Հարցազրույց

Հայաստանի պատմական նվաճման և ադրբեջանցիներին հաղթելու մասին․ Դանիելյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հրապարակ»-ին

Հայաստանի պատմական նվաճման և ադրբեջանցիներին հաղթելու մասին․ Դանիելյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հրապարակ»-ին

Տեղեկացրել ենք, որ հունիսի 19-ին Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել է 2023 թվականի Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը։ Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը՝ դառնալով առաջին անգամ անցկացվող մրցաշարի անդրանիկ հաղթողը։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի անհատական և թիմային առաջնությունների հաղթող, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հենց մրցավայրից առաջին տպավորություններով կիսվել է «Հրապարակ»-ի հետ։

- Նախ, շնորհավորում ենք, կարելի է ասել՝ պատմական հաղթանակի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում։ Առաջին մասնակցություն ու առաջին տեղ։ Այսպիսով, շախմատային ևս մեկ բարձունք գրավեց Հայաստանը՝ ի դեմս քեզ ու Շանթի։ Ի՞նչ տպավորություններ ունես հաղթանակից։

Է․ Դ․ - Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Իհարկե, շատ ուրախ ենք, որ կարողացանք առաջին անգամ այս ֆորմատով անցկացված մրցաշարում դառնալ չեմպիոն։ Թող անհամեստության չթվա, բայց փաստորեն մեր անունը գրանցեցինք պատմության մեջ։ Սա իսկապես մեծ նվաճում է, կարծում եմ, որովհետև լինել առաջինը՝ առաջին անգամ անցկացվող մրցույթում՝ մեծ նշանակություն ունի։

- Ո՞րն էր այս մրցաշարի առանձնահատկությունը։ Ի՞նչով էր պայմանավորված այս նոր ձևաչափով առաջնության անցկացումը։

Է․ Դ․ - Եթե տեղյակ եք, նույն Կրակովում վաղը՝ հունիսի 21-ին, պաշտոնապես կբացվեն առաջին Եվրոպական խաղերը և այս մրցաշարը այդ ստուգատեսի շրջանակներում նախատեսված կարևոր իրադարձություններից մեկն էր։ Այս տարի որոշեցին առաջին անգամ Եվրոպայի խաղերում ընդգրկել շախմատային մրցաշարը։ Սա փորձնական էր և Եվրոպական միությունը փորձում է այս առաջնությունը հետագայում ներառել Եվրոպական խաղերի ծրագրում։ Սա էր այս մրցույթի գլխավոր առանձնահատկությունը։
Կարծում եմ, սա ավելի կարժևորի մեր տիտղոսը։ Հուսով եմ, մեր հաղթանակը կոգևորի ու հաջող մեկնարկ կլինի մեր մյուս մարզիկների համար։ Հուսով եմ, նրանք էլ կկարողանան նվաճել բարձր տեղեր։

- Իսկ ի՞նչ տվեց այն քեզ՝ իբրև փորձառու և տիտղոսակիր գրոսմայստերի։

Է․ Դ․ - Ինձ համար այս մրցույթը տվեց Եվրոպայի չեմպիոնության ևս մեկ տիտղոս, որովհետև ես համարյա բոլոր որակավորումներով եղել եմ Եվրոպայի չեմպիոն։ Սա առաջին մրցաշարն էր, և այստեղ էլ կարողացա դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Մյուս տեսակետից՝ շատ հետաքրքիր մրցում էր, որովհետև ես միշտ ինձ համարել եմ, որ կայծակնային ձևաչափն իմը չէ, ես ավելի շատ սիրում եմ մտածելով խաղալ, չեմ համարել ինձ որպես լավ բլից խաղացող, բայց փորձը ցույց է տվել, որ կայծակնային շախմատն էլ վատ չի ստացվում ինձ մոտ։

- Կհիշե՞ս, խաղացված պարտիաներից ո՞րն էր ավելի դժվար հաղթահարելի կամ միգուցե առավել դիտարժան ու տպավորիչ։

Է․ Դ․ - Կարող եմ ասել, որ մրցաշարն ինձ համար շատ հեշտ անցավ։ Ընդամենը մեկ պարտիայում եմ պարտվել՝ ժամանակի սղության պատճառով, չհասցրեցի քայլ կատարել, այն էլ՝ հավասար դիրքում։ Իսկ փլեյ-օֆֆում երկու խաղերն էլ հաղթել եմ 2։0 հաշվով։ Ընդհանրապես լավ էի խաղում և չեմ հիշում, վատ դիրք ստացել եմ, թե՝ ոչ։ Միշտ էլ լավ դիրք եմ ունեցել և կարողացել լավ միավորներ հավաքել, դրա համար էլ իմ խաղից շատ գոհ եմ։

- Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները 180 աստիճանով տարբեր տեղեկատվություն են հրապարակել, նշելով, թե իբր իրենց մարզուհին է առավելության հասել քեզ հետ դիմակայությունում, մինչդեռ գիտեմ, որ երկու անգամ հենց դու ես հաղթել ադրբեջանցի շախմատիստուհուն։

Է․ Դ․ - Ճիշտ կլիներ, որ ադրբեջանական լրատվամիջոցները լռեին, ոչ թե գրեին հակառակը, այսինքն այն, ինչ իրենք կուզեին գրել կամ կցանկանային, որ այդպես լիներ։ Այո, եզրափակչում ես 2։0 հաշվով հաղթեցի իրենց ներկայացուցչին։ Թող գրեն այն, ինչ երազում են, բայց մենք, բոլորը գիտեն, որ դա իրականությունը չէ։ Կրկնեմ, շատ ուրախ եմ, որ այսպիսի նվաճում ունենք։

Զրուցեց Արա Ալոյանը

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image