Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են Հայաստանի հարցը՝ հայտնել է ԱՊԱ գործակալությունը: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը լրագրողներին հայտնել է, որ քննարկումը այն բանի շուրջ է, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել Հայաստանին՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ: «Հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենան ընտրություններ։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այդ հարցում։ Հայաստանը դիմել է մեզ ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում օգնություն ստանալու համար»,- ասել է նա։ Իսկ ավելի վաղ պնդել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է ապատեղեկատվության արշավը՝ Հայաստանում 2026 -ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Թեմայի մասին զրուցել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:
- Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, ցանկանում է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում: Ռուսական ազդեցությունը չեզոքացնելու անվան տակ փորձում են կանխել ընդդիմադիր ուժերի հաղթանակը, սակայն մի կարեւոր հանգամանք, կարծես, հաշվի չեն առնում` հայերը մոլդովացիների եւ ռումինացիների պես հնազանդ ժողովուրդ չեն եւ թույլ չեն տա այդ աստիճան ոտնահարել իրենց իրավունքները: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ է նշանակում:
- Բայց արդյո՞ք Մոլդովայի հասարակությունը հնազանդ գտնվեց: Չեմ կարծում, որ այնտեղ տեղի ունեցածի մեղավորը հասարակությունն էր: Տեղի ունեցածն ապօրինություն էր, թեպետ, այո, չեղավ ընդվզում: Ըստ իս` Ձեր հարցադրումը ճիշտ է, Հայաստանում ամեն բան կախված է հասարակությունից, որեւէ մեկը չի ստիպելու մեր ժողովրդին գնալ այս կամ այն ուժին քվեարկելու: Բոլորն ազատ են եւ շատ հանգիստ կարող են քվեարկել այն ուժին, որին ցանկանում են: Այստեղ արտաքին միջամտությունները չեն կարող իրավիճակը փոխել, այլ հարց է, որ հասարակությունը գուցե դեռ թմբիրի մեջ է, գուցե կան շրջանակներ, որոնք վախեցած են ինչ-որ բանից, սակայն ես չեմ տեսնում, որ անհատների համար կա խոչընդոտ՝ գնալու ընտրատեղամաս, քվեարկելու այն թեկնածուի օգտին, որին ցանկանում են, լինի դա իշխանությունը, թե ընդդիմադիր ուժ: Ճիշտ կլինի, որ մարդիկ մեղքը չբարդեն ինչ-որ մեկի վրա եւ գնան ընտրություն կատարելու, ամեն մեկը՝ իր խղճի մտոք: Առաջնորդողներ շատ կան, պետք չէ մեղքը բարդել հանգամանքների վրա:
- Բայց եթե Մոլդովայի օրինակով արգելեն ընդդիմադիր կուսակցություններին՝ կոնկրետ քայլեր անել, առաջադրվել, ժողովուրդն ինչպե՞ս պետք է ընտրի․ սա է ողջ հարցը, թեպետ մեր ժողովուրդն ըմբոստ է:
- Ես չեմ տեսնում որեւէ արտաքին միջամտություն Ռուսաստանից: Խոսքը ՌԴ-ի մասին է, սակայն նույն Ռուսաստանը դեռ մի բան էլ շատ աջակցող քաղաքականություն է վարում Փաշինյանի իշխանության նկատմամբ: Մեղադրել Ռուսաստանին Հայաստանի վրա ազդեցություն ունենալու մեջ՝ մտացածին է եւ հիմք չունեցող: Ես վստահ եմ, որ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ այլ ուժի կողմից, 2026 թվականին ընդառաջ, միջամտություն չի լինելու:
- Ինչո՞ւ եք կարծում, որ այս իշխանությունը ձեռնտու է Ռուսաստանին:
- Դա այլ խնդիր է: Փաստացի ՌԴ-ն, ինչպես տեսնում եք, ոչ մի քայլ չի կատարում Հայաստանի դեմ, որը թշնամական կլիներ: Այսօր մեղադրել Ռուսաստանին ինչ-որ հարցում, տեղին չէ:
- Գուցե զբաղված է ուկրաինական հակամարտությամբ....
- Այս մի քանի տարին է, որ զբաղված է այդ հարցով: Գործող իշխանություններն արդեն ութ տարի է՝ իրենց տեղում են: Ես այդտեղ կապ չեմ տեսնում: Ի դեպ, ես դրական եմ համարում, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին, պետք չէ այլ տեղից միջամտություն ակնկալել եւ այդ հանգամանքով բացատրել սեփական անգործությունը կամ սեփական ձախողումները:
- Իսկ ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Եվրոպական Միությունից: Արդյո՞ք այս հայտարարությամբ իշխանություններն Արեւմուտքից աջակցություն չեն ակնկալում:
- Աջակցություն են ակնկալում, թող ակնկալեն: Չեմ կարծում, որ ԵՄ-ն կամ առանձին ինչ-որ մի եվրոպական երկիր լուրջ միջամտություններ է պատրաստվում անել Հայաստանում կամ, առհասարակ, ունի նման լծակ: Աջակցությունը կլինի այն, որ նույն ԵՄ-ն աչք փակի 2026-ի հնարավոր ընտրախախտումների վրա, եթե, իհարկե, լինեն դրանք: Բայց այլ ասպեկտում աջակցություն չեմ տեսնում: Ամեն դեպքում, այս հիմնական խնդիրները նորից ուզում եմ շեշտել, որ վերաբերում են առաջին հերթին մեր հասարակությանը: Մենք կատարում ենք ընտրություն եւ մեր ընտրության համար պետք է լինենք պատասխանատու, այլ ոչ թե շարունակ մեղքը բարդենք այլ երկրների վրա: Դա մեր հասարակության քաղաքականապես հասունության մասին է խոսում:
- Պնդում եք, որ ԵՄ-ն եւ եվրոպական երկրները Հայաստանի իշխանություններին առանձնապես չեն աջակցի: Ինչո՞ւ եք այդքան վստահ: Նրանց հետաքրքիր չէ՞ Հայաստանը` ի համեմատ Մոլդովայի:
- Նախ՝ այո, հետաքրքրությունն ավելի քիչ է, քան Մոլդովայում: Մոլդովան Եվրոպայի կենտրոնում է, իսկ մենք բավականին հեռու ենք Եվրոպայից: Ուժերի շահագրգռվածությունն այնքանով է, որքանով իրենց շահերն են բախվում: Հայաստանը ԵՄ-ի համար ամենակարեւոր երկիրը չէ:
- Կարեւոր չէ՞ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը ԵՄ-ի համար:
- Գուցեեւ կարեւոր է, բայց հիմնական խնդիրը մերն է: Հարեւան Վրաստանում էլ տասը տարի շարունակ ահավոր պրոեվրոպական իշխանություն էր, բայց վրաց ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, եւ այսօր Վրաստանի իշխանությունները պրոռուսական են, իսկ ԵՄ-ն ոչինչ չկարողացավ անել: Սա վառ ապացույցն է այն բանի, որ ամեն ինչ կախված է ժողովուրդներից: Մեղքը չպետք է բարդենք ուրիշների վրա:
- Նիկոլ Փաշինյանը փաստացի Արեւմուտքից օգնություն է աղերսում: Սա արդյոք չի՞ նշանակում, որ նա արդեն իսկ իր մոտալուտ պարտությունն ընդունել է, գիտակցում է, որ բավարար քանակությամբ ձայներ 2026-ի ընտրություններում չի ստանալու:
- Փաշինյանը փորձում է հաշվի առնել ռիսկերը եւ ապահովագրել իր վերարտադրությունը: Ցանկացած իշխանություն էլ ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը, բայց նորից շեշտեմ` ընտրողը ժողովուրդն է: Եթե մեր ժողովուրդը գնաց եւ այլ ուժի ձայն տվեց, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն ոչինչ չեն կարող անել:
- Բայց Փաշինյանը հաղթանակած ուժերին բանտ նետելու մեծ փորձ ունի:
- Դե հիմա էլ թող նման հրահանգներ տա, բայց այդ բանի վրա մեղքը եկեք չբարդենք: Թող ժողովուրդը գնա՝ այլ ուժի ընտրի, կտեսնենք, թե ինչ կլինի: