Անշուշտ, անիմաստ գործ է Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ որեւէ տրամաբանություն, պատճառահետեւանքային կապեր որոնելը, այդ խոսքերից ինչ-որ եզրահանգումներ անելն ու դրանք հիմքում ունենալով` ինչ-որ կանխատեսումներ անելը: Նախ, որովհետեւ ցանկացած պահի նա կարող է հակառակն ասել եւ արդարանալ, թե հարափոփոխ աշխարհում ենք ապրում: Եվ երկրորդը․ նա հաճախ չի էլ զգում իր այսօրվա եւ երեկվա խոսքերի միջեւ առկա հակասությունները: Ասենք, ընդամենը մի քանի օր առաջ ասում էր, որ Արարատի պաշտամունքը մեզ խանգարում է արդիական զենք գնել, զենքով ապահովել բանակը:
Երեկ` բանակի օրվա առիթով ասված երկար-բարակ, անիմաստ ու անհարկի դատողություններով խճողված իր խոսքում ասում էր. «Մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ եւ այս հենքի վրա ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ»: Ուժեղ բանակ` առանց արդիական զենքի, պարզապես հնարավոր չէ: Իր առաջ քաշած արհեստական օրակարգերի ու սին գաղափարների գերին դարձած վարչապետը երեկ կրկին խոսում էր խաղաղության, Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ իդեա-ֆիքսի` «29 743 քառակուսի կիլոմետր տարածքի», նաեւ՝ մեր բանակի «ուսերին անտանելի բեռներ դնելու» մասին:
Հայաստանը փոքրացրած, Արցախի «բեռից ազատագրած» մարդը հիմա էլ որոշել է բանակն իր «բեռից» ազատագրել: Բայց հենց իր ողջ քաղաքականությամբ եւ 2018-ից դրսեւորած վարքով ինքն է մեր պետության դիվանագիտությունը զրոյացրել, բանակցությունները ոչնչացրել, պետության ամբողջ բեռը դրել բանակի վրա, որը, ցավոք, մնալով մենակ, չկարողացավ 2020 թվականին իր վրա դրված պարտականությունը կատարել: Հիմա էլ այդ նույն զինվորականներին ինքն է մեղադրում պարտության համար, դատում, բանտ նստեցնում, որ ցույց տա` իր մեղքը չկա այդ պարտության մեջ: