Հարցազրույց

Իշխանության էրոզիայի գործընթացը սկսվել է

Իշխանության էրոզիայի գործընթացը սկսվել է

«Հրապարակի» զրուցակիցը վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն է:

- Վրաստանը նորից ալիքվում է բողոքի ցույցերից. հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջին միախառնվել է երկրի իշխանությունների՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները 4 տարով սառեցնելու որոշումը: Վերջին օրերին թեժ բախումներ են ընդդիմության կողմնակիցների եւ իրավապահների միջեւ, կան նաեւ տուժածներ: Երկրի ՊԱԾ-ն էլ ասում է՝ իշխանազավթման փորձ է արվում:

- Այո, եվրաինտեգրումից փաստացի հրաժարվելու մասին Կոբախիձեի հայտարարությունը դարձավ այն ձգանը, որը պարզապես ստիպեց հասարակության ակտիվ հատվածին բողոքել, եւ այդ բողոքը ձեռք բերեց համազգային բնույթ։ Սա բողոք է ոչ միայն եվրաինտեգրումից հրաժարվելու, այլեւ այն ամենի դեմ, ինչ տեղի է ունեցել այս տարվա գարնանից հետո, այդ թվում՝ արտաքին ազդեցության մասին օրենքը, ընտրությունները եւ այլն։

- Հավաքական կարծիքն այն է, որ Վրաստանում իրապես լուրջ պրոցեսներ են սպասվում: ՊՆ, ԱԳՆ, Բաթումիի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ դեմ են կառավարող ուժի՝ ԵՄ-ի հետ կապված որոշմանը, միանում են ցուցարարներին: Բացասաբար են արձագանքել նաեւ վրացի հայտնի մարզիկները, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչները, դեսպաններ են հրաժարական տվել: Ի՞նչ սպասել:

- Ցանկացած սցենար հնարավոր է, բայց իշխանության էրոզիայի գործընթացն արդեն սկսվել է:

- Զուրաբիշվիլին մտադիր չէ վայր դնել լիազորությունները, ասում է, թե խորհրդարանը լեգիտիմ չէ, չի կարող նոր նախագահ ընտրել, իսկ իրեն ընտրել է նախորդ լեգիտիմ խորհրդարանը, ուստի ինքը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ իշխող կուսակցությունը պնդում է, որ այս տարի պետք է անպայման նախագահ ընտրեն, թեկնածուն էլ  ֆուտբոլիստ է: Այսինքն, կարեւոր չէ՝ ով, բայց ամեն գնով պետք է հեռացնեն ընդդիմադիր նախագահին:

- Նախագահական ընտրություններն այսպես, թե այնպես պետք է կայանային, սակայն խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ընդունվում հասարակության մեծ մասի, արեւմտյան գործընկերների եւ անձամբ նախագահի կողմից։ Այսպիսով, խորհրդարանը դառնում է ոչ լեգիտիմ, ինչը նշանակում է, որ խորհրդարանը չի կարող նախագահ ընտրել:

- Վրաստանի ՍԴ-ն մերժեց Զուրաբիշվիլու եւ ընդդիմության ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով հայցերը: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Նախագահի դիրքերը, կարծեք, ամուր են թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աջակցության առումով: 

- Սա «Վրացական երազանքի» պատասխանն էր Զուրաբիշվիլու՝ նոր խորհրդարան գումարելու եւ նոր ընտրություններ նշանակելու առաջարկին:

- Մերձբալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Թբիլիսիի դեմ, իսկ Զուրաբիշվիլուն խոստանում են քաղաքական ապաստան տալ:

- Իսկ Զուրաբիշվիլու ինչի՞ն է պետք քաղաքական ապաստանը:

- ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն էլ կարելի է «սառը ցնցուղ» համարել. դադարեցնում են Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերությունը: Վրաց պաշտոնյաների հանդեպ սահմանված պատժամիջոցներին հետեւեց նման քայլ: Սա ի՞նչ է նշանակում: 

- Ռազմավարական գործընկերության կասեցումը նախազգուշացում է. ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, բայց, ըստ իս, ռազմավարական գործընկերության ժամանակ պատժամիջոցներ կիրառելն անհնար է:

- Բացի այդ, Պետքարտուղարությունը ժամեր առաջ Վրաստանի իշխանություններին ուղղված՝ դատապարտող հայտարարություն տարածեց՝ կապված շուրջ մեկ շաբաթ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները «բռնի ճնշելու» հետ: ԵՄ-ի առջեւ 4 տարով «դռները փակած» «Վրացական երազանքն» ի զորո՞ւ է դիմակայել այս ճնշմանը:

- Այսօրվա (խոսքը դեկտեմբերի 4-ին նախանշվածի մասին է՝ խմբ.) բողոքի ակցիան համազգային է՝ Վրաստանի բոլոր շրջաններում եւ բոլոր ոլորտներում՝ բիզնես, բժշկություն, կրթություն, մշակույթ… Ինչպես եւ ինչ կլինի, կտեսնենք:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image