ՔՊ-ական երկու պատգամավոր, ովքեր 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակում չեն լինի, որոշել են զբաղվել գործարարությամբ` բիզնեսով: Մեկն ԱԺ փոխնախագահ աշխատող Հակոբ Արշակյանն է, մյուսը՝ Քրիստինե Պողոսյանը: Արշակյանն ասել է. «Չեմ առաջադրվել, չեմ ընդգրկվել ընտրացուցակում` տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանի բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ՝ Հայաստանի՝ մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից»: Քրիստինե Պողոսյանն էլ է ուզում օգուտ բերել Հայաստանի տնտեսությանը. «Նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ ՀՀ տնտեսությանն օգուտ բերեմ: Շարունակելու եմ մնալ կուսակցությունում»: ՔՊ-ականները բիզնեսով եւ գործարարությամբ են զբաղվում ոչ թե անձնական օգուտի համար, այլ՝ բացառապես հանուն Հայաստանին օգուտ տալու, նրա մրցակցային առավելությունների բարձրացման համար: Նման անշահախնդիր, հայրենասեր գործարարներ ամեն երկրում եւ ամեն տեղ չես հանդիպի, սրանցից միայն ՔՊ-ում են: Եվս երկու ՔՊ-ական՝ Խաչատուր Սուքիասյանը եւ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, նույնպես չեն առաջադրվել ՔՊ ցուցակում, Սուքիասյանը մինչեւ ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալն էր գործարար, իսկ Հրաչյա Հակոբյանը գործարարությամբ էր զբաղվում նաեւ պատգամավորական գործունեության հետ միասին, համատեղում էր: Ինչո՞ւ Հակոբ Արշակյանը կամ Քրիստինե Պողոսյանը չէին կարող Սուքիասյանի կամ Հակոբյանի նման բիզնեսը համատեղել պատգամավորության հետ, չէ՞ որ բազմաթիվ ՔՊ-ականներ են այդպես վարվում:
Եթե հավատալու լինենք Հակոբ Արշակյանի եւ Քրիստինե Պողոսյանի պաշտոնական կենսագրություններին, նրանք ժամանակին, մինչեւ ՔՊ-ական նախարար կամ պատգամավոր դառնալը, գործարարությամբ են զբաղվել, Արշակյանն ընդամենը հինգ ամիս՝ 2018թ. հունվարից մինչեւ մայիս, «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրենն է եղել, մինչ այդ եղել է վարձու աշխատող այլ ընկերություններում։ Պողոսյանը գործարարի ավելի երկար ստաժ ունի՝ 2013-2018թթ.։ Tre gufo հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրենն է եղել: Բայց նրանք, այնուամենայնիվ, նախարարի, ԱԺ նախագահի, պատգամավորի գործը համարել են ավելի նախընտրելի, քան գործարարինը: Հիմա ի՞նչ է փոխվել, որ նրանք որոշել են նորից վերադառնալ գործարարության, այն էլ՝ ոչ թե հանուն եկամուտ ստանալու, բարեկեցիկ կյանք վարելու, այլ բացառապես հանուն Հայաստանի, բայց ՔՊ կուսակցության անդամի կարգավիճակում:
Բացատրությունը շատ պարզ է. այս մարդիկ կորցրել են Փաշինյանի բարեհաճությունը, Փաշինյանը սրանց չի ցանկանում տեսնել ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ գործադիր իշխանությունում: Բայց երկարամյա ծառայության դիմաց որոշել է սրանց առանձնապես չնեղացնել, ասել է՝ կօգնեմ, որ գործարարությամբ զբաղվեք, եթե, իհարկե, ձեզ խելոք պահեք եւ շարունակեք մնալ իմ անձնական վերահսկողության տակ: Մի քիչ սիրուն բան չի լինի, չէ՞, եթե մարդը դադարի ՔՊ պատգամավոր լինել եւ միանգամից սկսի քննադատել կամ պայքարել Փաշինյանի իշխանության դեմ, ինչպես եղել է շատերի դեպքում: Կստացվի, որ բոլոր ՔՊ-ականները դեմ են Փաշինյանին, ուղղակի չեն արտահայտվում միայն մանդատի կամ պաշտոնի բերումով, երբ դա կորցնում են, միանգամից դառնում են թունդ ընդդիմադիր:
Փաշինյանի հովանու ներքո գործարարությամբ զբաղվելն ապահովելու է բիզնեսի մրցունակություն եւ բարձր եկամտաբերություն: Հակոբ Արշակյանը բացահայտում է, թե մոտավորապես ինչ է պայմանավորվել Փաշինյանի հետ. նա ասում է, որ զբաղվելու է ռազմարդյունաբերությամբ: Այս ոլորտն ամբողջապես կախված է պաշտպանության նախարարությունից, նախարարության կողմից տրվող պատվերներից: Եթե դու զբաղվում ես ռազմարդյունաբերական արտադրանք թողարկելով, բայց պաշտպանության նախարարությունից պատվերներ չունես, շատ արագ կսնանկանաս, եւ հակառակը՝ եթե Փաշինյանն ասի, որ դու կարող ես վստահ լինել, որ պատվերների խնդիր չես ունենալու, քո արտադրած ապրանքները եւ մատուցած ծառայությունները պահանջարկ եւ երաշխավորված սպառում են ունենալու, բիզնեսի եկամտաբերությունն ապահովված է: Փաշինյանը կարող է ցանկացած յուրային բիզնեսմենի ապահովել հարկային եւ մաքսային արտոնություններով, որոնք կապահովվեն այդ բիզնեսի մրցունակությունը, մրցակցային առավելությունները նման գործունեություն իրականացնող այլ ընկերությունների նկատմամբ: Գործարարությամբ զբաղվել, առանց իշխանության աջակցության կամ իշխանության աջակցության պայմաններում՝ միանգամայն տարբեր բաներ են. այնպես որ, պատահական չէ, որ Քրիստինե Պողոսյանը հատուկ շեշտում է, որ չնայած պատգամավորի թեկնածու չի առաջադրվել, բայց նույնիսկ գործարարի կարգավիճակում շարունակելու է մնալ կուսակցության անդամ` գտնվել ՔՊ-ի, իշխանության հովանոցի տակ:
Փաշինյանն ապականել է ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաեւ՝ գործարար միջավայրը, որքան նա երկար մնա իշխանության, նրա կողմից բուծված եւ նրա հովանավորությունը վայելող «գործարարները» խնդիր են դառնալու մյուս` իշխանության հովանավորությունը չվայելող, ՔՊ անդամ չհանդիսացող գործարարների համար: Այս մարդիկ եւս պետք է հասկանան, որ փաշինյանական իշխանությունը կործանարար է ոչ միայն երկրի համար՝ ընդհանրապես, նաեւ յուրաքանչյուրի համար՝ անհատապես: