել, ոչ ոքի չի հուզում»,-ասաց Մամրաձեն:
Անդրադառնալով Վրաստանի դեմ այս արշավին, նա նշեց, որ Վրաստանի իշխանություններին չի ներվել Ուկրաինային զինատեսակներ չփոխանցելը և բավականին բարեխիղճ ամերկացիներ, ում ինքն անձամբ է ճանաչում, իրեն ասել են՝ սա ձեզ երբեք չեն ների:
«Never ever ինձ ասացին, որ հիմա մենք կունենանք խնդիրներ»,-ասաց Մամրաձեն:
2025-ին Վրաստանում հանգիստ է լինելու՝ վստահ է Մամրաձեն և շեշտում է, որ մարդկանց մեծամասնությունը ընդդիմության գործողություններին չի մասնակցում, իսկ ելույթ ունեցող հայտնի մարդիկ, արվեստագետները ելույթ էին ունենում ոչ թե իշխանության դեմ, այլ որ իրենք կողմ են Վրաստանի եվրաինտեգրմանը, այնինչ, իշխանությունները գրեթե ամեն օր հայտարարում էին, որ Վրաստանը կողմ է դեպի Եվրոպա ուղուն:
«Պետք է հետևել զարգացումներին»,-եզրափակեց Պետրո Մամրաձեն: