Քաղաքականություն

«Հրապարակ»․ Իր կարմիր շորը Փաշինյանը հաճախ է հանել Ալիեւի առաջ

«Հրապարակ»․ Իր կարմիր շորը Փաշինյանը հաճախ է հանել Ալիեւի առաջ

Փետրվարի 1-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին, որը նկարահանվել էր ավելի վաղ, մոնտաժվել ու հետո միայն հեռարձակվել, թեեւ հեռարձակման ժամանակ գնում էր «ուղիղ եթեր» խորագրի ներքո։ Փաշինյանն այդ հարցազրույցի ընթացքում փաստացի խոստովանեց, որ Սահմանադրության փոփոխության նպատակը Հայաստանի Հանրապետությունից հրաժարումն ու մի նոր` «4-րդ հանրապետության» ստեղծումն է։ Փաշինյանը չթաքցրեց նաեւ, որ այդ փոփոխությունները պարտադրված են Ադրբեջանի կողմից։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանին հարցրինք, թե ինչ տպավորություն ունի Փաշինյանի հարցազրույցից եւ նրա արած հայտարարություններից։

«Այդ հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են, որ այդ մարդը պետություն ղեկավարելու հետ որեւէ կապ չունի, այդ մարդը լրագրող է, այն էլ՝ ոչ շատ լավ լրագրող, եթե այդպիսի հայտարարություններ է անում, այդպիսի լեզու է օգտագործում, ապա այդ մարդը պետություն ղեկավարելու հետ որեւէ ընդհանուր բան չունի։ Այդ մարդու վերջին հինգուկես տարվա բոլոր ասածները սուտ դուրս եկան, բոլոր լոզունգները «խաղաղության դարաշրջանից» դեպի «ապագա կա», «Արցախը հանձնենք, լավ ապրենք» եւ այլն, այդ բոլորը, ինչ նրանք ասացին, դուրս եկավ սուտ։ Այս մարդը ո՛չ բանակցել գիտի, ո՛չ պետություն կառավարել գիտի, նա, բանակցությունների ժամանակ զիջելով Արցախը, անգամ գլխի չընկավ, որ այդ ժամանակ պետք է ստանար երաշխիք, որ որեւէ հարց էլ չի լինի, Հայաստանին ուղղված որեւէ պրետենզիաներ չեն լինի, դա էլ չկարողացավ անել։ Մենք գնում ենք դեպի պետականության կորուստ, բացարձակ պետականության կորուստ․ եթե մենք ենթարկվում ենք Ադրբեջանին, փոխում ենք մեր սահմանադրությունը, նշանակում է՝ մենք պետություն չունենք, եւ հետո մենք փոխելու ենք մեր զինանշանը, դա էլ նշանակում է, որ մենք դառնում ենք Ադրբեջանից կախված պրոտեկտորատ, եւ Ադրբեջանը չի հագենա դրանով, որովհետեւ Ալիեւի նպատակը հայ ժողովրդի վերացումն է այստեղ»,- պատասխանեց Խաչիկյանը։

Այն, որ սահմանադրական փոփոխությունները պարտադրված են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, Փաշինյանն ուղիղ չասաց, այլ տեղում մի առակ հորինեց, որպեսզի ավելի պատկերավոր ներկայացնի իրավիճակը։ Ըստ այդ առակի՝ ինքն ու Հանրային ռադիոյի լրագրողը ճանապարհով գնում են, ճանապարհի եզրերին ցլեր են կանգնած, իսկ իրենք ոտից գլուխ կարմիր հագուստով են: Ընդ որում` Փաշինյանը շեշտեց, որ կարմիր զգեստն իր տատիկն է հյուսել, եւ որքան էլ որ դա իր համար թանկ է, պետք է հրաժարվի կարմիր զգեստից: Փաշինյանը հավելեց, որ կարմիր զգեստով ճանապարհն անցնելու դեպքում երաշխավորված է, որ չեն անցնելու` ցուլը հարվածելու է, բայց եթե զգեստափոխվեն ու այդ միջավայրին հարիր հագնվեն, կարող են անցնել, թեեւ դա էլ երաշխավորված չէ:

Խաչիկյանի խոսքով՝ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ այդ կարմիր շորը հանել է Ալիեւի առաջ․ «Այդ կարմիր շորը նա հանեց, երբ գնաց Պրահա եւ զիջեց Ղարաբաղը, եւ ի՞նչ, դա մեզ բերե՞ց խաղաղություն։ Այդ կարմիր շորը նա անընդհատ է հանում Ալիեւի դեմ, ամեն ինչ էլ հանում է, եւ ի՞նչ, Ալիեւը կանգնո՞ւմ է․ ոչ, նա չի կանգնում, նա գնում է հաջորդ քայլին։ Ալիեւը չի կանգնելու, որովհետեւ իր նպատակը ոչնչացնելն է։ Զիջումներ անելով մենք խաղաղություն չստացանք, եւ այսօր իր այդ խայտառակ խմբի անդամներից մեկն ընդունեց, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, մենք սա ասում էինք առնվազն վերջին 3 տարիներին։ Նրանք մեզ վերաբերվում են որպես պարտված ֆաշիստական պետությանը, ինչպես Գերմանիան կամ Ճապոնիան, նրանք չեն կանգնելու»։

Ինչո՞ւ է Փաշինյանը, իր բառերով ասած, «դուխ» անում՝ հայ ժողովրդի կյանքում նման ճակատագրական որոշումներ կայացնել, մի ողջ ազգի տանել կործանման ճանապարհով, չէ՞ որ կարող է հրաժարական տալ ու հեռանալ, եթե ակնհայտորեն չգիտի, թե ինչ պետք է անի։ «Առաջինը՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ նա ինչ-որ հոգեբանական երեւույթներ չունի, այլ, ինչպես իմ գործընկերներից մեկն ասաց, նարցիսիզմի նշաններ ունի, նա կոմպետենտ չէ։ Երկրորդը․ նա մտածում է, թե ինչ է լինելու այն բանից հետո, երբ հեռանա իշխանությունից, նա հարցերի շատ երկար ցուցակ ունի, որոնց պետք է պատասխանի։ Երրորդը․ իր հետեւում հզոր ուժեր են կանգնած, որոնք սպասավորում են այս խումբը, եւ որոնց նպատակն է Հայաստանի վերացումը եւ Ռուսաստանի դուրս գալը Կովկասից»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image