«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Անահիտ Մութաֆյանն է:
- Իրավապահները ռեպրեսիվ գործողություններ են սկսել հոգևորականների դեմ: Արդեն մի քանի հոգևորական Արագածոտնի թեմից կալանավորված է: Այս ամենին զուգահեռ բանտերում բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ կան արդեն: Այս պրոցեսներին ինչպե՞ս եք վերաբերվում:
- 2018 թվականից ինձ համար պարզ էր, որ Հայ առաքելական եկեղեցին թիրախի տակ է: Եթե անկեղծ` կալանավորումների և նման ռեպրեսիաների չէի սպասում, սակայն եկեղեցու դերը արժեզրկելու, մեր ինքնության դեմ քայլերի, միանշանակ սպասում էի, սակայն, որ այս աստիճանի կարող է հասնել, որ հոգևորականին կարող են տանել կալանքի, ինչ խոսք, շոկային է ինձ համար, այն աստիճան շոկային, որ ոչ մի բառ չեմ կարող ասել նույնսիկ: Ինձ համար խիստ անընդունելի է, որ հայ քրիստոնյան կարող է ձեռք բարձրացնել հոգևորականի վրա: Ամենացավալին ու զարհուրելին ինձ համար թերևս սա է:
- Վեհափառի լռությունը շատերը քննադատում են, ի՞նչ եք կարծում` տեղի՞ն է նրա լռությունը:
- Ես որպես քաղաքացի, որպես մարդ, չեմ ընդունում, սակայն որպես քրիստոնյա, ես պարտավոր եմ իմ Վեհափառ հորը հարգել, չեմ ուզում քննադատել, կամ նրա դեմ ինչ-որ բան ասել: Ես հայ քրիստոնյա եմ, իմ Վեհափառ հոր քայլերն ինձ համար ընդունելի են:
- Տեղեկություններ կան, որ առաջիկայում պատրաստվում են հենց Վեհափառին կալանավորել: Երեկ արդեն քրեական գործ հարուցվեց: Փաշինյանն վերջերս նաեւ հայտարարեց, որ Վեհարանը գրոհելու մտքից հետ չի քաշվել: Իսկ եթե այդ քայլին էլ գնան:
- Ու կանեն…. չկասկածեք, սպասո՞ւմ եք, որ չեն գնա այդ քայլին, ես ուղղակի զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր դեռ մտածում են, որ այս իշխանությունը ինչ-որ սահմաններ ու կարմիր գծեր ունի: Չկա նման բան, այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, որպեսզի հայ ազգը, հայի ինքնությունը վերացնեն: Կոնկրետ քայլեր են չէ՞ անում, Հայոց պատմությունն են վերացնում, Մաշտոցին են դասագրքերից հանում, հետևողականորեն վերացնում են հային:
- Կան հոգևորականներ, ովքեր Կաթողիկոսի դեմ են դուրս եկել: Ըստ Ձեզ` ի՞նչն է նրանց այդ քայլին դրդել:
- Ես նրանց մասին ոչինչ չեմ կարող ասել: Իմ աղոթքները նրանց մասին են նաև: Աստված ինչ պետք է` կասի նրանց:
- Քաղաքական պայքարի նոր փուլ է սկսվել: Ընտրությունները մոտենում են: ընդդիմադիր ուժերը ակտիվանում են, նոր ուժեր են ձևավորվում: Օրինակ` ի՞նչ կարծիք ունեք «Մեր ձևով» շարժման մասին:
- Ես 2018 թվականից մի սկզբունք եմ որդոգրել. ով ընդդիմադիր է, ես նրա կողքին եմ: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր պայքարում են այս ռեժիմի դեմ և ցանկանում եմ, որ այս փուլում հաջողություն ունենան: Ընդդիմության հաջողությունը մեր հայրենիքի փրկության ուղիղ համեմատականն է: Հայաստանում չի կարող առաջընթաց լինել, քանի դեռ իշխանափոխություն չի եղել:
- Առաջներում ակտիվ մասնակցում էիք ընդդիմության բողոքի ակցիաներին: Այժմ, պատրաստվո՞ւմ եք նորից պայքարի դուրս գալ:
- Համենայն դեպս չեմ էլ կարող հանգիստ նսել: Իհարկե, մասնակցելու եմ:
- Երեկ նաև կալանքի են տարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
- Քիչ առաջ կարդում էի Կոչուբաևի գրառումը, այդ գրառման համար մարդուն կալանքի տանելը անգամ աբսուրդ էլ չէ: Սամուել Բեքեթը մի անկյունում նստած հիմա ծխում է, նայելով, թե ինչ է կատարվում Հայաստանում:
- Թատրոնում դերասանների, ռեժիսորների հետ շփումներ ունենում եք: Ինչո՞ւ են նրանք այդքան վախեցած, չեզոք: Չե՞ք քննարկում միմյանց հետ այս բոլոր հարցերը:
- Չենք խոսում այդ թեմաներով: Հանդիպում ենք թատրոնում, ստեղծագործում ենք, քաղաքականությունից չենք խոսում, բայց ասեմ, որ բոլորս էլ սկսել ենք վախենալ: Ես լինելով համարձակ մարդ սկսել եմ ինչ-որ սահմանափակումներով արտահայտվել: Այս մարդիկ ոչ կին են ճանաչում, ոչ տղամարդ, ոչ երեխա, ոչ զոհվածի մայր, հայր, ոչ հաշմանդամ, ոչ հոգևորական, ոչ փաստաբան: Եթե հերոս ծնող մորը կարող են դատապարտել, մեզ հո չե՞ն խնայելու: Չափ չունեն սրանք: Այս մարդը մի առիթով նշել է, որ Հայաստանի բանտերում դեռ շատ տեղեր կան:
- Բայց նորմա՞լ է, որ այսքան չեզոք են դերասանները, թեպետ դա իրենց իրավունքն է, սակայն այնպիսի տպավորություն է, որ մեր արվեստագետների կյանքում ոչինչ չի փոխվում:
- Ես կարծում եմ, որ նրանք պարզապես լռում են, այնպես չէ, որ հետաքրքրված չեն: Հայաստանում ոչ մի նորմալ բան չի մնացել, ամենուր անոմալիկ երևույթներ են, հետևապես այս շրջանում նորմալ երևույթներ Հայաստանում պետք չէ փնտրել:
- Ի՞նչ եք կարծում` ընտրությունների արդյունքում կարո՞ղ է իշխանություն փոխվել:
- Իհարկե, չեմ ընդունում այն եզրույթը, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Չկա նման բան: Դա սուտ է, որը ներարկում են ժողովրդի մեջ: Իհարկե, իշխանություն կարող է փոխվել հենց ընտրությունների միջոցով: