Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի կալանավորումից հետո մի հարց է օդում կախված` անհրաժե՞շտ է արդյոք աջակցել արքեպիսկոպոսին, եւ եթե այո՝ ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Այստեղ չեմ անդրադառնա Աջապահյան արքեպիսկոպոսի հանդեպ սկսված իրավական գործընթացներին եւ որեւէ գնահատական չեմ տա դրանց։ Պարզապես ելակետ եմ համարում անմեղության կանխավարկածը՝ ցանկացած իրավական գործընթացի առնչությամբ, որն ամրագրված է եւ Հայաստանի օրենսդրությամբ եւ միջազգային օրենքներով։
Եվ, ուրեմն, մի քանի արձանագրում անենք.
• Միքայել Աջապահյանին ցանկացած մեկը, անկախ նրանից՝ նրա հետ շփում ունեցել է, թե ոչ, զուտ մարդկայնորեն պետք է աջակցի ու զորավիգ լինի` ելնելով նրանից, որ մարդը հիմա գտնվում է նեղության մեջ, ծանր փորձություն է հաղթահարում, հատկապես որ առողջական լուրջ խնդիրներ ունի։
• Նույնպես եւ Աջապահյանների ընտանիքին պետք է աջակցենք կամ զորակից-զորավիգ լինենք՝ զուտ մարդկայնորեն, որովհետեւ ծանր փորձության մեջ են։
• Որեւէ մեկս ապահովագրված չենք, որ վաղն ինչ-ինչ տհաճ վիճակների կամ փորձությունների մեջ չենք հայտնվի եւ ինքներս բարոյական կամ այլ բնույթի աջակցության կարիք չենք ունենա։ Հետեւաբար՝ նման իրավիճակներում պետք է առաջնորդվել համամարդկային եւ քրիստոնեական արժեքներով՝ պահպանելով նաեւ այն հայտնի սկզբունքը, թե ով անմեղ է, նա էլ առաջինը թող քարը վերցնի։
• Կան իրավիճակներ, երբ գաղափարական, քաղաքական, դավանական, նույնիսկ մարդկային տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն։ Կարեւորը մարդն է, ու եթե քրիստոնեական սկզբունքով ենք առաջնորդվում, ապա բոլորս պետք է հետեւենք «չդատելու» սկզբունքին։ Այստեղ տեղին է հիշեցնել հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի հայտնի խոսքը․ «Ո՞վ եմ ես, որ դատեմ»՝ հիմնված Աստվածաշնչի «Մի դատիր որ չդատվես, մի չափիր, որ չչափես, ինչ դատով դատես, նույնով դատվելու ես, ինչ չափով չափես, նույնով չափվելու ես» հորդորի վրա։
• Անձամբ ես այն կարծիքին եմ, որ սրբազանները չպետք է «թաթախվեին» այդ ամենի մեջ եւ չպետք է «քաղաքականությամբ զբաղվեին», որովհետեւ նրանց շատ ավելի մեծ առաքելություն է վերապահվել՝ քարոզել Ավետարանը, մարդկանց առաջնորդել դեպի Աստված, դեպի հավերժություն։ Ես չէ, որ պետք է ասեմ, սակայն քրիստոնեությունն այս աշխարհի մասին կրոն չէ, քրիստոնեական արժեքներն այս աշխարհը չեն համարում որպես կենտրոնական եւ վերջնական իրականություն։ Բայց եւ հարգանքով եմ մոտենում որեւէ մեկի կարծիքին ու դիրքորոշմանը։
• Վստահ եմ, որ Աստված զորավիգ կլինի արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ու Աջապահյաններին՝ այս դժվարին ժամանակահատվածում։ Վստահ եմ նաեւ, որ այս փորձությունը նա կհաղթահարի։ Թե ինչպես կամ ինչ ժամկետում՝ ցույց կտա ժամանակը, իսկ ապագան՝ մեր՝ հասարակ մահկանացուներիս իմանալիքը չէ, այլ՝ Ամենակալ Աստծու։
• Շատ կուզենայի, որ այն տհաճ մթնոլորտը, որ հիմա կա, վերանար։ Ոչ մեկին հաճելի չէ այս մթնոլորտը, անգամ՝ նրանց, ովքեր հավատացյալ չեն, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չեն, անգամ՝ նրանց, ովքեր մտահոգություններ ունեն Եկեղեցու եւ եկեղեցականների վարքուբարքի հետ կապված։ Սակայն կարեւոր է պահպանել այն գրված ու չգրված կանոններն ու ավանդույթները, որոնք հազարամյակների ընթացքում են ձեւավորվել, եւ որոնց շնորհիվ են պահպանվել հայն ու հայկականությունը։