Քաղաքականություն

Հայաստանը ձգտում է դեպի Արևմուտքի այն բևեռ, որն արդեն չկա

Հայաստանը ձգտում է դեպի Արևմուտքի այն բևեռ, որն արդեն չկա

«Հրապարակը» միջազգայնագետ, «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող, պ․թ․գ․ Սերգեյ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են հիմա ԱՄՆ- Հայաստան հարաբերությունները, ավելի ճիշտ` նման հարաբերություններ գոյություն ունե՞ն:
«Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ կան, դա փաստ է, սակայն խոսքը դրանց մակարդակի և բովանդակության մասին է»,- ասաց Մելքոնյանը:

«Մինչ Թրամփի նախագահ դառնալը, Հայաստանը ստորագրել էր ռազմավարության պայմանագրի կանոնադրությունը: Որպեսզի մենք պատասխանենք այդ հարցին` արդյո՞ք ԱՄՆ գործող իշխանությունը հետևողական է և պատրաստ է որդեգրել նույն մոտեցումը Հայաստանի վերաբերյալ, ինչպես նախորդ իշխանությունը, մեզ համար կա մի շատ կարևոր ինդիկատոր: Բլինքենը հայտարարել էր, որ մոտակա շաբաթներին Հայաստան կմեկնի ԱՄՆ-ի սահմանային և մաքսային անվտանգության թիմը: Արդեն երեք շաբաթ անցել է, եւ արդեն հարց է՝ իրենք կգան, թե ոչ, իսկ եթե գան, ապա ե՞րբ: Սա է հիմնական ինդիկատորը, եթե իրենք չեն գալիս, ապա դժվար է ասել, որ նոր գործող իշխանությունը որդեգրել է նույն մոտեցումը Հայաստանի վերաբերյալ՝ սա մակարդակի մասով»,-ասաց միջազգայնագետը:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությանը, ապա Հայաստանն իր վերջին բոլոր հայտարարություններով և քայլերով իրեն դիրքավորել է որպես Արևմուտքի արժեքներ կրող պետություն, հայտարարելով, որ պատրաստ են ԵՄ-ի հետ լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն է պատրաստ լինել: 
«Մենք տեսնում ենք, որ այս աշխարհաքաղաքական բեռը Եվրամիությունը ունակ չէ միայնակ տանել: Եվ այստեղ անշուշտ կա ԱՄՆ-ի աջակցության կարիքը, սակայն ԱՄՆ-ն պատրաստ չի աջակցել ԵՄ-ի ձախ լիբերալ օրակարգին, որին Հայաստանը պատրաստ էր միանալ: Եվ հիմա շատ մեծ հարց է, երբ խոսում ենք բովանդակության մասին: Հայաստանը ձգտում էր Արևմուտք, բայց այն ձևաչափով Արևմուտքը, որտեղ Հայաստանը ձգտում էր, այլևս չկա: Կա մեկ բևեռ՝ ԱՄՆ, կա այլ բևեռ՝ Եվրամիություն, որը ԱՄՆ տեսանկյունից պիտի ինչ-որ ձևով փոխվի, վերադառնա իրենց իրական արժեքներին կամ քաղաքական Արևմուտք հասկացողություն` տրանս-ատլանտիկ գաղափարախոսության հիմա վրա, էլ չկա: Փաստացի Հայաստանը ձգտում էր դեպի այդ բևեռը, որն արդեն բևեռ չի»,- ասաց Մելքոնյանը:

Թե ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ԱՄՆ-ում՝ ցույց է տալիս հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը: Դրա համար ընդամենը պետք է տեսնել, թե ում հետ է այդ ժամանակ հանդիպել Թրամփը՝ Իսրայելի, Ճապոնիայի, Հնդկաստանի ղեկավարների ու այլոց հետ: Թվում էր, որ Հայաստանը ստորագրել է այդ պայմանագիրն ու պատրաստ է դառնալ կարևոր գործընկեր, սակայն ամենաբարձր մակարդակում մեզ չընդունեցին:

«Շատ մեծ ցուցիչ է: Պատկերացնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնի Ռուսաստան և չհանդիպի Պուտինի հետ: Սա կարևոր նշան է, վերջին տարիներին Ռուսաստանի մասով նման բան չեմ հիշում»,- ասաց Մելքոնյանը:

«ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատողը հավելեց, որ եթե քեզ ընկալում են որպես դաշնակից կամ առնվազն կարևոր գործընկեր, ապա քեզ կընդունեն ամենաբարձր մակարդակով: «Սակայն, եթե քեզ չեն ընդունում այդ մակարդակում, այդ հարաբերությունների բարձր մակարդակը, ուր դու ձգտում ես՝ արդեն հարցականի տակ է»,- եզրափակեց Սերգեյ Մելքոնյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image