Քաղաքականություն

Ի՞նչ իմաստ ունի՝ գժտվել գործիքի հետ, եթե իրական թշնամիդ այդ գործիքը բանեցնողն է

Ի՞նչ իմաստ ունի՝ գժտվել գործիքի հետ, եթե իրական թշնամիդ այդ գործիքը բանեցնողն է

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը կարող է համարել, որ ՌԴ իր երկօրյա պաշտոնական այցը փայլուն արդյունք ունեցավ։ Նա հանդիպեց ՌԴ մի քանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լիխաչովի հետ։ Այդ հանդիպումների արդյունքում Հայաստանի համար ոչ մի շահեկան պայմանավորվածություն ձեռք չբերվեց, ոչ մի պայմանագիր չստորագրվեց, բայց «քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»: Իսկ Սիմոնյանին հետաքրքրող հարցն իշխանության մնալն է, իրենց իշխանության վերարտադրությունը: Նրա մոսկովյան այցը նախընտրական էր, եւ քննարկված հարցերն ու հաջողությունները եւս այս ոլորտից են: Սիմոնյանն իր ղեկավարությանը կարող է զեկուցել, որ ինքը հասավ իր առջեւ դրված խնդրի լուծմանը`ապահովել Ռուսաստանի իշխանության լոյալությունը Հայաստանի գործող իշխանության նկատմամբ, Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներին համոզել, որ Հայաստանի իշխանությունը թշնամի չէ Ռուսաստանին, չի պատրաստվում խզել կապերը նրա հետ, հակառակը` պատրաստ են բաց երկխոսության, առկա խնդիրների քննարկման եւ լուծման: Եթե աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն չեն նախաձեռնում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է Ռուսաստանը որեւէ խոչընդոտ հարուցի իրենց վերարտադրության համար, սատարի այլ քաղաքական ուժերի:

Այն, որ Սիմոնյանի այցը նախընտրական էր, որեւէ կասկած չկա, այցը տեղի ունեցավ ընտրություններից 4 ամիս առաջ, այդ ընտրություններին իշխանության ամենաակտիվ նախապատրաստության փուլում: Եվ Սիմոնյանի բոլոր հայտարարություններն էլ ուղղված էին նրան, որ փարատեն Ռուսաստանի կասկածներն առ այն, որ ՀՀ իշխանության վերարտադրվելու դեպքում երկու երկրների հարաբերությունները կվատանան, Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս կգա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: «Չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, լինի այնպիսի ընկալում, թե Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ որեւէ բան անել Ռուսաստանի դեմ։ Մենք՝ Ռուսաստանի դեմ, մեզ համար բարեկամական դաշնակից պետության դեմ... ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ... մեզ մոտ նման ընկալում չկա եւ չի լինի... Դա սխալ է այն ամենի համատեքստում, ինչ մենք արդեն ունենք, եւ ինչ գոյություն ունի»,- ասել է Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպման ժամանակ: Այո, սա ասել է մի իշխանության ներկայացուցիչ, որոնք առավոտից իրիկուն խոսում են Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի մասին, մի իշխանության ներկայացուցիչ, որը պաշտոնապես դիմել է ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին՝ իրենց նյութական եւ կազմակերպչական օժանդակություն տրամադրելու, որ ռուսական ուժերի դեմ պատերազմում հաղթող դուրս գան: Փաշինյանն ամեն անգամ հայտարարում է, որ ինքը պատրաստ է հենց այսօր լքել ԵԱՏՄ-ն, եթե դրա հաջորդ օրը ԵՄ-ն Հայաստանին ընդունի իր շարքերը, որ Հայաստանի տեղը զարգացած ժողովրդավարական պետությունների, նկատի ունի` ԵՄ-ի կողքին է, եւ ոչ թե հետամնաց ավտորիտար ռեժիմների, նկատի ունի` ՌԴ-ին եւ նրա դաշնակիցներին:

Իսկ ռուսները մի՞թե չգիտեն, թե ինչ են ասում Հայաստանի իշխանությունները, ինչպիսի վերաբերմունք ունեն նրանք Ռուսաստանի նկատմամբ: Մի՞թե հավատում են Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: «Մենք շահագրգռված ենք բարեկամության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ։ Դա համապատասխանում է մեր ժողովուրդների եւ պետությունների շահերին եւ զգալի ներդրում է կատարում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման գործում»,- Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Մատվիենկոն։ Նրա մյուս զրուցակիցներն էլ են նույնքան բարեկամակաբար տրամադրված: Հարց է առաջանում` ինչո՞ւ է Ռուսաստանն աչք փակում Հայաստանի իշխանության նման երկդիմի վարքագծի վրա, մի՞թե չեն վիրավորվում, երբ իրենց խաբում են կամ փորձում են հիմարի տեղ դնել եւ, ընդհակառակը՝ խոսում են բարեկամությունն ամրապնդելու մասին:

Իրականում, Ռուսաստանի իշխանությունները գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ ինչ արտաքին քաղաքական կուրս է իրականացնում ՀՀ իշխանությունը: Բայց նրանք նաեւ գիտեն, որ Հայաստանի իշխանություն կոչվածը գտնվում է արտաքին կառավարման տակ, այդ մարդիկ չեն ներկայացնում Հայաստանի պետական եւ հանրային շահը եւ կառավարվում են իրենց արտաքին տերերի կողմից, նրանց ինչ հրահանգում են, այն էլ անում են: Հիմա ի՞նչ իմաստ ունի գժտվել գործիքի հետ, եթե քո իրական թշնամին այդ գործիքը բանեցնողն է: Ընդհակառակը, եթե Սիմոնյանը կամ Փաշինյանը փորձում են բարեկամություն խաղալ, կեղծավորություն անել, թող անեն, դրանից վնաս չկա: Ռուսաստանի համար կեղծ եւ շինծու բարեկամությունը գերադասելի է բացահայտ թշնամությունից: Միեւնույն է` Ռուսաստանի իշխանությունն ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող խոչընդոտել Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը, դրա համար չունեն ո՛չ կազմակերպչական, ո՛չ էլ այլ ռեսուրս: Իսկ արեւելյան ասացվածքն ասում է` այն ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրել եւ դնել գլխին:

Ռուսաստանի իրական վերաբերմունքը Հայաստանի իշխանության նկատմամբ Սիմոնյանի այցի օրերին արտահայտել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:  Անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ արձակված դատավճռին՝ նա գրել էր. «Զարմանալի զուգադիպություն. դատավճիռը հրապարակվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ միասին Էմիրություններում ստացան Մարդկային եղբայրության համար մրցանակը։ Փաշինյանի եւ Ալիեւի եղբայրությանը կարելի է չկասկածել, ինչպես որ կասկած չկա Փաշինյանի դավաճանության նկատմամբ, որը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը եւ իր հայրենակիցների վտարումն իրենց պատմական հողերից: Հայաստանի կառավարությունը եւ Նիկոլ Փաշինյանը, որոնք վերընտրվելու համար թակում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, արեւմտյան երկրների եւ նույնիսկ Ռուսաստանի դռները, մատը մատին չեն տվել՝ իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին եւ բարեկամներին գերությունից ազատելու համար: Այդ ամոթը հավերժ կմնա նրանց հետ»։ Այս հայտարարությունից հետո ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին կանչեց՝ բողոքի նոտա հանձնելու: Հայաստանը Ռուսաստանից բողոք չունի, առաջիկա 4 ամիսներին` միայն բարեկամություն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image