ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՐԿԱԶՄԻ ՇԱՐՔԻՑ
Գաղտանզերծվել է «հույժ գաղտնի» փաստաթուղթ, որը վերաբերում է «Քաղաքացիական պոռթկում» (այսուհետ՝ ՔՊ) սատելիտային իրավահարաբերությանը և փոխադարձ իրարամերժ պարտավորությունների կատարմանը:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՂԱԶԱԳԻՐ N ՔՊ-01/25
Ք. Էրիվան
Ժամկետը՝ ցմահ, փաստաթղթի կարգավիճակը՝ հույժ գաղտնի, բայց բոլորին հասանելի:
«Քաղաքացիական պոռթկում» կուսակցությունը ի դեմս թավշյա իշխանափոխության Գերագույն գլխավոր հրամանատար, ինքնահռչակ կրոնապետ-փրկիչ, համատեղությամբ «Չորրորդ հանրապետության» (ՉՀ) վարչապետ ՆՓ-ի, ով գործում է ՉՀ «սրբազան» կանոնադրության և Իրական Հայաստանի գաղափարախոսության սկզբունքների հիման վրա՝ Պատվիրատու, մի կողմից, և Խաղաղության բանակի քաջարի ասպետ, սատելիտ (արբանյակ), համակցմամբ բազմամանդատային երեսփոխան և սենեկապետ Վ.Ա.-ի, այսուհետ՝ Կատարածու, ով գործում է անձնական հավատարմության արքունական կոդեքսի և վասալային կախվածության sms-ային հրովարտակի (հրահանգաթերթիկի) թավշյա երկաթե տրամաբանությամբ, մյուս կողմից, միասին անվանվելով «Կատարածուներ»՝ ղեկավարվելով ՉՀ օրենսդրությամբ, կնքեցին վճարովի ծառայությունների մասին սույն ղազագիրը, հետևալի մասին:
1. Կատարածուն դատապարտված է ղազագրի շրջանակներում մատուցել հետևյալ ծառայությունները հրատապ կարգով, աներկբա և խոնարհաբար՝ պահպանելով ժամային գրաֆիկը և պատշաճ արարողակարգն ու ծիսակարգը.
1.1 Առավոտյան Պատվիրատուի ՖԲ պաշտոնական էջում սանիտարահիգենիկ աշխատանքներ` հայհոյանքների ոչնչացում, դրական արձագանքների ձոնում և անձնական մեկնաբանությունների ներքո «հավանում, սրտիկ, զարմանք, սուպեր» էմոջիներով արձագանքում՝ ինքնաշեն կեղծ էջերի՝ «SERJANT 5XLL-VAHAG», «Pig@Rose» և այլնի միջոցով:
1.2 Համառոտ աղոթք՝ ուղղված տիրոջ որպիսությանը և երկարակեցությանը, պարգևավճարային տրամադրության բարձրացմանը և զավեշտալի sms-ների՝ չարի, խափանմանը:
1.3 Գերակտիվ մասնակցություն հեծանվազբոսանքին առանց հեծանիվի, սելֆիի փայտի պտտում 180 աստիճանի անկյան տակ Պատվիրատուի դիմացից՝ մարաթոնյան վազքով և հյուսիսկորեական պահնորդների ատլետիկ ոճով՝ պահպանելով հունահռոմեկան ըմբշամարտիկին բնորոշ կուռ կեցվածք՝ փաթեթավորված քաղաքավարության ճապոնական ժպիտներով և գլխիկոր ժեստերով:
1.4 Աստեղային ժամ և սխրագործություն ՖԲ-ում, հիբրիդային դաժան պատերազմների մղում, ամբարտավանության և հերոսապատման ինքնաժայթքումներ և անձնական թույլ ինքնամեծարման ինտիմ և բոցաշունչ բեմադրություններ՝ Պատվիրատուի ստվերի սահմաններում:
1.5 «Հայաքվե» դիտորդական առաքելության դեմ Աժ-ում հակադեմոկրատական և թիրախավորված պայքար՝ որպես կապիտուլյացիոն ուժի ինքնահսատատման և եվրամիության 15 միլիոնանոց դրամաշնորհի իրագործման նախաբան՝ նյումոլդովական սցենարի համատեքստում:
1.6 Ըստ անհրաժեշտության մասնակցել «Նիկոլասի վերջին օրերի սրբերի եկեղեցի» աղանդի կողմից կազմակերպված հոգեպես «մահացու և անսուրբ» պատարագներին՝ աշխարհիկ տիրադավների ուղեկցությամբ, կրոնապետի գերագահությամբ և նվիրապետությամբ, որպես ինքնաշեն դպիր կամ սարկավագ, խոռային բաղաձայն սոխակ՝ ապահովելով շրջիկ թափառախբի դոկորատիվ գունային գամման և բուտաֆորիալ ներդաշնակությունը:
1.7 ՆՓ-ի նորաստեղծ բրեմենյան երիտասարդաց երաժշտախմբում ստանձնել կրտսեր թմբուկահարի դերը, իսկ նկարչական խմբակում սովորել նկարել Արագած լեռը:
2. Պատվիրատուն պարտավորվում է կամ չի պարտավորվում, որոշում է կատարել կամ չկատարել իր պարտավորությունները՝ առաջնորդվելով անձնական հայեցողության, փոփոխվող-անկումնային և փրփրազդու տրամադրության, կամակորության և պատին ծեփելու ու ասֆալտին փռելու ավանդական սովորույթներով, ՔՊ-ական էթիկայի կանոնադրության ժամանակավոր և պատեհապաշտ սկզբունքներին հավատարիմ՝ անտաշ և սին բառամթերքով.
2.1 Վճարել, պարգևավճարել, անհիմն շնորհել Հայրենիքի պաշտպանության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և այլ աստիճանի մեդալներ, պարտավորագրեր, անձնական դիմագծերը արտացոլող հուշամեդալներ և սելֆիի լուսանկարներ, գործազրկության անվճար sms-ներ:
Պատվիրատու Կատարածու
«Կրոնապետ-փրկիչ» «Հավերժ հավատարիմ»
Ն.Փ. Վ.Ա.
Ղազագիրը կազմվել է «Ապոկալիպսիս 2018» փաստաբանական գրասենյակի կողմից հանուն Չորրորդ հանրապետության ֆեոդալական բարքերի ծաղկման և կեղծ միապետի սրբադասման:
Արեգ Սավգուլյան