Հասարակություն

Եթե հայտարարվի բռնապետությունների օլիմպիադա, Հայաստանը կզբաղեցնի առաջին տեղը

Եթե հայտարարվի բռնապետությունների օլիմպիադա, Հայաստանը կզբաղեցնի առաջին տեղը

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլեւս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Հիշեցնենք, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը ներմուծվեց մեկ տարի առաջ՝ Քրօր․ այդ հոդվածն ուժի մեջ մտավ 2021 թվականի օգոստոսի 30-ին եւ իբրեւ թե հայհոյանքն ու վիրավորանքը սահմանափակելու նպատակ էր հետապնդում: Եվ հոդվածի գործածության մեկ տարին էլ չլրացած՝ այն հանվում է գործածությունից։ Մենք գրել ենք, որ ծանր վիրավորանքի համար հարուցված ավելի քան 800 քրեական գործ կա: Դրանց մեծ մասը հարուցված է Նիկոլ Փաշինյանին հայհոյելու եւ վիրավորելու առիթով։ Բոլորովին վերջերս ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի դեմ հարուցվեց քրեական գործ` Նիկոլ Փաշինյանին «պիդռ» անվանելու համար, սակայն Պետրոսյանը նշեց, որ հայերենում չկա նման բառ, դա իր հորինած հապավումն է, նշանակում է` «պատեհապաշտ իսլամասեր, դառնարյուն ռեւոլյուցիոներ»:

Գեւորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած ինքը որեւէ մեկին չի վիրավորել, եւ հարուցված գործն ակնհայտ քաղաքական հետապնդում է, սակայն, ըստ նոր Քրեական օրենսգրքի, թե՛ իր դեմ հարուցված գործը, թե՛ նույնաբնույթ բոլոր գործերը պետք է կարճվեն: «Ես չեմ հենվում նրա վրա, թե այդ գործը պետք է կարճվի: Իմ փաստարկներն այլ են, ես նման հանցակազմով արարք չեմ գործել, անկախ նրանից, թե ինչ Քրեական օրենսգիրք ուժի մեջ կմտնի, ես չեմ կատարել այն արարքը, որը նախատեսված է գործող Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով: Դեռեւս 2010 թվականին Եվրոպայի խորհրդի հետ բարիդրացիական հարաբերություններ ապահովելու նկատառումով, Քրեական օրենսգրքի 131-րդ եւ 132-րդ հոդվածներն ապաքրեականացվեցին, սակայն վերջին շրջանում իշխանությունները, փորձելով լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, վիրավորական ընկալվող արտահայտությունների քրեականացման ճանապարհով գնացին: Ինչպես տեսնում ենք` այդ տարբերակը չաշխատեց: Ես իմ արարքում հանցակազմ չեմ տեսնում:

Քաղաքական այլախոհությանը ոչ հնարամիտ, ես կասեի՝ նման տգետ միջոցներով չի կարելի սպառնալ առհասարակ: Իրենք բերեցին, իրենք էլ չեղարկում են: Վիրավորանքը պետք է մնա բացառապես քաղաքացիական իրավունքի տիրույթում: Ցանկացած խոսք, ցանկացած արտահայտություն կարող է իրավապահ մարմինը որակել որպես վիրավորանք, իսկ դա նշանակում է բռնապետություն հաստատելու փորձ: Երբ դու մտածում ես՝ ինչպես քննադատել, որ քո դեմ գործ չհարուցվի, նշանակում է` ապրում ես բռնապետական կարգեր հաստատած երկրում: Ենթադրենք` մեկին ասում եմ անբարոյական, այդ բառը կարող է տարբեր տեսանկյուններից դիտարկվել: Անբարոյական ասում են թե՛ մարմնավաճառին, թե՛ ստախոսին: Կամ ասում ենք` հիմար, «հիմար» բառը եւս կարող է տարբեր բացատրություններ ունենալ: Քննադատությունը չի կարող լինել դրական: Քննադատության մեջ պետք է տեղ գտնեն բացասական բնույթի բառեր: Հիմա որ ամեն քննադատողի տանենք դատենք, մենք կհամարվե՞նք իրավական պետություն, կունենա՞նք դրա իրավունքը: Ես իմ ելույթներում, եթե նկատել եք, չեմ ասում «Հայաստանի Հանրապետություն», ասում եմ` «Հայաստանի բռնապետություն»: Այսօր Հայաստանում հաստատվել է դասական բռնապետություն, եթե հայտարարվի բռնապետությունների օլիմպիադա, Հայաստանը կզբաղեցնի առաջին տեղը»,- նշում է նախկին պատգամավորը:

Նրա պնդմամբ` նմանօրինակ բոլոր գործերն անխտիր, նոր Քրեական օրենսգրքի համաձայն, պետք է անհապաղ կարճվեն: «Նման հանցավոր արարքները բացառող Քրեական օրենսգիրք է սա, ոչ թե մեղմացվելու են նման հանցանքները, այլ գործերը կարճվելու են՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածը»,- խոսքը եզրափակեց Գեւորգ Պետրոսյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image