Մշակույթ

Կարեւոր է գնահատման արդարությունը. չափանիշները պետք է լինեն թափանցիկ

Կարեւոր է գնահատման արդարությունը. չափանիշները պետք է լինեն թափանցիկ

Կառավարության նոր որոշման նախագծով սահմանվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաեւ՝ ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ընթացակարգը։

Համաձայն նոր օրինագծի, յուրաքանչյուր տարի, մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում են բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսման արժանացած, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող եւ վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկերը:

Հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է գնահատման սահմանված չափանիշներով՝ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մրցույթի արդյունքում, ցածր կատարողականի արդյունքը՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով։

Ներկայացված ծրագրերն ուսումնասիրելու եւ գնահատելու է մրցութային հանձնաժողովը, որի նախագահը լինելու է հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:
Բարձր կատարողականի արդյունք ունեցող յուրաքանչյուր հաստատության համար ներկայացված զարգացման եւ նորարարական ծրագրի կատարման նպատակով նախատեսվող ֆինանսական խրախուսումը կազմում է ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամ, որը տրվում է հաջորդող տարվա հունվարին:
Նախագծի հանրային քննարկումն «Ի-դրաֆտ» հարթակում արդեն ավարտվել է, որի հետ կապված՝ մասնագիտական տարբեր խմբերի եւ անհատների կողմից 50-ից ավելի առաջարկներ ու դիտարկումներ են արվել: Դրանց մի մասը վերաբերում է գնահատման չափանիշներին, մրցակցային պայմաններին, աշխատաոճի թափանցիկությանն ու անաչառությանը: 

Առաջարկներից մեկը վերաբերում էր ցածր կատարողական ունեցող հաստատությունների համար վերապատրաստման ծրագրեր կազմակերպելուն` նախարարության եւ ԿԶՆԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ, որը կիրականացվի ամեն տարի մենթոր դպրոցների կողմից՝ ուղղված ցածր կատարողական ունեցող հաստատությունների մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացմանը։

«Առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող դպրոցների համար սահմանել մշտադիտարկում, որը կվերաբերի թե՛ ֆինանսական, թե՛ կրթական բնագավառներին՝ ներքին անկախ հանձնաժողովի ստեղծմամբ։ Ինչպես նաեւ՝ նպաստել բարձր կատարողական ունեցող դպրոցների փորձի շարունակական փոխանցմանը ցածր կատարողական ունեցող դպրոցների հետ»,- նկատել էր մասնագետներից մեկը։ 
Մեկ այլ կարծիքի համաձայն, չի կարելի այս դեպքում հավասարություն դնել վարժարանների եւ հանրակրթական դպրոցների միջեւ, քանի որ «վարժարանների եւ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցությունը կամավոր ատեստացիային տոկոսային հարաբերությամբ տարբեր է։ Այն ազդում է նաեւ 3-րդ եւ 4-րդ աստիճանի տարակարգ ստանալու հարցում։ Ուստի առաջարկում եմ վերանայել այդ դրույթները»։ 

Դրական արդյունք արձանագրելու համար, մասնագետներից մեկն առաջարկել էր մշակել եւ հաստատել դպրոցների արդյունավետության գնահատման չափանիշների եւ մեթոդաբանության մանրամասն փաթեթ, որը կներառի ակադեմիական արդյունքները, կառավարման արդյունավետությունը, ուսումնական միջավայրի որակը, սոցիալական ներգրավվածությունը եւ կրթական հավասարության ապահովման ցուցանիշները։ Միաժամանակ մատնանշելով, որ ցածր կատարողականի այդյունքով հաստատությունների համար կարիք կա ներդնելու աջակցման ծրագրեր: 

Նախագիծը շատերը ողջունել են, բայց՝ մի շարք առարկություններով. «Ցանկացած խրախուսանք ապահովում է մրցակցության միջավայր, ինչը նպաստում է կատարելագործմանը։ Դպրոցները կձգտեն ցուցաբերել բարձր կատարողական։ Սակայն առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող դպրոցներում հետամուտ լինել պատճառներին եւ նպաստել դրանց շտկմանը։ Ցուցաբերել ֆինանսական աջակցություն եւ իրականացնել մշտադիտարկում տվյալ ուսումնական հաստատություններում։ Նաեւ՝ առաջարկում եմ հաճախակի կազմակերպել խորհրդատվական, փորձի փոխանակման միջոցառումներ, որտեղ բարձր կատարողական ունեցող դպրոցները կկիսվեն իրենց փորձով եւ կհամագործակցեն միմյանց հետ»։ 

Ներքին եւ արտաքին գնահատումների անկախացմանն էր վերաբերում մեկ այլ առաջարկ. «Սա բովանդակային ամենակարեւոր առաջարկն է, որովհետեւ, եթե ներքին գնահատումը շարունակի լինել արտաքինի հիմքը, հաստատությունները երբեք անկեղծ չեն լինի։ Իսկ առանց անկեղծ ինքնագնահատման՝ բարելավում չի լինում։ Սա ուղղակի համակարգային որակ է փոխում։ Լրացուցիչ չափորոշիչների մշակման առաջարկ` այստեղ բազմազան կոնտեքստներում աշխատող դպրոցների համար ավելի արդարացի գնահատում տալը շատ կարեւոր է, որպեսզի ոչ ոք չզգա անարդար վերաբերմունք։ Սա կնպաստի ծրագրի նկատմամբ ընդհանուր վստահության աճին։ Մյուս կարեւոր կետը մենթոր դպրոցների ընտրության չափանիշների հստակեցումն է, եթե ճիշտ մենթոր դպրոցներ չընտրվեն, կամ եթե նրանք չկարողանան արդյունավետ աջակցել, ամբողջ բարելավման ծրագիրը կտուժի։ Բարձր արդյունքներ ունեցող դպրոց լինելը դեռ չի նշանակում, որ կարող է լավ մենթոր լինել։ Պետք է նաեւ աջակցելու կարողություն ունենա։ Սա նույնպես ռազմավարական կարեւորություն ունի»։ 

Մեկ ուրիշը բարձրացրել էր ուսուցիչների խրախուսանքի հարցը՝ նշելով, որ ուսուցիչներին տրվող խրախուսանքը չպետք է կախված լինի կոլեկտիվի մյուս անդամների ձեռքբերումներից. «Առավել պատրաստակամ եւ նվիրյալ ուսուցիչներին ու մանկավարժներին պետք է լրացուցիչ խրախուսման միջոցով է՛լ ավելի մոտիվացնել։ Ուստի դպրոցները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներով ապահովվեն»։ 

Կարիք կա նաեւ հստակ նորմատիվների, որոնցով կառաջնորդվեն դպրոցները եւ ըստ որի կխրախուսվեն. «Ընդհանուր առմամբ, հավակնոտ նախագիծ է, որը կարող է իրական ազդեցություն ունենալ Հայաստանում հանրակրթության որակի վրա, եթե կիրառվի արդար, թափանցիկ եւ խելամիտ մոտեցմամբ։ Կարեւոր է, որ գնահատման եւ վերահսկման համակարգերը լինեն անաչառ եւ հաշվի առնեն ոչ միայն քանակական տվյալներ, այլ նաեւ՝ որակական, համատեքստային գործոններ։ Լավ կլիներ՝ հստակ նշվեին նաեւ մեխանիզմներ` ինչպես են բարձր կատարողականություն ունեցող դպրոցներն աջակցելու ցածր կատարողականություն ունեցող դպրոցներին, արդյոք նրանք կունենա՞ն բավարար ռեսուրսներ` բարձրացնելու մյուս դպրոցների կատարողականը»։

Մասնագետներից մեկը  կրթու­թյան համակարգի որակի բարելավման ուղղությամբ կարգը, ընդհանուր առմամբ, կարեւոր քայլ էր դիտարկել` մատնանշելով գնահատման արդարությունը. «Կատարողականի գնահատման չափանիշները պետք է լինեն թափանցիկ, արդար եւ համապարփակ` հաշվի առնելով ոչ միայն ակադեմիական արդյունքները, այլեւ սոցիալ-հոգեբանական միջավայրը, ներառականությունը եւ աշակերտների ընդհանուր զարգացումը։ Ցածր կատարողականի դեպքում ֆինանսավորումը պետք է ուղղվի հստակ վերականգնողական ծրագրերով եւ կարողությունների զարգացման գործողություններով, այլ ոչ թե մնա միայն ֆինանսական օժանդակության մակարդակում»։

Մասնագետներից մեկն էլ առաջարկել էր չսահմանել հաստատությունների առավելագույն թիվ եւ վերանայել սույն կետը. «Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվն առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Առաջարկում եմ, բացի բարձր եւ ցածր կատարողականության չափանիշներից, ներդնել նաեւ միջին կատարողականության չափանիշ, որի բարելավման եւ համապատասխան ֆինանսական աջակցություն ստանալու շնորհիվ հաստատությունը կձգտի հասնել բարձր կատարողականության։ Իհարկե, դա պետք է արվի համապատասխան մոնիթորինգի միջոցով»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image