Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը` Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ հունվարի 23-ին հրավիրած նիստում ընդունել է մի շարք վարչական որոշումներ՝ կապված լիցենզավորման, վերահեռարձակման և օրենսդրական խախտումների հետ։ Նիստի ընթացքում հինգ ընկերությունների վերաբերյալ կայացվել են իրավական ակտեր, այդ թվում՝ խախտումների հիմքով տուգանքների վերաբերյալ։
Մասնավորապես, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանվել է 1,200,000 ՀՀ դրամով: Հաղորդագրության մեջ ասված է. «2025 թվականի դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման ընթացքում արձանագրված գռեհկաբանության և հայհոյախոսությունների համար»։ Հանձնաժողովը նշել է, որ ընկերությունը խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ՀՌՀ-ի կողմից հաստատված անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները։ Վարչական վարույթի արդյունքներով Հանձնաժողովը կիրառել է օրենքով սահմանված տույժի եռապատիկը՝ որպես տուգանք։
Բացի այդ, «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ-ն ևս տուգանվել է 115․064 ՀՀ դրամով՝ առանց իրավական հիմքի տեսալսողական ծրագրեր վերահաղորդելու համար, իսկ «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն՝ 300,000 դրամով՝ «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի ձայնագրությունների ներկայացման պահանջը մասնակի չկատարելու հիմքով։
Հանձնաժողովն ընդգծել է, որ նշված որոշումներն ուժի մեջ մտնելու պահից կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՌՀ-ին կամ ՀՀ վարչական դատարանին։ Եթե նկատեցիք` տուգանվել է ընդդիմադիր, հակաիշխանական լրատվամիջոցները եւ դա բնական է, որովհետեւ այս հանձնաժողովը բացառապես ՔՊ-ական իշխանությունների կամքն է կատարում:
«Հայկական երկրորդ» հեռուստաալիքից Շավարշ Գևորգյանին «Հրապարակը» հարցրեց՝ որն է պատճառը, որ ընդդիմադիր հեռուստաալիքը նորից ՀՌՀ-ի թիրախում է հայտնվել: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ այս անցամ ևս, ինչպես նախորդ անգամ, պատճառը «Հայելի» ակումբի ուղիղ եթերի ցուցադրությունն է, «Հայելիի» հյուրերից մեկի հնչեցրած մտքերից մեկի պատճառով են տուգանել: Գևորգյանը նաև հավելեց. «Մենք որևէ ապօրինություն թույլ չենք տվել, սպասում ենք գրավոր տեսքով որոշմանը: Երբ ստանանք, մեր իրավաբաններն անպայման դրանով զբաղվելու են, որոշումը բողոքարկելու ենք»: