Քաղաքականություն

Վեթինգի փոխարեն՝ լյուստրացիա

Վեթինգի փոխարեն՝ լյուստրացիա

Մինչ իրավաբանները գլուխ են կոտրում՝ հասկանալու, թե ինչպես պետք է անցկացնել վեթինգը, որպեսզի «թացն ու չորը» չխառնվեն իրար, այն ծառայի արդարության հաստատմանն ու հասարակական համերաշխությանը, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը պնդում է՝ պետք է իրականացվի լյուստրացիա, որոշել մարդու՝ գործակալ լինելը, որը կլինի ավելի արդյունավետ։

«Մեզ մոտ, որպես կանոն, կպչում են ֆինանսներին։ Իսկ դա շատ թույլ սահման է։ Շատ դժվար է ապացուցելը, թե այդ ֆինանսները որտեղից են հայտնվել, ծագումը, աղբյուրները, ձեւը։ Եվ դա վերածվում է դատաիրավական քաշքշուկի»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Անուշ Սեդրակյանը հիշեցնում է տարիներ շարունակ մամուլում, հասարակական-քաղաքական շրջանակներում թափառող այն գաղափարը, որ պաշտոն զբաղեցնող անձինք իրավունք չունեն ընգրկված լինելու որեւէ գործակալական ցանցում։ 
«Նրանք չպետք է ընդգրկված լինեն ռուսական ԿԳԲ-ի ցանցում։ Ավելի մեծ է հավանականությունը, որ մերոնք պետք է ընդգրկված լինեն ռուսական ԿԳԲ-ի ցանցում։ Երբ ասում են՝ ամերիկայն ՑՌՈւ-ն, ասում եմ՝ ամերիկյան ՑՌՈՒ-ի դարդը կտրվե՞լ է, որ գա այստեղ, մեկին վերբովկա անի։ Մենք ռուսական ԿԳԲ-ի տիրույթում ենք»,- ասաց նա։

Հակադարձեցինք, որ լյուստրացիա իրականացնելու դեպքում պետք է այն տարածվի հավասարապես բոլոր երկրների գործակալների վրա, ինչո՞ւ են խոսում միայն ռուսական ԿԳԲ-ից։ 

«Ամերիկյան գործակալները չունեն տոկոսային այն քանակը, որովհետեւ պատմականորեն տարիներ շարունակ հայ ժողովուրդը, այդ թվում նաեւ՝ հետխորհրդային տարածքի ժողովուրդները, եղել են ոչ միայն ԿԳԲ-ի ծառայողներ, այլեւ ԿԳԲ-ի ստուկաչներ։ Եվ այդ մարդիկ ցայսօր շարունակում են իրենց բացահայտ կամ քողարկված գործակալական գործունեությունը, իսկ այդ հարցը ոչ մեկը չի արծարծում։

Մենք արծարծում ենք եկամուտների հարցը, բայց մինչեւ չլուծվի այդ գործակալական ցանցի հարցը, որը պաշտպանում է այդ մարդկանց, այդ փողերը մնալու են օդում կախված։ Շատ դժվար է ապացուցելը, որ այդ փողերը անազնիվ են։ Ո՞ր մեխանիզմով են իրենք ապացուցելու, ո՞ր բանկն է տրամադրելու այդ տեղեկատվությունը։ Ինչ վերաբերում է լյուստրացիային, ապա դա կարելի է իրականացնել արխիվները գաղտնազերծելով եւ շատ հարցեր լուծելով։ Չե՞ն ուզում։ Ես հասկանում եմ, թե  ինչու չեն ուզում․ շատ մարդիկ են այդ ցանցում ներգրավված»,- նշեց Անուշ Սեդրակյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image