Վերլուծություն

Եթե պատերազմում պարտվեիք, նույն ռազմավարությա՞մբ կշարունակեիք կռվել

Եթե պատերազմում պարտվեիք, նույն ռազմավարությա՞մբ կշարունակեիք կռվել

Ցանկացած հրամանատար, եթե պարտվի պատերազմում, առաջին հարցը, որ տալիս է իրեն, հետևյալն է՝ որտե՞ղ էր սխալը։ Երկրորդ հարցը՝ ի՞նչ պետք է փոխել, որպեսզի հաջորդ փուլում արդյունքն այլ լինի։ Քաղաքականության մեջ այդ կանոնը ոչ պակաս կարևոր է, քան պատերազմում։

Այս օրերին շատերը քննարկում են՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ հրաժարվել դրանցից։ Սակայն ինձ թվում է՝ խնդիրը մանդատները չեն։ Խնդիրը ռազմավարությունն է։ Նախորդ խորհրդարանում ընդդիմությունը ներկա էր։ Խոսեց, քննադատեց, բոյկոտեց, վերադարձավ, մասնակցեց քննարկումներին, բարձրաձայնեց բազմաթիվ խնդիրներ։ Սակայն հիմնական քաղաքական նպատակը՝ իշխանափոխությունը, այդպես էլ չիրականացավ։

Այսօր նույն քաղաքական ուժը կրկին կանգնած է նույն ընտրության առաջ։ Խոսքս Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի մասին է։ Երկրորդ նախագահը պետական կառավարման, պատերազմի և ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելու փորձ ունեցող քաղաքական գործիչ է։ Նա շատ լավ գիտի, որ երկարատև պայքարում գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է վերանայել ոչ միայն մարտավարությունը, այլև ռազմավարությունը։

Հենց այդ պատճառով իմ հարցն ուղղված է նրան։ Եթե որոշվում է կրկին վերցնել մանդատները, հասարակությունն իրավացիորեն կարող է հարցնել՝ ի՞նչն է փոխվել։

Փոխվե՞լ է քաղաքական թիմը։

Ոչ։

Փոխվե՞լ է ռազմավարությունը։

Դրա վերաբերյալ առայժմ հստակ պատկեր չի ներկայացվել։

Փոխվե՞լ են այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է հասնեն իշխանափոխության։ Այդ հարցի պատասխանը նույնպես պարզ չէ։ Եվ այստեղ բնական հարց է առաջանում. եթե գործիքները, թիմը և պայքարի տրամաբանությունը նույնն են մնում, ինչո՞ւ պետք է արդյունքը տարբեր լինի։ Կարող է հասարակության մի մասի մոտ նույնիսկ այլ հարց ծագել. իսկ արդյո՞ք իշխանափոխության խնդիրն է դրված որպես առաջնահերթ նպատակ։

Այս իրավիճակում «կրկին մտնենք խորհրդարան» տարբերակը շատերի համար սկսում է ընկալվել ոչ թե որպես նոր քաղաքական ռազմավարություն, այլ որպես արդեն փորձված ճանապարհի շարունակություն։ Մարդիկ իրավացիորեն հարցնում են. եթե նույն թիմը նույն պայմաններում կրկին ընտրում է նույն գործիքը, ապա հենց նա պետք է բացատրի, թե այս անգամ ինչու է ակնկալում այլ արդյունք։ Քաղաքականության մեջ նոր արդյունք ստանալու համար սովորաբար անհրաժեշտ է փոխել առնվազն երեք բաներից մեկը՝ թիմը, ռազմավարությունը կամ պայքարի դաշտը։

Եթե երեքն էլ նույնն են մնում, հասարակությունը բնականաբար ենթադրում է, որ արդյունքն էլ նույնը կմնա։
Այստեղ խոսքը ոչ թե մանդատի, այլ քաղաքական և ռազմավարական տրամաբանության մասին է։ Որովհետև երբ նույն մարդիկ նույն ճանապարհով երկրորդ անգամ են գնում, պատասխանատվությունը ճանապարհն առաջարկողների վրա է։ Նրանք պետք է ցույց տան, թե այս անգամ ինչն է լինելու տարբեր։ Ես խոսում եմ ոչ թե մանդատների, այլ ռազմավարության արդյունավետության մասին։

Պատերազմում պարտությունից հետո որևէ հրամանատար չի վերադառնում նույն մարտադաշտը՝ նույն քարտեզով, նույն հաշվարկներով և նույն մոտեցումներով՝ հույս ունենալով, որ արդյունքն այս անգամ այլ կլինի։ Նա ուսումնասիրում է իր սխալները, վերագնահատում իրավիճակը և փորձում գտնել նոր լուծումներ։ Ութ տարի է քաղաքական պայքար է ընթանում։

Դա արդեն բավական երկար ժամանակ է, որպեսզի հասարակությունը ոչ միայն գնահատի կատարված աշխատանքը, այլև հարցնի՝ ինչո՞ւ դեռևս չի ձևավորվել այն արդյունքը, որի համար մղվում է այդ պայքարը։
Հարգանքով եմ վերաբերվում այդ ճանապարհին, սակայն հասարակությունն իրավունք ունի հասկանալու՝ արդյո՞ք իրականացվել է ռազմավարության վերագնահատում, թե՞ շարունակվում է նույն քաղաքական գիծը՝ այլ արդյունքի ակնկալիքով։

Ընդունում եմ նաև, որ մանդատներից հրաժարվելը ինքնին լուծում չէ։ Եթե ծրագիր չկա, ապա թե՛ մանդատ վերցնելը, թե՛ մանդատից հրաժարվելը կարող են վերածվել տարբեր ճանապարհներով նույն կետին հասնելու փորձի։ Քաղաքականության մեջ խնդիրը միայն ճանապարհի ընտրությունը չէ։ Խնդիրն այն է, թե արդյոք հստակ է վերջնակետը և հասնելու մեխանիզմը։ Ես այս հարցը ուղղում եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա այդ ճանապարհն անցած քաղաքական գործիչ է։ Նա գիտի, որ հաղթանակի և պարտության միջև հաճախ տարբերությունը ոչ թե կամքի, այլ ճիշտ ընտրված ռազմավարության մեջ է։

Եվ հենց այդ պատճառով հարցը մնում է բաց.

Եթե պատերազմում պարտվեիք, նույն ռազմավարությա՞մբ կշարունակեիք կռվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image