Քաղաքականություն

«Հրապարակ». Արցախի իշխանությունն ընտրել է միակողմանի զիջումների ճանապարհը

«Հրապարակ». Արցախի իշխանությունն ընտրել է միակողմանի զիջումների ճանապարհը

Չնայած Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչների միջեւ ուրբաթ օրը  ձեռք բերված պայմանավորվածությանը, Արցախը սնուցող բարձրավոլտ գծի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել։ «Արցախէներգոյի» ընդհանուր հարցերով տնօրեն Տիգրան Գաբրիելյանը երեկ օրվա երկրորդ կեսին տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարվում, երբ նորություն լինի` կհայտնեն։ էլեկտրագծի վնասված հատվածը Բերձոր քաղաքում է, երբ ադրբեջանցիները թույլատրեն, իրենց մասնագետները կայցելեն այդ հատված եւ կվերանորոգեն։ Մինչ այդ Արցախում հովհարային անջատումները շարունակվում են, որովհետեւ Սարսանգի հզորությունն էլ արդեն չի բավարարում։ «Արցախգազից» տեղեկացրին, որ պարբերաբար խաթարվող գազամատակարարումն այդ պահին վերականգնված է, բայց հայտնի չէ, թե որքան կտեւի։ 

Հիշեցնենք․ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել էին ուրբաթ օրը։ Ինչպես նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը տեղեկացրեց՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել գազատարի անխափան աշխատանքի եւ Շինուհայր-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման եւ էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։ Պաշտոնական Ստեփանակերտը չի բացահայտում, թե ովքեր են արցախյան կողմից մասնակցել հանդիպմանը, մեր աղբյուրներով՝ պատվիրակության կազմը գլխավորել է Արայիկ Հարությունյանը, ներկա են եղել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը եւ ՀԿ սեկտորի մեկ ներկայացուցիչ։

ԱՀ նախագահի խոսնակը հայտնել էր նաեւ, որ «ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը»։ Սակայն փաստն այն է, որ չնայած ամենաբարձր մակարդակով միջազգային կառույցներից հնչող հորդորներին, նաեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշմանը, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցի «բնապահպանները» շարունակում  են փակ պահել։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ասել է, թե ադրբեջանական կողմի օրինական պահանջները չկատարելու հետեւանքով են Լաչինի միջանցքում ցուցարարները բողոքի ակցիաներ անում։ «Ակցիայի մասնակիցները հիմնավոր պահանջներ են բարձրացնում, հարցերը մնում են դեռ անպատասխան, այդ իսկ պատճառով բողոքի ակցիան ընթանում է իր հունով»։ Սա՝ այն դեպքում, երբ անցած շաբաթ պետնախարարի պաշտոնից պաշտոնանկ արվեց նաեւ Ռուբեն Վարդանյանը։

Արայիկ Հարությունյանի թիմակիցները երեկ հրաժարվում էին մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Սամվել Բաբայանի հիմնադրած «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Սեյրան Հայրապետյանն էլ մեզ ուղղորդեց ԱՀ նախագահականի կողմը։ «Իրենցից հարցրեք, թե ինչու է շարունակվում էս վիճակը»,- ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե չնայած ընդառաջ եք գնում Բաքվի պահանջներին, բայց ճանապարհը չի բացվում, անգամ հոսանքի եւ գազի մատակարարումը չի վերականգնվում։ Ս․ Հայրապետյանի խոսքով՝ եթե «ճիշտ աշխատենք», ամեն ինչ լավ կլինի։ Թե որն է ճիշտը եւ ինչու չի արվում, Հայրապետյանը միայն ասաց․ «Ամեն դեպքում, մենք միջազգային դատարաններում պիտի կռվենք, դատերը շահենք, մնացածը ժամանակը ցույց կտա»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ փոխանակ ԱՀ իշխանություններն Ադրբեջանին պարտադրեին Հաագայի դատարանի որոշումը` աշխարհին ցույց տալով, որ Ադրբեջանը հրաժարվում է այն կատարել, որոշումից բառացիորեն մեկ օր հետո շտապեցին իրագործել Ադրբեջանի նախագահի պահանջը՝ պաշտոնանկ անելով Ռուբեն Վարդանյանին, մեկ օր անց էլ հանդիպեցին ադրբեջանական պատվիրակության հետ՝ այդպիսով ապալեգիտիմացնելով միջազգային դատարանի որոշումը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բացի, Հաագայի դատարանի որոշումը եւս երաշխավորում է Բերձորի միջանցքի անխափան երթեւեկությունը, եւ իշխանությունները պետք է լծվեին դրա իրագործմանը․ «Հիմա էլ, ըստ օդում կախված լուրերի, ադրբեջանական պատվիրակություն պիտի այցելի Կաշենի հանքավայր, դիտարկի, գուցե մոնիթորինգի համար եւ այլն։ Քայլերի նման հաջորդականությունը նշանակում է, որ իշխանությունները գնում են միակողմանի զիջումների ճանապարհով, մի բան, որն անցած տարվա դեկտեմբերի 26-ի հանրահավաքին մերժվեց բոլոր արցախցիների կողմից, ովքեր փողոց դուրս գալով հայտարարեցին, որ չենք գնալու զիջումների, պատրաստ ենք պայքարի։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ պահանջներն ընդունելի են իշխանությունների համար»։ Իսկ գուցե այլ տարբերակ չկա՞ կամ՝ պատերազմի վտանգ կա։ «Ես վստահ եմ, որ այդ պահանջներն ընդունելուց հետո իրենք նույնն են հայտարարելու, մենք պետք է ժամանակ շահենք եւ աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ գործենք։ Բայց մենք էլ ասում ենք, որ, այո, պարտված իշխանություններին հաղթող կողմը հեշտությամբ կարող է ամեն ինչ պարտադրել, այլ կլիներ, եթե պարտվածները սահմանադրորեն ճանապարհ բացեին եւ անցնցում իշխանությունը փոխանցեին կարող ուժերին»։

Գալստյանն ասում է, որ Արցախի քաղաքական շրջանակները տեղյակ չեն նախագահի բանակցություններից, իրենց հետ քննարկում, խորհրդակցություն չի կազմակերպվել, ու տեղյակ էլ չեն, թե ինչ օրակարգով են բանակցում․ «Անգամ չգիտենք, թե ովքեր են մեր կողմից մասնակցել բանակցություններին»։ Երեկ տեղեկություն ունեինք, որ եւս մեկ հանդիպում է նշանակված, սակայն պաշտոնական շրջանակներից հաստատում չստացանք։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image