Երևան քաղաքի Դուրյան թաղամասում գտնվող Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց տանող աստիճանները մաշված էին, կիսաքանդ։ Այս տարվա հոկտեմբերին սկսվեց աստիճանների նորոգումը, դրանք նորերով փոխարինումը։ Մարդիկ ուրախացան։ Բայց ընդմիջումներով ընդամենը 2-ական բանվոր էին աշխատում, հիմա էլ գործը կիսատ են թողել։ Բազալտե նոր աստիճանները տեղադրել են, սակայն երկու տեղ, աստիճանահարթակ չեն սարքել, դրանց տեղում իջվածք է։ Դպրոց գնացող ու վերադարձող փոքրահասակ երեխաները, այդ աստիճաններից օգտվող տարեցները դժվարությամբ են հաղթահարում աստիճանահարթակները։
Դրանցից մեկում, որպեսզի փոսից՝ աստիճաններ անցումը հնարավոր լինի, բազալտե փոքր քար են դրել, որ անցնողները դրա վրա ոտքը դնելով՝ հաղթահարեն հարթակից մինչեւ աստիճաններ բարձրությունը։ Երևանի քաղաքապետարանում, աստիճանահարթակի նորոգումը կիսատ թողած հիմնարկում երևի մոռացել են հանրակրթական դպրոցի աստիճանների նորոգման մասին։ Հարթակները չնորոգելու դեպքում այս ձմռանը դպրոցի ճամփան ավելի դժվար կդառնա։
