Քաղաքականություն

Էրդողանի` ականջները կախած վիճակը ՆԱՏՕ-ում 

Էրդողանի` ականջները կախած վիճակը ՆԱՏՕ-ում 

Այսօր Մադրիդում կավարտվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որ պատմական իրադարձություն դարձավ երկու-երեք տասնամյակի կտրվածքով:  

Առաջին ուշագրավ զարգացումը գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի վերանայումն էր, ավելի ճիշտ` նոր հայեցակարգի ընդունումը, որ անվանվել է Madrid Strategic Concept: Դաշինքի նախորդ հայեցակարգը, որ ընդունվել էր 2010թ-ին, Ռուսատանին բնորոշում էր որպես գործընկեր: Մադրիդյան հայեցակարգը Ռուսաստանն անվանում է “ամենանշանակալից եւ ուղիղ սպառնալիք ՆԱՏՕ-ի անվտանգությանը”: Ի դեպ Մադրիդյան հայեցակարգում նաեւ ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ Չինաստանն է նշվում որպես անվտանգության սպառնալիք: 

Երկրորդ ուշագրավ զարգացումը գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անպատկերացնելի տեխնիկական եւ քանակական ընդլայնումն է համարյա Ռուսաստանի սահմանին: ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա եւ կենտրոնակայան է տեղակայում Լեհաստանում: ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերը (Spearhead Task Force) որ ստեղծվել են 2014-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի սանձազերծումից եւ Ղրիմի բռնակցումից հետո եւ ռոտացիոն սկզբունքով տեղակայել Բալթյան երկրներում ու Լեհաստանում, սկզբնական 8000 անձնակազմից այս տարի գարնանը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումից հետո հասցվեցին 40 հազարի: Այժմ Մադրիդյան հայեցակարգով Ռուսաստանի համարյա սահմանակից Արեւելյան Եվրոպայի երկրներում տեղակայվող ութ զորախմբերի անձնակազմը ամենամոտ ապագայում նախատեսվում է հասցնել ավելի քան 300 000-ի` միասնական հրամանատարությամբ, համակարգմամբ, փոխգործակցությամբ եւ այլն: 

Ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է ձեւակերպել` Պուտինը երազում էր Եվրոպայի ֆինլանդիզացիա (Finlandization), ստացավ ճիշտ հակառակը` ողջ Եվրոպայի ՆԱՏՕիզացիա (NATOization):

Երրորդ պատմական, բեկումնային, 200 տավա դրվածքն ավարտող եւ նոր իրականություն ստեղծող զարգացումը Մադրիդյան գագաթնաժողովում Ֆինլանդիային եւ Շվեդիային պաշտոնապես հրավիրելն էր` ՆԱՏՕ-ին անդամակցելու: Շվեդիան 200 տարի չեզոքության քաղաքականություն է վարել, որն այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռամբ ավարտվում է: Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմի արդյունքում 750.000 քառ. կմ-ից մեծ տարածք (Շվեդիայի եւ Ֆինլանդիայի տարածքը) ուղիղ Ռուսաստանի սահմանին եւ Սանկտ Պետերբուրգի համարյա հարեւանությամբ անցնում է ՆԱՏՕ-ին վերահսկողության ներքո: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որքան էլ Ստամբուլի փողոցնելում ժամանակին գարեջուր եւ լեբլեբու վաճառողի իր կենսափորձը, հատկապես ուշադրության գրավելու know-how-ները գոծադրելով միջազգային հարթակներում ներկայացումներ տվեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դիմակայելու մոտիվներով, վերջում կոտրած տաշտակի առջեւ կանգնեց: Երկու-ամիս ափըղ-ցըփղ զազրախոսելուց հետո, թե քրդերի հետ խնդիր ունեն, Ֆեթուլլահ Գյուլենի զինակիցների արտահանձնում են պահանջում, F-35-երից հույսը կտրած հիմա էլ F-16-երի հետ կապված մասնակցություն, գոնե գնումների իրավունք են ցանկանում, Թուրքիայի ռազմական եւ ռազմ-արդյունաբերական ոլորտի դեմ գործող պատժամիջոցների վերնայում են ուզում, եւ էլի չգիտես` ողջ աշխարհի աչքի առջեւ ոչ պահանջների քննարկման հասան, ոչ էլ որեւէ ընդառաջման: 

Էրդողանին լրիվ ոչնչացնելու համար էլ նախօրեին կարծես հատուկ Վաշինգտոնից հայտարարեցին, որ Շվեդիայի եւ Ֆինլադիայի անդամակցության դեմ առարկությունները հանելու համար Թուրքիային որեւէ զիջում չի արվել: Դա ենթադրելի է համենայն դեպս այն դեպքի համար, եթե Էրդողանի մտքով անցնի իր հրապարակային մեծախոսության ու պահանջների կատարյալ անտեսմամբ Շվեդիային եւ Ֆինլանդիային անդամակցության հրավեր շնորհելը, երկրի ներսում նենգափոխել եւ ներկայացնել, թե իբր կուլիսների ետեւում ինչ-որ ձեռքբերում է ունեցել, ու դրա դիմաց է առարկություններն ու պահանջները հանել: 

Կուլիսներից այն կողմ վաղուց հայտնի էր, որ Թուրքիային ոչ ոք ոչինչ չէր խոստանալու, նրան միայն հայտնելու էին, որ դիտարկելու են Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելը: Էրդողանը երեկ նույնիսկ ասել էր` ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել Թուրքիայից: Հրաշալիորեն կարող է: Համոզվելու համար Էրդողանը ականջները մինչեւ գետին կախած եւ լեզուն իրեն քաշած առարկություները հանելու փոխարեն, թող փորձեր վետո կիրառել, դրանից հետո տեսնենք ՆԱՏՕ-ից ինչ հեռավորության վրա ուղարկվելու հեռանկար կգծվեր, իսկ ՆԱՏՕ-ից հեռացվելուց հետո էլ  Ռուսաստանի երախից կփրկվեր, թե ոչ: 

Ամեն պարագայում Արեւմուտքի ճնշումը հաղթեց, որ Թուրքիան Շվեդիայի եւ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ Ռուսաստանի հրահրմամբ բարձրաձայնած առարկությունները հանեց; Ընդսմին` անմռունչ եւ ձեռնունայն: Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում; Պետք է տեսնել, թե Ռուսաստանը ինչով կպատասխանի: Չէ՞ որ Ռուսաստանն էլ ՆԱՏՕ-ից ոչ պակաս միջոցներ ունի Թուրքիային ճնշելու, անգամ անհրաժեշտության դեպքում ներսից պայթեցնելու`վառելիք, քրդերից, կիսակառույց ատոմակայան: 

Վերջապես, վերջին ուշագրավ զարգացումը մադրիդյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն ամրագրվող հանձնառությունն է Ուկրաինային եւ Մոլդովային զինելու` մատակարարելով այնքան ՆԱՏՕ-ական զենք, որ նրանք կարիք չունենան եւ ազատվեն խորհրդային, նաեւ ռուսական բանակում օգտագործվող դարն ապրած զենքերից: Իսկ եթե փոխվում է երկրի ողջ զինանոցն ու ռազմական արսենալը, բնականաբար փոխվում եւ ՆԱՏՕ-ին է ինտեգրվում նաեւ բանակը:    

Այսպիսով Մադրիդյան գագաթնաժողովում Ռուսաստանին պարտության մատնելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը դարձավ աննախադեպ աշխարհաքաղաքական տեղաշարժերի արձանագրում, նոր զարգացումների համար բացված հնարավորություններով:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image