Տեղեկություն ստացա, որ Վանաձորի Սայաթ Նովայի մանկական այգու հարևանությամբ թեթև ատլետիկայի մարզադպրոցում տեղակայված թիվ 23/34 ընտրատեղամասում երկու ընտրող փորձել են նկարել իրենց քվեարկությունը եւ բռնվել են: Շտապեցի ընտրատեղամաս:
Դիտորդները հավաստացրին, որ իսկապես նման փորձ է եղվել: Ընտրատեղամասի նախագահ պարոն Ստեփանյանից հետաքրքրվեցի՝ եղե՞լ է նման դեպք: Եղել է: Իսկ ինչո՞ւ չի արձանագրություն կազմվել: Ասաց, որ մի դեպքում ծեր մարդ էր փորձել նկարել, իրենք նկատել ու կանխել են, մյուս դեպքում մի տատիկ` հրավիրել են ոստիկանության խմբի ավագին, նկարը հեռացրել են հեռախոսից, ապա թողել են, որ տատիկը հեռանա: Իսկ ինչո՞ւ արձանագրություններ չեն կազմվել:
Ոստիկանության խմբի ավագը մեզ տեղեկացրեց՝ իրենք զանգահարել են վերադասին, ստացել հրահանգ՝ կանխվել է փորձը, ասել են` արձանագրություն հարկավոր չէ: Հանձնաժողովի նախագահին հարցնում եմ` մի՞թե ժամանակը չէ Ընտրական օպրնսգրքում մի կետ ավելացնել, որով կարգելվի ընտրողին քվեախցիկ մտնել հեռախոսով: Նա ասում է` ճիշտ առաջարկ է, բայց դժվար վերահսկելի: Ինքը պոլիտեխնիկական համալսարանում դասախոս է, քննություններին արգելում են, որ ուսանողները քննասենյակ մտնեն հեռախոսներով, սակայն ուսանողները երկու, անգամ երեք հեռախոս են ունենում: Եթե ուսանողը կարող է երեք հեռախոս ունենալ և գաղտնի գոնե մեկը քննասենյակ տանել, նույնը կարող է անել նաև ընտրողը, նկարել իր քվեաթերթիկը և «տերերին» տրամադրել լուսանկարը: