«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սեմյոն Բաբայանը 2024 թ. hուլիսի 3-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, փոխնախարար Արաքսիա Սվաջյանի, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի, որով խնդրել է պահանջել դասագրքերը «հետ կանչել» կամ պարտավորեցնել այդ դասագրքերով այլևս դասեր չանցկացնել նոր ուսումնական տարում, ճանաչելով դրանք որպես խոտան՝ համապատասխան փորձաքննության ներգրավումով, որպես գործողության կատարման հայց: 2024թ․ սեպտեմբերի 20-ին վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը որոշել է Սեմյոն Բաբայանի հայցադիմումն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության՝ հանրակրթական դպրոցների «Մայրենի լեզու» առարկայի 2-րդ, 5-րդ և «Պատմություն» առարկայի 7-րդ դասարանների դասագրքերը շրջանառությունից հետ կանչելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
Այդ վարչական գործով կայացել են նախնական դատական նիստեր։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին վարչական դատարանում սույն գործով նիստ էր նշանակված։ Այն կայացավ ոչ թե դատական դահլիճում, այլ, կարելի է ասել՝ դատական խցում, որովհետև այն հազիվ տեղավորեց դատավարության մոտ 10 մասնակցի։ Ներկա գտնվել ցանկացողների մի մասը մնաց դատարանի միջանցքում։ Լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու իմ ցանկությանը ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Էդվարդ Մուրադյանը առարկեց՝ իրեն լուսանկարելու և տեսանկարահանելու առումով։ Եւ գործով դատավարությունը մտավ դատաքննության փուլ։
Հայցվոր Ս․ Բաբայանը հայտնեց, որ ինքը հանդես է գալիս ոչ միայն որպես իրավապաշտպան, 30 տարվա մանկավարժ, դպրոցում սովորող աշակերտի հայր. այլ նաև 2-րդ 5-րդ, 7-րդ դասարանցի 120 հազար աշակերտների ոտնահարված իրավունքների պաշտպան։ Բաբայանը հայտարարեց, որ դպրոցական նշված դասագրքերը փորձաքննության ենթարկվել են ոչ այդ ոլորտի փորձագետների կողմից եւ հայատարարեց, որ այդ դասագրքերում առկա է Ադրբեջանի դրոշը, Հայաստանի նսեմացման քարոզ, ցեղասպանվելու ետնամիտք, մեսիջ։ Դատավոր Կ․ Զարիկյանը հայցվոր Ս․ Բաբայանից ճշտեց, թե հայցի առարկայի մեջ մտնո՞ւմ է նշված դասագրքերը շրջանառության մեջ մտցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի հրամանը, թե՞ միայն այդ գրքերը շրջանառությունից հանելու պահանջն է, քանզի դատաքննությունը կատարվելու է եւ վճիռ կայացվելու է հայցի առարկայի հենքի վրա։ Դատավորը հայտնեց, որ հայցվորը թեև բաց է թողել հայցի առարկան փոխելու համար թույլատրելի ժամկետը, սակայն կարող է դատարան միջնորդություն ներկայացնել՝ հայցի առարկան փոփոխելու սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ, դատարանը կքննի այդ միջնորդությունը՝ բավարարելով կամ չբավարարելով այն։
Հայցվոր Ս․ Բաբայանը հայտնեց, որ իր շահերի ներկայացուցիչ, փաստաբան աղջիկը սրտի վիրահատության է ենթարկվել, սպասում է ևս մեկ նման վիրահատության, ինքը որպես իր շահերի ներկայացուցիչ ներգրավելու է այլ փաստաբանի, ով ներկա էր այսօրվա դատաքննությանը։ Եւ հայցվորը դատարանից 15-20 օր ժամանակ խնդրեց հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ նոր փաստաբանի հետ խորհրդակցելու, հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Դատավոր Զարիկյանը դատաքննությունն անորոշ ժամանակով ընդմիջեց։