90-ականներին Հայաստանում 100-ից ավելի կուսակցություն կար: Բազում պատմություններ ու անեկդոտներ կային այս թեմայով՝ մի մարդատար ավտոմեքենայում տեղավորվող կուսակցության, կնոջ ու սիրուհու ձայների հույսին մնացած կուսառաջնորդների եւ այլնի մասին: Հետո «Կուսակցությունների մասին» օրենք ընդունվեց, որտեղ բավականին խստացվեցին կուսակցություն ունենալու պայմանները՝ մարզերում կառույցներ, 2 հազարից ավելի անդամ, որոնց անձնագրային տվյալները պետք է առկա լինեն Պետռեգիստրում, եւ, ուզած-չուզած, որոշ կուսակցություններ ինքնալուծարվեցին, մյուսները միացան խոշորներին, եւ դաշտը փոքր-ինչ մաքրվեց: Թեեւ մնացածն էլ շատ էր Հայաստանի նման փոքր երկրի համար: Եվ իսկապես, ի՞նչ կուսակցության մասին կարող է խոսք գնալ, եթե այն չի մասնակցում հինգ տարին մեկ կազմակերպվող Ազգային ժողովի ընտրություններին, ՏԻՄ ընտրություններին, համագումարներ չի անում, քաղաքական կյանք չի վարում: Այսինքն, նվազագույն քվեներ ստանալու հույս կամ ընտրագրավը մուծելու հնարավորություն չունի կամ էլ մասնակցում է՝ ձայներ փոշիացնելու, այս կամ այն ուժի պատվերը կատարելու համար։
Ի վերջո, վերոնշյալ խստացումներից հետո ինչ-որ մի շրջանում նորից կուսակցություններին ներկայացվող պահանջները նվազեցրին, հսկողություն էլ չկար, ուստի սկսեցին նոր կուսակցություններ գրանցել, եւ Հայաստանում այժմ կա 100-ից ավելի կուսակցություն, որոնց շատերի անունները, գաղափարախոսությունը, անգամ ղեկավարների ով լինելը մեզ հայտնի չեն։ ԱՄՆ-ի պես գերտերությունում ընդամենը մի քանի կուսակցություն է գործում, հիմնական մրցակիցները երկուսն են՝ հանրապետականներն ու դեմոկրատները, իսկ մեզ նման փոքր, աղքատ երկրում կուսակցությունների թիվն անհաշվելի է։
Մեր պնդմանը, թե այժմ կուսակցություններ գրանցելը, հիմնադրելը դյուրին են դարձել, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը չհամաձայնեց։ Նա վստահեցնում է, որ վերջին 3-4 տարում Փաշինյանի իշխանությունն ամեն հնարավոր բան արել է, որպեսզի կուսակցություն գրանցելու գործընթացը բարդանա, որպեսզի Մոլդովայի օրինակը կարողանան կրկնել։ «Վերջին շրջանում կուսակցություն գրանցելու պրոցեսը բարդացվեց, բարդացվեց, եւ ստեղծվեց իրավիճակ, որ կուսակցության կառավարման խորհրդի բոլոր անդամներին պարտավորեցրին պարտադիր հայտարարագիր լրացնել, կուսակցությունը եւս պետք է հայտարարագիր լրացնի եւ անցնի աուդիտ, ինչպես նաեւ՝ չորս տարին մեկ կուսակցությունը պարտավոր է անցկացնել համագումար, իսկ համագումարն ունի բավականին ընթացակարգային առանձնահատկություններ, ընտրական փուլում մասնակցության ժամանակ հայտարարագրերը կուսակցություններին պարտադրել են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այժմ մեր մտահոգությունն այն է, որ այս ընթացակարգերի բարդացումով, ինչպես նաեւ՝ քաղաքական նկատառումներով, իշխանությունները կարող են գնալ Մոլդովայի սցենարով եւ ինչ-որ ուժերի պարզապես չգրանցել կամ էլ գրանցվածների գրանցումն անվավեր ճանաչել։ Պրոցեսներն իրականում բարդացել են՝ տեխնիկական իմաստով, այն ոչ թե բովանդակային իմաստ է ստացել, որ գրանցված կուսակցություններն իրապես լինեն գաղափարական եւ այլն, այլ պարզապես ընթացակարգային, տեխնիկական բարդությունների մասին է, որոնք Պետռեգիստրին եւ ԿԸՀ-ին հնարավորություն են տալիս՝ անվավեր ճանաչել մի շարք կուսակցությունների»,- ասում է Խաժակյանը։
Բայց այս հարյուրից ավելի կուսակցություններն ինչպե՞ս են գրանցվել եւ գործունեություն ծավալում։ «Նրանց մեծ մասն անգամ գրանցված էլ չէ, իրենք պնդում են, որ կա կուսակցություն, սակայն թղթերը ստանում են բավականին ուշ, ամեն դեպքում, բարդացնել գրանցումը՝ չի նշանակում դարձնել անհնարին, տեխնիկապես են բարդացումները, իսկ այդ ամենն այն բանի համար է, որ իշխանությունը վերահսկողություն ունենա գործընթացների վրա, եւ եթե պետք լինի ինչ-որ կուսակցությունների չգրանցել, ապա չգրանցեն։ Օրինակ՝ ԴՕԿ, Աղազարյանի ՄԱՍԿ-ը եւ այլն։ Տանում-բերում են մարդկանց եւ չեն գրանցում։ Այժմ չկա, օրինակ, մարզային կառույցներ ունենալու պահանջ, սակայն, ինչպես արդեն ասացի, չորս տարին մեկ պետք է կուսակցությունը համագումար անցկացնի, ինչպես նաեւ՝ համագումարը պետք է հաստատի նախընտրական ցուցակի առաջին 30 համարը։ Սա էլ, ըստ էության, բարդացնող նորամուծություն է»։