«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:
- Իշխանությունը մեկ շաբաթ առաջ Եվրոպայում` ԵՄ-ից օգնություն էր խնդրում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից տարածվող կեղծիքի, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի հարցում, եւ դրա դիմաց գումարների խոստում ստացավ: ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ օգնելու են Հայաստանին, որ դիմակայի ռուսական միջամտություններին, եւ Մոլդովայի սցենարն են կիրառելու, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի: Իսկ այս օրերին Փաշինյանը մեկնել է Մոսկվա, երջանիկ դեմքով լուսանկարներ` Պուտինի հետ, շնորհակալություններ: Հասարակությունը դադարում է հասկանալ այս ծայրահեղ ու հակասական պահվածքը, տպավորություն է, թե Փաշինյանը տառապում է անձի երկվությամբ եւ չի հիշում, թե ինչ էր ասում եւ անում ընդամենը մի քանի օր առաջ: Ի վերջո` ի՞նչ է նշանակում այս ամենը:
- Պետք է ավելի շատ պրոցեսների բովանդակությանը նայենք, այլ ոչ թե ձեւին: Ֆորմալ իմաստով որպես պրոցես անտրամաբանական չէր լինի, եթե Հայաստանի վարչապետը տարբեր երկրներ գնար եւ փոխլրացնող քաղաքականություն վարեր: Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բովանդակությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Սկսենք ԵՄ-ից: ԵՄ-ի ներկայացուցիչները փաստացի պնդում են, որ Փաշինյանն իրենց խնդրել է օգնել, աջակցել, որովհետեւ Հայաստանի դեմ իբրեւ կարող է հիբրիդային պատերազմ սկսվել Ռուսաստանի Դաշնության կողմից, եւ Արեւմուտքը պետք է այս հարցում աջակցի Հայաստանին: Փաշինյանը բավականին լուրջ ռեսուրսներ ունի, նա բնավ ֆինանսական օգնության կարիք չուներ, այստեղ հարց կառաջանա, իսկ ինչո՞ւ գնաց այդ քայլին, որովհետեւ ԵՄ-ն հրապարակավ հայտարարել էր, որ Փաշինյանին աջակցում է որպես Ռուսաստանի դեմ աշխատող գործչի: Փաշինյանի համար կարեւոր էր զուտ, որ նա ստանա նման աջակցություն, եւ նա ստացավ: Սա շատ կարեւոր է իր համար, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ, հասարակության այն շերտին, որը ԵՄ-ով հիացած է, սրտատրոփ սպասում է վիզաների ազատականացմանը եւ այլն, այդ զանգվածից ստանա քվեներ: Նա նաեւ ակնկալում է աջակցություն Թուրքիայից եւ Ադրբեջանից: Ինչպես պետք է լինի այդ աջակցությունը: Այդ երկրները պետք է հայտարարեն, որ դրական են վերաբերվում Հայաստանին, որ պատրաստ են հայերի հետ առեւտուր անել, բենզին բերել եւ այլն: Թուրքիան էլ կհայտարարի, որ սահմաններն է բացելու եւ այլն: Եթե այս բոլոր հայտարարությունները հնչեն, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի հասարակության վախեցած զանգվածին հավատացնել, որ խաղաղության դարաշրջանը եկել է: Այդ ամենի հաշվին նա կստանա քվեներ: Այսինքն` Փաշինյանն իր բոլոր քայլերը` Եկեղեցու դեմ արշավից մինչեւ Թրամփի երթուղի, պայմանավորում է նախընտրական քարոզարշավով: Ինչու, որովհետեւ այդ մարդը գիտի, որ յոթ տարի շարունակ խայտառակ քաղաքականություն է վարել եւ երկիրը հիմնահատակ ավերել է, ուստի նա ունի անասնական վախ, որ կարող է կորցնել իշխանությունը: Տեսնելով, թե հարեւան Վրաստանում ինչ է կատարվում Սահակաշվիլու հետ, նա վախենում է, որ նույն բանը կարող է իր հետ պատահել: Ուստի ամեն ինչ անում է, որ 2026-ի ընտրություններով պահի իշխանությունը: Այն իր համար գոյաբանական խնդիր է: Այս ընտրությունը զուտ քաղաքական ընտրություն չէ նրա համար: Նա ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր կողմերի հետ հարաբերությունները կարգավորի: Ինչ մնում է Ռուսաստան կատարած այցին, ապա ավանդաբար դեկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինն այսպիսի այցեր է կազմակերպում ԱՊՀ երկրների համար: Նախորդ տարի Փաշինյանը չգնաց, որովհետեւ Ալիեւը չէր գնացել, քանի որ ադրբեջանական ինքնաթիռ էր խոցվել: Փաշինյանի կյանքի նպատակն էլ Ալիեւն է, հատկապես՝ հիմա, որ կարողանա վերարտադրվել: Քծնանքի հուշ-երեկոներ է կազմակերպում նրա համար: Շնորհակալություն է հայտնում, ամեն բան անում է, որպեսզի նախքան ընտրությունները կնքվի այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, եւ ինքն ընտրություններին հաջողության հասնի: Նա մարդկանց ապացուցելու խնդիր ունի, որ ինքը խաղաղություն բերող է:
- Կարծիքներ կան, որ ԵՄ-ից օգնություն խնդրելով՝ Փաշինյանը պատրաստվում է ընտրություններին կիրառել Մոլդովայի օրինակը:
- Փորձելու են կրկնել Մոլդովայի օրինակը, սակայն դա իրենց մոտ չի ստացվելու: Մոլդովայում Սանդուն պարտվեց, սակայն կարողացան հաղթանակ կորզել մոլդովական սփյուռքի կողմից: Օրենքներն այնպես փոխեցին, որ դրսում ապրող մոլդովացիները կարողանան մասնակցել ընտրություններին: Հասկանալի պատճառներով, դրսի դեսպանատներում չես կարող ընտրությունները պատշաճ վերահսկել, հասկանալի պատճառներով, ԵՄ երկրներում աշխատող կառույցները կողմ են, որ նման իշխանությունները վերարտադրվեն, թեպետ կան փաստեր, որ իրականում Մոլդովայի պարագայում մարդիկ դրսում այնքան էլ ակտիվ չէին: Իտալիայի տեղամասերում դատարկություն էր: Բայց, օրինակ, Մոսկվայում կար ընդամենը երկու ընտրատեղամաս, եւ մարդիկ անգամ չէին կարողանում ընտրություններին նորմալ մասնակցել: Հայաստանում, սակայն, այն չի ստացվելու: Իրավիճակները տարբեր են: ԵՄ-ն դարձել է ԽՍՀՄ-ի պես մի կառույց: Թեպետ ձեւով տարբերվում են, սակայն բովանդակությամբ շատ նման են: ԽՍՀՄ-ն էլ փորձում էր փաթաթել իր կարծիքն այլոց վրա, ներխուժում էր Չեխիա, Լեհաստան եւ այլն եւ թույլ չէր տալիս, որ այդ ժողովուրդներն ինքնորոշվեն: Այժմ նույն բանն անում է ԵՄ-ն, սակայն՝ փափուկ ձեւով: Չկա ԽՍՀՄ-ը, տեղը բուսնել է ԵՄ-ն: Ի դեպ, ԵՄ-ի կենտրոնական կառույցները ոչ մեկի կողմից չեն ընտրվում: Նշանակովի կառույցներ են: Փաստացի, նրանք անգամ իրենց ժողովուրդների առաջ պատասխանատվություն չեն կրում: