Հասարակություն

Երկու Հայաստան

Երկու Հայաստան

Գյումրու ու Փարաքարի ընտրությունները եւ էլի շատ ուրիշ ցուցիչներ խոսում են այն մասին, որ Հայաստանն այսօր երկփեղկված է` կա վիրտուալ, սոցցանցային, հորինված Հայաստան եւ կա մի Հայաստան, որտեղ բոլորովին այլ տրամադրություններ ու իրավիճակ է տիրում, որտեղ շիտակ հարաբերություններ են եւ իրական կյանք: Վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանում ճղճիմ ու փոքրոգի քննարկումներ են, գզվռտոց, շոուներ, փիառ, ատելության խոսք, հային հայի դեմ հանելու, մի կտոր հացի համար իրար կոկորդ կրծելու մթնոլորտ:

Իսկ իրական Հայաստանում (չշփոթել Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հետ) առողջ ու ստեղծարար մթնոլորտ է` միմյանց նկատմամբ հարգանքի, արցախցիների հանդեպ սիրո, հայրենիքի հանդեպ նվիրումի, թշնամու հանդեպ անհաշտության մթնոլորտ: Այս Հայաստանն ուզում է օր առաջ երկրում իշխանություն փոխել, հասկանում է, թե որտեղից են գալիս մեր պետության դեմ ուղղված վտանգները: Այս Հայաստանում չեն սիրում կեղծիքն ու երեսպաշտությունը, չարությունն ու ինտրիգները: Այս Հայաստանում գիտակցում են, որ մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, եւ մեզ դաշնակիցներ են պետք, իսկ դարավոր թշնամին չի կարող անկեղծ դաշնակից լինել, հրաժարվել իր վաղեմի` Հայաստանը ոչնչացնելու երազանքներից:

Պարզ, աշխատող, արարող մարդիկ են այս Հայաստանում, որոնք եթե անգամ մտնում են Ֆեյսբուք, համացանցային այդ պղտոր ու հակամարդկային իրարանցումը լուրջ չեն ընդունում: Նրանք գիտեն, որ սոցցանցերում գրված սրտաճմլիկ ստատուսներով չի որոշվելու մեր երկրի ճակատագիրը, ոչ էլ սոցցանցային պատերազմներում ենք հաղթելու թշնամուն, եւ անգամ ներընդդիմադիր շրջանակների պայքարի ճակատագիրը սոցցանցում չի որոշվելու: Եվ իշխանություն մեր երկրում ձեւավորելու են իրական Հայաստանն ու իրական հայաստանցին:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image