Հարցազրույց երգիչ Էրկ Կարապետյանի հետ
-Վերջերս եթեր հեռարձակվեց տարեսկզբին կայացած Ձեր մենահամերգը` Մարզահամերգային համալիրում: 2024թ․ հունիսի 10-ին Ձեր մենահամերգը տեղադրել եք նաեւ Ձեր յութուբյան ալիքում, որն արդեն ավելի քան 400 հազար դիտում է գրանցել։ Ինչ արձագանքներ եք ստացել:
-Արձագանքները միանշանակ դրական էին, որովհետեւ մարդիկ տպավորված են այդ համերգով: Կարծում եմ` անհնար էր այն չգնահատված մնար, քանի որ արել էինք անհնարինն ու հնարավորը, որպեսզի գոհացնեինք հայ հանդիսատեսին եւ ցույց տայինք, որ Հայաստանում՝ հայկական իրականության մեջ, մեր երգարվեստը, մեր շոու ասվածը նույնպես կարող է լինել միջազգային մակարդակի: Պարտադիր չէ արտասահմանյան արտիստ հրավիրել՝ միջազգային մակարդակի համերգ ստանալու համար: Ես համոզված եմ, որ մենք՝ մեր տեղական արտիստները նույնպես կարող ենք ունենալ եւ ունենալու ենք նման մակարդակի ելույթներ: Կարծում եմ իմ համերգը շատ լավ օրինակ էր:
- Կպատմե՞ք համերգի մասին: Ինչպե՞ս առաջացավ նման լայնամասշտաբ միջոցառում ունենալու գաղափարը:
- Լայնամասշտաբ միջոցառում ունենալու գաղափարը կար շատ վաղուց, մինչ այդ ունեցել եմ բազմաթիվ համերգներ, սակայն միշտ ցանկացել եմ շատ ավելի մեծ համերգ կազմակերպել: Ուղղակի, միայնակ դա շատ դժվար կլիներ անել: Ի ուրախություն ինձ, հայտնվեցին իմ ընկերները, ովքեր առաջարկեցին միասին համերգն անել եւ էդպես ամեն բան սկսվեց: Իրականում շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ «ՖՄՖ Գրուպին», հանձինս՝ վերջինիս տնօրեն, պրոդյուսեր Մարիամ Մարգարյանի եւ Համլետ Գեւորգյանի, ովքեր միացան եւ հավատացին ինձ, ում հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք ստացանք նման աննախադեպ արդյունք: Պրոդյուսերներ Մարիամ Մարգարյանի և Համլետ Գեւորգյանի հետ միասին հավաքեցինք մեծ թիմ, որը բաղկացած էր շատ-շատ մարդկանցից: Այժմ չեմ ուզում որեւէ մեկին էլ ավելի կարեւորել, որովհետեւ բոլորն էլ շատ կարեւոր աշխատանք են արել, բայց կան կոնկրետ մարդիկ, առանց ում այս համերգը տեղի չէր ունենա: Խոսքս մեր բեմադրիչ ռեժիսոր Արթուր Մանուկյանի մասին է, ով իր թիմի հետ միասին ամեն ինչ արեց, որպեսզի մենք ստանանք այդ միջազգային կոնցեպտը: Ուզում եմ նշել լուսային, ձայնային «Բրիջ» պրոդաքշընը, ովքեր եւս շատ մեծ դեր կատարեցին: Ուզում եմ հատուկ նշել, որ պրոդաքշընը հայկական է եւ ես ուրախ եմ, որ նրանց հետ միասին մենք ապացուցեցինք, որ հայ մասնագետներով եւ մեր ունեցած տեխնիկայով հնարավոր է ստանալ նման գերազանց արդյունք: Երաժշտական մասով երկար ժամանակ աշխատեցինք Արթուր Արմենի Մնացականյանի՝ Արթուր Արմենի հետ, ում հետ ձեւափոխեցինք իմ գրեթե բոլոր երգերը, Արթուրը հանդես եկավ նաեւ որպես դաշնակահար: Նշեմ, որ 30-ից ավելի երաժիշտներ էին ներգրավված համերգի ընթացքում: Երաժշտական խմբի ղեկավարն էր դաշնակահար Սերգեյ Այվազյանը, Արմեն Սարգսյանը երկրորդ դաշնակահարն էր: Լարայինները՝ «Երեւան Սթրինգս» 15-հոգանոց խումբն էր, բրասս խումբը, բեք վոկալը՝ «Օնլի գյորլ» խմբի աղջիկներն էին, Վիլիամը, Վահագը, Հակոբը, մի խոսքով չեմ ուզում որեւէ մեկին մոռանալ, բայց դժվար է բոլորին թվելը: Շնորհակալ եմ նաեւ համերգիս հովանավորներին՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին, «Մարիլլա» ընկերությանը, «Գառնի» ընկերությանը, «Իմեջին հաբ» ընկերությանը:
Ես շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, բայց առաջին հերթին շնորհակալ եմ իմ հանդիսատեսին՝ հենց նրանք են ամենակարեւոր մարդիկ, առանց ում այս ամենն անհնար էր:
-Փաստորեն Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանում կան անհրաժեշտ մասնագետներ եւ տեխնիկա` նման հոյակապ շոու ստանալու համար: Դուք ստիպված չեք եղել արտերկրից որեւէ մասնագետ հրավիրել:
- Այո: Իհարկե: Հայաստանում հնարավոր է ամեն ինչ: Կարեւորը լինի լավ գաղափար, լինի ճիշտ թիմ եւ, եթե բոլորը միասնական համախմբվեն մեկ գաղափարի շուրջ՝ ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է եւ այդպես էլ եղավ: Պիտի խոստովանեմ, որ ի սկզբանե, երբ սկսում էինք աշխատանքները ինչ-որ տեղ հոգու խորքում ես ունեի կասկածներ, արդյո՞ք կստանանք այն ամենը, ինչ պատկերացնում ենք, բայց փաստորեն մենք ստացանք մեր պատկերացրածից ավելին, կարելի է ասել՝ գերակատարեցինք ծրագիրը: Եվ այդ ամենը զգացվել է ոչ միայն համերգի օրը դահլիճում, երբ 10 հազարից ավելի հանդիսատես ինձ հետ հավասար երգում էր եւ միեւնույն ժամանակ զարմացած ու շոյված էր: Ես զգացողություն ունեի, որ հանդիսատեսն եկել էր այլ ակնկալիքով, սակայն հայտնվել էր բոլորովին այլ տեղում, մարդիկ գնել էին տոմս` հայկական համերգի, սակայն հայտնվել էին բոլորովին այլ վայրում: Կարող եմ հպարտությամբ ասել, որ հայկական համերգների սանդղակն այդ օրը սպասվածից ավելի բարձրացավ:
-Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրը: Ցանկացած արտիստի, առավել եւս` հայ արտիստի համար նման մեծ դահլիճը, այդ քանակի հանդիսատեսը, որ ներկա էր Ձեր համերգին՝ երազանք է: Արդյո՞ք դա երազանք էր, որն իրականացավ:
-Ապրումներս բուռն էին: Առաջին հերթին լարվածություն, որովհետեւ պատասխանատվությունը շատ մեծ էր: Մտածում էի բոլորի փոխարեն, ուզում էի ամեն ինչ իդալական լիներ: Փառք Աստծո, որ որեւէ խնդիր եւ խոչընդոտ չեղավ, ամեն ինչ շատ լավ անցավ: Այնքան լարված էի եւ այնքան զբաղված էդ ամենով, որ նույնիսկ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ բեմում առաջին երգերից մեկն էի երգում եւ ամբողջ դահլիճը սկսեց ինձ հետ հավասար երգել: Այդ պահն աննկարագրելի էր, ուզում էի մի կողմ դնել բարձրախոսը եւ պարզապես վայելել: Սիրտս լցվել էր: Միանշանակ համաձայն եմ Ձեր հարցի մեջ տրված գնահատականին։ Ցանկացած արտիստի համար նման մեծ դահլիճում՝ այդ քանակի հանդիսատեսով համերգը, հանդիսատեսի նման ջերմ արձագանքը՝ երազանք է: Այո, ես համարում եմ, որ իմ երազանքն իրականացավ: Այժմ ժամանակն է նոր երազանքների ետեւից գնալու:
-Նման հաջողությունից հետո հավանաբար բարդ է ապագա պլաններ կազմելը, ի՞նչ նոր մտքեր ունեք, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:
Առաջիկայում կան բազմաթիվ հրավերներ արտերկրից, պլանավորում ենք համերգներ տարբեր քաղաքներում, մեր հայկական համայնքներում: Առաջին մեծ համերգը կլինի դեկտեմբերի մեկին Միացյալ Նահանգներում, բրոդվեյան լավագույն համերգասրահներից մեկում, այնուհետեւ շրջագայությունները կշարունակվեն:
Արեգ Մարգարյան

