Քաղաքականություն

«Հրապարակ». Ուկրաինային 40 միլիարդ էին խոստանում, Հայաստանին` 270 միլիոն

«Հրապարակ». Ուկրաինային 40 միլիարդ էին խոստանում, Հայաստանին` 270 միլիոն

Նիկոլ Փաշինյանի սկսած քաղաքական աննախադեպ ռեպրեսիաներին ու Հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող ամոթալի պայքարին «դուխ է տալիս» քաղաքակիրթ ու ժողովրդավարության ջատագով Եվրոպան, որտեղ Փաշինյանի արածի 1 տոկոսն անգամ պատկերացնել հնարավոր չէ: Բայց աշխարհաքաղաքական շահը պահանջում է, որ Եվրոպան աչք փակի, անգամ խրախուսի Փաշինյանի բռնապետությունը: «Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի»,- Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո՝ նախօրեին գրել էր Մակրոնը: Երեկ էլ Երեւանում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, թե ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել միմյանց, որքան այսօր:

Ինչպես ասում են՝ գունավոր, փայլփլուն կոնֆետի՝ եվրոպական հեռանկարի խոստումներով էր տիկինը Հայաստանում: «Մենք վճռորոշ պահին աջակցություն պետք է տրամադրենք ՀՀ-ին»,- հայտարարել է ԵՄ պաշտոնյան, չնայած հայ ժողովրդի համար վճռորոշ ու ողբերգական պահին՝ Արցախում էթնիկ զտման օրերին, նրանք Հայաստանի կողքին չէին, իսկ Ադրբեջանը հաջողությամբ մարսեց այդ հանցագործությունը: Այցի ընթացքում հայտարարվեց ՀՀ-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկի մասին, ասվեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները: Կալլասն էլ խոստացավ, որ ԵՄ-ն Դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում 2024-27 թթ․ համար Հայաստանին 270 միլիոն եվրո կտրամադրի: 
Կալլասի հայտարարությունների բարոմետրն Ուկրաինան է՝ «Հրապարակ»-ին ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն ու հիշեցնում՝ նույն պաշտոնյան 2024-ին Ուկրաինային 40 մլրդ եվրո էր խոստացել, մինչդեռ այս տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հավաքվեց այդ գումարի ընդամենը 10-15 տոկոսը: «ՀՀ-ԵՄ անվտանգության համակարգի ձեւավորման հայտարարությունը նվազագույնը անլուրջ է: ԵՄ պաշտոնյայի ժպտերես հայտարարության տակ որեւէ լուրջ բան չկա, այդ հայտարարությունների արժեքը մենք տեսնում ենք Ուկրաինայում, որը յուրատեսակ բարոմետրի դեր է տանում հետխորհրդային տարածքում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն պաշտպանում Ուկրաինային եւ նրա ինքնիշխանությունը, ինչպես իրենք են բնորոշում, եւ ինչպես է ԵՄ-ն պաշտպանում այդ երկրի անվտանգությունը: Ես լուրջ չեմ վերաբերվում ՀՀ-ԵՄ-ի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցությանը, սա ուղղակի հերթապահ հայտարարություն է՝ ժողովրդի աչքին թոզ փչելու եւ ցույց տալու համար, թե իբր Հայաստանի կողքին են ու մինչեւ վերջ կպաշտպանեն Հայաստանին, բայց սա հերթական անգամ մեր ժողովրդին կանգնեցնելու է կոտրված տաշտակի առջեւ, ինչպես եղավ սրանից ուղիղ 100 տարի առաջ»,- ասում է միջազգայնագետը՝ հիշեցնելով, որ նույն՝ ԵՄ պաշտոնյաները հստակ են նշում՝ ԵՄ-ն ցանկություն չունի Հայաստանը ներառել իր անվտանգային ճարտարապետության մեջ:

Մեր զրուցակիցը հիշեցնում է պրահյան գործընթացի փորձանքը Հայաստանի համար՝ նույն ԵՄ-ի մասնակցությամբ, երբ ԵՄ-ն իր բաժին պարտավորությունն իրականացրեց Ադրբեջանի առջեւ ու ստացավ անխափան գազամատակարարում, իսկ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն Ադրբեջանին հայտարարեց հուսալի գործընկեր: Բալասանյանի խոսքով, Կայա Կալլասի ու մյուս եվրապաշտոնյաների հայտարարությունները պետք է դիտարկել Հայաստանին Ռուսաստանից կտրելու, Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս բերելու լույսի ներքո: «Այն, ինչ այսօր կատարվում է Բաքվում եւ Երեւանում, ըստ էության, նույն կենտրոնից ստացած հրահանգներն են: Կալլասի այցը պայմանավորված էր՝ եւս մեկ անգամ ստուգելու, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունն անխափան կատարում է բոլոր հայտարարությունները, եւ արդյո՞ք Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Այդ պայմանավորվածությունները Հայաստանին ոչինչ չեն տալիս, տալիս են անվտանգության պատրանքի զգացում, որը, ըստ իշխանությունների, բավական է ժողովրդին թմրեցնելու եւ իրական սպառնալիքները չնկատելու համար: Ինչ վերաբերում է Կալլասի այցին՝ ԵՄ դիտորդական առաքելության տեսանկյունից, ապա այսօր Իրանում լուրջ սկանդալ է պայթել՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված, որի տեսախցիկները՝ տեղակայված Իրանի միջուկային օբյեկտներում, օգտագործվել են Իսրայելի կողմից, այսինքն՝ նրանց տրվել է թույլտվություն: Որքանո՞վ մենք կարող ենք վստահ լինել, որ այդ նույն՝ ԵՄ դիտորդները, որոնք տեղակայված են Եղեգնաձորում, չեն օգտագործել իրենց ձեռքի տակ եղած միջոցները՝ Իրանի տարածքը հետախուզելու եւ Իսրայելին հետախուզական տվյալներ փոխանցելու համար: Կարծում եմ՝ Կալլասի այցը նաեւ սրանով էր պայմանավորված, որ հանկարծ Հայաստանը չմտափոխվի ու Իրանի հետ հարաբերությունները չսերտացնի, ինչը պատճառ կդառնա ԵՄ դիտորդների՝ Հայաստանից դուրսբերման համար»,- բացատրում է միջազգայնագետը՝ նկատելով, որ ԵՄ դիտորդական առաքելության իրական նպատակն այն չէ, ինչ նրանք անում են «կախարդական հեռադիտակներով»:

Իսկ Մակրոնի արձագանքը, ըստ միջազգայնագետի, բացարձակապես անթույլատրելի է եւ ուղիղ միջամտություն է ՀՀ ներքին գործերին, որով, ի դեպ, ի ցույց է դրվում, որ կաթոլիկ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, աչք է փակում Հայ առաքելական եկեղեցու վրա ՀՀ գործող վարչապետի հարձակումներին եւ չնկատելու է տալիս մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որ արձանագրվում են այս վերջին օրերին, երբ մարդկանց հանիրավի, առանց որեւէ մեղադրանքի ու պատճառի բերման են ենթարկում: «Ինձ համար բացարձակապես անհասկանալի է Միրզոյանի արձագանքը Լավրովի հայտարարությանը, որը միջամտել է ՀՀ ներքին գործերին, ինչպես պնդում է ՀՀ ԱԳ նախարարը: Նա կա՛մ չի լսել, թե Լավրովն ինչ է ասել, կա՛մ չի հասկացել, թե ինչ է խոսում»,- ասում է Բալասանյանը՝ բացատրելով, որ Ռուսաստանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին իրենց դիտում են որպես արեւելյան քրիստոնյաների պաշտպաններից մեկը, ինչը դարերի պատմություն ունի:

Միջազգայնագետը շեշտում է․ Լավրովի մտահոգությունը՝ Եկեղեցու շուրջ կատարվողին, միջամտություն չէր ՀՀ ներքին գործերին նաեւ այն պատճառով, որ Սահմանադրությամբ Եկեղեցին անջատ է պետությունից: ԵՄ-ից ստացված այս ուղերձները փաստացի վկայում են՝ ԵՄ-ն կանաչ լույս է վառում ՀՀ իշխանությունների առջեւ ու ցույց է տալիս, որ եվրոպական որեւէ իրավապաշտպան կազմակերպություն ձայն չի հանելու՝ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված: Բալասանյանը նաեւ բնական է համարում, որ Եվրոպան սատարում է Հայաստան-Ադրբեջան գործընթացին՝ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից մինչեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերում եւ անգամ Մեծամորի ատոմակայանի փակման հեռանկար, որի համար ԵՄ-ն 200 միլիոն եվրո է տալու Հայաստանին: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, ինչը, Լավրովի խոսքով, նկատել են ՀԱՊԿ ԱԳ նախարարները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image