Փաշինյանն ի վերջո պարզաբանեց, թե «խաղաղության պայմանագրի» հետ կապված ինչ տարաձայնություններ կան Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ինչ է պահանջում, իսկ Հայաստանն ինչ է առաջարկում: Փաշինյանը դա արեց միայն Ալիեւի հրապարակային բացահայտումից հետո. Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի ԵՄ դիտորդական առաքելությունից` Հայաստան-Ադրբեջան սահմանին չլինեն երրորդ երկրների ներկայացուցիչներ: Ռուսական սահմանապահ զորքերի հենակետերը Հայաստանի պահանջով հանվեցին, բայց Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ դիտորդական առաքելությունից: «Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք՝ նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի»,- իր հարցազրույցում ասում է Փաշինյանը:
Քանի որ սահմանազատումը կարող է տարիներ եւ նույնիսկ տասնյակ տարիներ տեւել, կարելի է ենթադրել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ կարող է այդքան երկար մնալ Հայաստանում: ԵՄ դիտորդներն ինչո՞ւ պետք է տարիներով մնան Հայաստանում, մենք միլիոնավոր դոլարներ ծախսենք նրանց պահելու վրա` Հայաստանի՞ն են շատ սիրում, որ ուզում են պաշտպանել Ադրբեջանից, թե՞ Ադրբեջանից ինչ-որ ակնկալիք ունեն, կամ՝ ի՞նչ է տալիս այդ առաքելության ներկայությունը Հայաստանին:
Փաշինյանը Հայաստանը եւ հայ հասարակությանը հասցրել է մի վիճակի, մի գիտակցության, որ մենք ինքնուրույն ի վիճակի չենք ապահովել մեր անվտանգությունը, Ադրբեջանից պաշտպանվելու համար մեզ անվտանգության արտաքին երաշխավոր է անհրաժեշտ: Մինչեւ Փաշինյանի իշխանության գալը նման բան գոյություն չուներ` ռուսական ռազմաբազան պաշտպանում էր հայ-թուրքական սահմանը, Ադրբեջանի հետ սահմանը Հայաստանը պաշտպանում էր սեփական ուժերով, ավելին` պաշտպանվողի դերում Ադրբեջանն էր: Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարող մեզ համար անվտանգության արտաքին երաշխավոր լիել, քանի որ 2022 թվականին մեզ անպաշտպան թողեց ադրբեջանական ագրեսիայի դեմ, չմիջամտեց, եւ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ գրավեց: Միայն ԵՄ դիտորդների գալուց հետո է, որ սահմանին իրավիճակը կայունացավ, եւ Ադրբեջանը հրաժարվեց Հայաստանի դեմ նոր հարձակումներից: Փաշինյանական տրամաբանությամբ՝ քանի դեռ ամբողջ սահմանով սահմանազատում չի իրականացվել, ԵՄ դիտորդները պետք է մնան Հայաստանում` սահմանազատման ընթացքում կարող են լինել վեճեր, անհամաձայնություններ, որոնք Ադրբեջանին կարող են առիթ տալ՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու: ԵՄ դիտորդներն էլ, մնալով սահմանին, կզսպեն այդ ագրեսիան: Այս տրամաբանությունը ոչ մի քննադատության չի դիմանում:
Ադրբեջանն է Հայաստանից տարածքներ գրավել եւ ոչ թե հակառակը, Ադրբեջանը պետք է Հայաստանին տարածքներ վերադարձնի եւ ոչ թե հակառակը: Հիմա պատկերացնենք, որ սահմանազատման ժամանակ Ադրբեջանը հրաժարվում է իր զորքը հետ տանել Հայաստանի տարածքից` 2021-2022 թվականներին գրաված տարածքները հետ հանձնել Հայաստանին՝ ասելով, որ դրանք իր օրինական տարածքներն են: Ի՞նչ պետք է անեն ԵՄ դիտորդները` պետք է Ադրբեջանին ստիպեն զորքը դո՞ւրս բերել Հայաստանի տարածքից: Իհարկե, ոչ: Նման տարաձայնությունների արդյունքը կարող է լինել այն, որ սահմանազատումը կարող է կանգ առնել, այնպես, ինչպես հիմա է կանգ առել` այն բանից հետո, երբ Ադրբեջանը կարողացավ Հայաստանից հերթական տարածքային զիջումները կորզել` այս անգամ առանց զենքի եւ ուժի գործադրման: Հայաստանին ԵՄ դիտորդները ոչինչ չեն տալիս եւ ոչ էլ տալու են. նրանք ո՛չ կարող են Ադրբեջանին ստիպել, որ բավարարի Հայաստանի պահանջները` արդար սահմանազատում իրականացնելու, ո՛չ էլ կարող են կասեցնել Ադրբեջանի ագրեսիան, եթե վերջինս նման բան նախաձեռնի:
Բայց ԵՄ երկրներն ուզում են, որ իրենց դիտորդական առաքելությունը մնա Հայաստանում, եւ դրա համար կա առնվազն մի քանի պատճառ: ԵՄ կիսառազմականացված դիտորդների առկայությունը Հայաստանում երաշխիք է, որ Հայաստանը չի կրկնի Վրաստանի օրինակը եւ չի հանդգնի դուրս գալ արեւմտյան վերահսկողության դաշտից: Ամբողջ Հայաստանի տարածքում տեղակայված գրասենյակների ցանցով նրանք վերահսկողություն են հաստատում Հայաստանի նկատմամբ, եւ այդ ազդեցությունը գնալով մեծանում է: Տեսեք` մենք որ դուրս գանք, Ադրբեջանը կհարձակվի եւ ձեզ կոչնչացնի, դուք ձեր գոյությամբ մեզ եք պարտական՝ ասում են նրանք: ԵՄ-ն տնտեսական լուրջ հարաբերություններ չունի Հայաստանի հետ, բացի պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանումից, ԵՄ-ն Հայաստանից այլ ստանալիք չունի: Բայց դրա փոխարեն լուրջ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ. այդ երկրից գազ, նավթ է գնում, հեռանկարում նաեւ էլեկտրաէներգիա է ներմուծելու: ԵՄ-ն, պահելով ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանն էլ, ունենալով չլուծված սահմանային եւ տարածքային հարցեր Ադրբեջանի հետ, կարող է Հայաստանին օգտագործել որպես Ադրբեջանի դեմ ճնշման գործիք: Եթե Ադրբեջանն ինչ-որ հարցում չհամաձայնի ԵՄ պահանջներին, կամ որպես էներգակիրների մատակարար՝ ինքը պահանջներ ներկայացնի ԵՄ-ին, կարելի է Հայաստանին հրահրել Ադրբեջանի դեմ կամ որեւէ հայամետ որոշում կայացնել: Հիմա էլ ԵՄ-ն հակաադրբեջանական բանաձեւեր է ընդունում, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն խաղացնում, թեեւ դա թույլ է, Ադրբեջանը կարող է անտեսել: Բայց երբ թիկունքիդ ունես թշնամի հարեւան, որին խաղացնում են նրա հզոր հովանավորները, վիճակն անհամեմատ ավելի լրջանում է: Դրա համար է Ալիեւը դեմ Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությանը: Նա ոչ թե վախենում է այդ դիտորդներից, այլ ԵՄ ազդեցության գոտի դարձող Հայաստանից, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել իր դեմ:
Ալիեւը պահանջում է նաեւ, որ երկկողմանիորեն հրաժարվեն իրար դեմ դատական հայցերից: Այս թեմայի շուրջ եւս Փաշինյանը խուճուճ եւ անհասկանալի բացատրություն տվեց: Դատական հայցերից հրաժարվելու պահանջը եւս վերաբերում է արեւմտյան ազդեցությունից դուրս մնալուն: Որովհետեւ որտե՞ղ են միջազգային դատարանները` իհարկե, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում եւ ո՛չ էլ Հնդկաստանում, այլ՝ Եվրոպայում: Ալիեւը մտավախություն ունի, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրելու համար կարող է խորհուրդ տալ, որ Հայաստանը տարբեր դատական հայցեր ներկայացնի Ադրբեջանի դեմ, որոնք կվճռվեն հօգուտ Հայաստանի: Դրա համար պահանջում է նման հայցերից երկկողմանի հրաժարման պարտավորություն ստանձնել: Ստացվում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խոչընդոտող երկու հանգամանք կա` ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում եւ ԵՄ դատարանները: Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել սրանից` իհարկե, ոչ: Հրաժարումը կնշանակի ԵՄ ազդեցության զրոյացում ամբողջ Հարավային Կովկասում, ինչը ԵՄ-ի համար աղետ կլինի, առնվազն մեր տարածաշրջանի մասով: Նրանք կգերադասեն, որ «խաղաղության պայմանագիրը» չստորագրվի, Ադրբեջանը գրավի Հայաստանի մի մասը, իսկ իրենք էլ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի նկատմամբ. օրինակ, ասեն, որ ագրեսոր Ադրբեջանից գազը կգնեն առավելագույնը 200 եվրոյով`հազար խորանարդի դիմաց: Ինչպես ռուսական նավթի համար գնման առավելագույն շեմ սահմանեցին 60 դոլարը` մեկ բարելի դիմաց, ինչը զսպում է նավթի միջազգային գների բարձրացումը: