Քաղաքականություն

Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները լռվել, մնացել են 1992-2014 թթ. -ի արանքում

Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները լռվել, մնացել են 1992-2014 թթ. -ի արանքում

«Աշխարհում շարունակվում է մոլորակային մասշտաբով վերափոխումների գործընթացը` միջազգային հակակշիռների և աշխարհագրական սահմանների ողջ աշխարհաքաղաքական համակարգի տոտալ վերաձևավորման կոնտեքստում: Մենք իրականում գտնվում ենք նոր քաղաքական իրականության ձևավորման փուլում, որը ուզած-չուզած, անշուշտ, հարվածելու է բոլոր երկրներին առանց բացառության (իսկ դա արդեն ամբողջ ուժով հարվածում է Հայաստանին)։ Մոտավորապես նման բան մենք նկատեցինք 20-րդ դարի քառասուն-հիսունականների կեսերին, երբ ձևավորվեցին ուժի երեք համաշխարհային կենտրոններ՝ արևմտյանն իր արբանյակներով, խորհրդայինը (արևելյան) իր արբանյակներով և երրորդ աշխարհի երկրները՝ արևելքից արևմուտք մշտական մանևրով։ Այնուամենայնիվ, իրավիճակն աշխարհում այժմ առավել քան յուրահատուկ է և անկրկնելի, քանի որ այդ փոփոխությունների ծավալները ազդում են մոլորակային մասշտաբով հարյուրավոր անգամ ավելի ուժեղ։ Կարելի է փաստել, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այսօր մենք տեսանք նեոգլոբալիզմի ամենաուժեղ «թուլությունը», երբ օրինակ Ուկրաինայում տիրող իրավիճակը (ավելի ճիշտ՝ գլոբալ առճակատումը Արեւելքի և Արևմուտքի միջև) հարյուր միլիոնավոր մարդիկանց դրեց սովամահության շեմին: Եվ սա միայն օրինակներից մեկն է»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

Աբովյանի խոսքով մոլորակը վերադառնում է կոշտ մրցակցող ազգային պետությունների դարաշրջան, որոնք միայն կնպաստեն իրենց ներքին շահերին՝ ի վնաս տարբեր ՄԱԿ-երի, ԵԱՀԿ-երի, ԵՄ-երի և այլն: Իհարկե, այն միջազգային կազմավորումները, որոնք բաղկացած կլինեն կառավարման կոշտ ռազմատնտեսական մոդել ունեցող երկրներից, կմնան ջրի երեսին, իսկ դասական, այսպես կոչված, «ժողովրդավարական» երկրներն ու ինստիտուտները պարզապես կդադարեն գոյություն ունենալ, որպես  «ժողովրդական փարոսներ», վերադառնալով ազգային և ներպետական պահպանողական կառավարման մոդելների։ 

Վերջինս ընդգծում է նաև, որ հասարակության զարգացման դեմոկրատական-ազատական ​​գաղափարի փլուզումն արդեն տեղի է ունեցել՝ ցույց տալով և ապացուցելով, որ նույն ազատական ​​կամ դեմոկրատական ​​այսպես կոչված «արժեքները» իրենց ազգային շահերն իբր առավել «ժողովրդավարականների» համար ընդամենը առաջակալ են։ 

«Որպես օրինակ կարող ենք բերել Շվեդիան կամ Ֆինլանդիան, որոնք համաձայնության գնացին տոտալիտար Թուրքիայի հետ (ՆԱՏՕ-ին անդամակցելու քեյսի շրջանակներում) և սեփական պետական շահերը պաշտպանելու համար բառացիորեն ոտնահարեցին սեփական սկզբունքները՝ համաձայնվելով «թուրքական ռեժիմի» քուրդ հակառակորդներին հանձնել նույն թուրքերին` փաստացի հանձնեցին ոչնչացման։ Կամ մեկ այլ օրինակ՝ այսպես կոչված «ազատական ​​աշխարհը», հանուն նավթագազային շահերի, անտարբերությամբ էր նայում հայության դեմ 2020թ. սանձազերծված ահաբեկչական պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից Արցախի հայ բնակչության ոչնչացմանը։ Վերադառնալով «նոր աշխարհակարգի» թեմային, պետք է հասկանալ և ընդունել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր փորձերը՝ գոհացնել բոլորին (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, Թուրքիա, Իրան, Ադրբեջան և այլն) և այս հիմքի վրա կառուցել «խաղաղության դարաշրջան», արտաքին դիտորդի մոտ տարակուսանք կարող է առաջացնել, քանի որ այն իրավիճակում, երբ համաշխարհային և տարածաշրջանային հարաբերություններում առաջին պլան է մղվում ուժի գործոնը և սպառնալիքներին և մարտահրավերներին կոշտ դիմակայելու պատրաստակամությունը` Հայաստանի իշխանությունների նման քաղաքականությունը միանշանակորեն կբերի տարածաշրջանում հայկական քաղաքական (այնուհետև՝ էթնիկ) տարրի ոչնչացմանը»-ասաց Աբովյանը։ 

Վերջինիս խոսքով Հայաստանի իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունները, թե «ժողովրդավարությունը» Հայաստանի «բրենդն» է հանդիսանում աշխարհաքաղաքական լուրջ խաղացողների շարքում միայն բուռն ծիծաղ ու մտորումներ են առաջացնում հայակական պետական ​​արտաքին և ներքին քաղաքականության թշվառության, Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ողջ էությունը սթափ գնահատելու և հասկանալու անկարողության շուրջ։ 

«Տպավորություն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը լռվել մնացել է ինչ-որ 1992-2014 թթ֊երի «արանքում» և պարզապես հրաժարվում է ընդունել իրականությունը։ Բոլոր երազանքներն ու «Ապագա Կա»-ի (ապագան... բնականաբար Հայաստանի նեոգլոբալիստական ​​իշխանությունների մեկնաբանությամբ) կամ «խաղաղության դարաշրջանի» (խաղաղության դիմաց Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելը) մասին սուտը ստեղծվում են հասարակության գիտակցության մեջ միայն սեփական իշխանությունները պահպանելու համար և, ցավոք, միանշանակ կհանգեցնեն ռազմական և տնտեսական ռիսկերի արագացմանը նույն «հպարտ քաղաքացիների» համար, որոնց Հայաստանի ներկայիս իշխանությունը պատերազմով վախեցնելով տանում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Այնպես եղավ, որ մենք կրկին կանգնած ենք առանցքային ընտրության առաջ՝ կա՛մ հավատալ ստերին ու մանիպուլյացիաներին և համաձայնվել Հայաստանում թուրք-ադրբեջանական տնտեսական և ռազմական գործոնի գերակայությանը (որն անխուսափելիորեն մեզ տանելու է դեպի կործանում), կա՛մ մեզանից յուրաքանչյուրը արմատապես վերանայի իր իսկ վերաբերմունքը տեղի ունեցող գործընթացներին և խոսքով ու գործով վճռական «Ո՛Չ» ասի Հայաստանի և Արցախի ֆիզիկական և քաղաքական «ապամոնտաժման» գործընթացներին»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image