Քաղաքականություն

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է դատի տալ ոչ միայն զրպարտության, այլեւ անգործության համար

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է դատի տալ ոչ միայն զրպարտության, այլեւ անգործության համար

Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո այնքան է դատարկախոսում, խորհրդարանական ընտրարշավի ընթացքում էլ այնքան հոգեխախտ տեսարաններ ցուցադրեց, աջուձախ անծանոթ քաղաքացիների հետ լեզվակռիվների մեջ մտնելով, մարդկանց վրա հարձակվել-քաշքշելով, ում հասցեին ասես հայհոյանք ու վիրավորանք շաղ տալով եւ տեսախցիկների առաջ հիստերիկանալով ու բղավելով, թե ինչու «արցախցիները չեն զոհվել, ինչու են ողջ մնացել», որ դժվար նման ակնհայտ հոգեկան խանգարման նշաններ ունեցողին լսողներ գտնվեն։ Ծաղրողներ, հայհոյողներ, անիծողներ՝ որքան ասես, բայց լսողներ` ոչ։ Սակայն մեկ-մեկ դարակազմիկ մտքեր Փաշինյանն ասում է։

Զրպարտության համար հայցեր

Ասենք, ինչ ասես արժեր այն խելապակաս հայտարարությունը, թե ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիները դա արել են բացառապես ընտրակաշառք վերցնելով։ Արդեն իսկ քաղաքացիները նման զրպարտության համար Փաշինյանին դատի տվել են եւ շատ էլ ճիշտ են վարվել։ Բայց այդ աշխատանքը պետք է կազմակերպել եւ տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից հայցեր ներկայացնել, թեկուզ տիպային հայցադիմումներով, որպեսզի քաղաքացիներին մնա անձնական տվյալներ լրացնելու, ստորագրելու գործը։ Ընդդիմությունն ինչո՞վ է զբաղված, որ այդ կարեւոր գործը չի կազմակերպում։

Ինչ խոսք, անգամ կույրին է տեսանելի, որ Փաշինյանը եւ իր վարչախումբը հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ համատարած, հարյուր հազարավոր մարդկանց նյութական եւ ոչ նյութական ընտրակաշառք են բաժանել՝ 10 հազար դրամ կենսաթոշակային հավելումների, առողջապահական ապահովագրության, ժամկետային զինծառայության կրճատման, վարորդների համար նպաստավոր կարգավորումների, տարբեր սոցիալական խմբերի հասցեագրված այլ ձեռնարկումների տեսքով, դրանք ներկայացնելով որպես կառավարության ծրագրեր, որոնք, չգիտես ինչու, կյանքի չէին կոչվում նախընթաց հինգ տարիներին, սակայն ընտրությունների նախաշեմին գործադրվեցին հինգ ամսից էլ կարճ ժամկետում։ Այդ համատարած ընտրակաշառքն է պատճառը, որ Փաշինյանը, իրավապահ համակարգը սեւ քարոզչության գործիք դարձրած, օրնիբուն զազրախոսում է իբր ընդդիմության համակիրների կամ կուսակցականների կողմից ընտրակաշառք բաժանելու բացահայտումների մասին․․․ Քանի հազար տարի առաջ է ասվել․ «Գողն ամենից բարձրն է բղավում՝ բռնեցեք գողին»։ Ենթագիտակցորեն սեփական հանցագործություններն այլոց վերագրելը վաղուց հայտնի երեւույթ է, Փաշինյանի հիստերիան էլ՝ հերթական դրսեւորումը։

Սակայն բոլոր այս հանգամանքները ոչինչ չեն փոխում։ Ինչու, ինչ շարժառիթով է Նիկոլ Փաշինյանը հրապարակավ զրպարտել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք հունիսի 7-ի ընտրություններում իրենց քվեն տվել են ընդդիմությանը, էական չէ։ Էականը փաստն է, որ Փաշինյանը բառացի ասել է. ««Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե», մի քանի օր անց էլ ճամարտակել է․ «Ես պաշտոնապես ասում եմ՝ աչքաչափով էլ երեւում է, որ էդ եռագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70 տոկոսը փողով ստացած ձայներ են»։ Ավելի վայրագ զրպարտություն՝ իր ընտրական իրավունքն իրացրած եւ ուսապարկեր-ՔՊ-Փաշինյան եռագլուխ գոյացությանը մերժած ՀՀ կես միլիոնից ավելի քաղաքացիների հասցեին, չի լինում։ Հետեւաբար, կես միլիոն քաղաքացիներն էլ իրավունք ունեն դիմել դատարան եւ յուրաքանչյուրը մինչեւ երեք միլիոն դրամ փոխհատուցում պահանջել Փաշինյանից` հրապարակային զրպարտության համար։
Ճիշտ է, որ այդ իրավաքաղաքական արշավը կազմակերպվի ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք առնչվում են երկրի առաջին՝ օրենսդիր իշխանությանը։ Եթե կուսակցությունները դա չեն անում, ապա պետք է անեն իրավաբանները, փաստաբանները, որոնք առնչվում են երրորդ՝ դատական իշխանությանը։ Եթե իրենք էլ չեն ձեռնարկում, ուրեմն չորրորդ իշխանությունը՝ մամուլը պետք է արշավը կազմակերպի։ Ի վերջո որեւէ, հանրային խավ դա պետք է անի։ Իսկապես արժե, որ Փաշինյանին մի քանի հարյուր հազար, թեկուզ մի քանի տասնյակ հազար մարդ դատի տա զրպարտության համար, որեւէ փոխհատուցում դեռ մի կողմ թողած։

Անգործության համար հայցեր

ՀՀ կես միլիոնից ավելի քաղաքացիներին զրպարտելու համար Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելուց բացի, արժե մտածել Փաշինյանին նաեւ անգործության համար դատի տալու մասին։ ՀՀ վարչապետն ի պաշտոնե կոչված է արտերկրում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը եւ պաշտպանելու ՀՀ շահերը։ Մինչդեռ այսօր նշյալ պաշտոնը զբաղեցնող հացկատակը բացարձակ անգործություն է դրսեւորում, երբ արտերկրից ստում եւ զրպարտում են Հայաստանին եւ հայությանը։ Վերջին մի քանի օրում միայն երեք ամպագոռգոռ հայտարարություն իմ ուշադրությունը գրավեց։

Առաջինը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի բարբաջանքը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք գրելու, Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններից Փաշինյանի ուղեղն այնպես է «կախել», որ, հակառակ ամեն ինչի մասին ճամարտակելու բնազդին, Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ձայն չի հանում։ Փոխարենը լեզվին տվեց Էրդողանը եւ ինչ ստեր ասես՝ շաղ չտվեց․ է՛լ իր հազիվ 5-6 հարյուր տարվա պատմություն ունեցող երկրին 1000-ամյա պատմություն վերագրել, է՛լ հետամնացության, բարբարոսության ու ավերածությունների խորհրդանիշ, մարդկային զարգացումն արգելակած Օսմանյան կայսրության անցյալը «փառապանծ» կոչել, է՛լ Հայկական բարձրավանդակի, հնդեվրոպական քաղաքակրթության օրրան հանդիսացած Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի, Կիլիկիայի, այդտեղ Ք․ծ․ա․ 2592 թ․-ից մինչեւ Ք․ծ․հ․ 1920 թ․ ապրած եւ արարած, Հայկազունիների, Արարատյան, Արտաշիսյանների աշխարհակալությունները, Երվանդունիների, Արշակունիների, Բագրատունյաց, Կիլիկիայի թագավորությունները կերտած հայ ժողովրդի պատմությունը կեղծել ու աղավաղել։ Վերջում էլ մարդկային պատմության մեծագույն ոճիրներից մեկը` Հայոց ցեղասպանությունը ժխտել, դրա դատապարտման դեմ վայրահաչել կամ Գազայի դեպքերի հետ զուգահեռ տանել, երբ Գազայի դեպքերը, այո, սարսափելի ու խորագույնս դատապարտելի, բայց լոկ պատերազմական հանցագործություններ են, որ ո՛չ մասշտաբով, ո՛չ հետեւանքներով աղերս չունեն 1915-23թթ․ հայոց կամ 1939-45թթ․ հրեից ցեղասպանությունների հետ։ Ով էլ այս երկրագնդի վրա «ցեղասպանություն» բառը հոլովի, գոնե կիսագրագետ Էրդողանը պետք է լռի։ Սակայն այստեղ հարցն Էրդողանի՝ գրոշի արժեք չունեցող դատարկախոսությունները չեն, ոչ էլ ցեղասպանությունը, այլ հայոց 5-հազարամյա պատմության եւ հայրենիքի հանդեպ ոտնձգությունն ու կեղծարարությունը, որին Փաշինյան կոչված թյուրիմացությունը 1 բառով անգամ չի հակադարձում։ Մնում է հարցը, թե նման սրիկայական վարք դրսեւորողն ինչու է հայոց պետության մեջ պաշտոն զբաղեցնում, այն էլ՝ վարչապետի։

Հաջորդը՝ Իլհամ Ալիեւի վայրահաչոցը Միջազգային քրեական դատարանի առաջին նախագահ Լուիս Օկամպոյի, ԵՄ նախկին բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի եւ Հայաստանի Հանրապետության հասցեին, թե Հայաստանը նրանց ուղղակի կամ միջնորդավորված կաշառել էր՝ հայանպաստ դիրքորոշումներ որդեգրելու համար։ Նախ, երբ խոսքը գնում է հայ-ադրբեջանական դիմակայության մասին, որտեղ երկու հակոտնյա կողմեր են՝ մի կողմում 5-6-հազարամյա պատմությամբ հնդեվրոպական քաղաքակրթության, Բարեբեր մահիկի (Fertile Cresent) եւ քրիստոնեության ակունքներում կանգնած հայ ժողովուրդը, մյուս կողմում՝ 3-4 հարյուր տարի առաջ Հարավային Կովկաս ներթափանցած թաթարական բաշիբոզուկներ, որ առնչություն չունեն մարդկային քաղաքակրթության հետ, ցանկացած քաղաքակիրթ անհատ էլ հայերին կհամակրի։ Հակառակը հնարավոր է միայն կաշառքի ներգործությամբ, ինչը տարիներ շարունակ բաժանել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը՝ պարբերաբար մերկացվելով միջազգային մամուլում եւ հայտնվելով սկանդալների մեջ։ Ու այդ կաշառակերության, կաշառատվության, փողերի լվացման մեջ թաղված միջազգային հանցագործը, որը նաեւ արցախահայության դեմ գործած էթնիկ զտման համար մարդկության դեմ հանցագործ է եւ Հաագայի դատարանի առջեւ կանգնելու ենթակա մեկը, լկտիանում է այնքան, որ Հայաստանին ուղիղ կամ միջնորդավորված կաշառատվության մե՞ջ է մեղադրում։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող թյուրիմացությունն էլ լռում է։

Երրորդը․ Կրեմլի խոսափող Մարիա Զախարովան էլ իր հերթին էր օրերս լեզուն երկարացրել եւ Հայոց ցեղասպանությունից էր խոսում՝ երեւի մոռանալով որ 1920-ին Քեմալ Աթաթուրքին գտած, զինած, ֆինանսավորած եւ Հայաստանի ու Հունաստանի դեմ քսի տված երկիրը եղել է Ռուսաստանը, Սեւրի դաշնագրի գործադրումը Հայաստանի ու Հունաստանի մասով վիժեցրած եւ Արեւմտյան Հայաստանի կորստյանը նպաստած, «Ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության» պայմանագիրը կնքողը` ի հաշիվ հայոց հողերի, եղել է Ռուսաստանը, որ այդ նողկալի պայմանագրի 100-ամյակը տոնողը 2021-ին, Արցախի 44-օրյա պատերազմից հետո եղել է Ռուսաստանը: Որ կարելի է Ռուսաստանը թուրքերին ու քրդերին համահավասար մեղսագործ ու հանցակից ճանաչել նաեւ հայերի ցեղասպանության հարցում։ Չլինեին ռուսները, հայերը կվերադառնային Սեւրյան Հայաստան, ինչպես 1604-ի Շահ Աբասի կազմակերպած վայրագ տեղահանությունից ու կոտորածից հետո վերջնահաշվում հայերը վերադարձան հայրենիք, եւ այսօր այդ սարսափելի դեպքերի հետքն էլ չկա ազգային հիշողության մեջ։ Անգամ Իրանը բարեկամ համարող հայեր գոյություն ունեն, քանի որ Իրանի արնախում Շահ Աբաս արքայի եւ հայության դեմ գործած նրա ոճիրների թույլ արձագանքը միայն գեղարվեստական գրականության մեջ է մնացել, օրինակ՝ Հովհ․ Թումանյանի «Թմկաբերդի առումի»։ Հետեւաբար, չլինեին ռուսները, հայերը կվերադառնային Սեւրյան Հայաստան, տեղի չէր ունենա հայրենազրկման իրողություն, 1915-ի տեղահանությունն ու կոտորածն էլ չէին դառնա ազգային տրավմա եւ ցեղասպանություն։

Ռուսներն այնքան մեղսագործ ու հանցագործ են աստծո, քաղաքակրթության, քրիստոնեության ու մարդկության առաջ այն ամենի համար, ինչ կատարվել է 20-րդ դարասկզբին Սեւրի դաշնագրի, հայերի եւ հույների հետ, որ բարոյական իրավունք չունեն ձայն հանելու։ Իսկ եթե խոսում են, ուրեմն Հայաստանում պետք է լինի վարչապետ, որ պատասխանի այնպես, որ մյուս անգամ լռեն։ Իսկ եթե վարչապետի աթոռն անիմաստ զբաղեցնողը չի պատասխանում Հայաստանի հասցեին հնչող զրպարտություններին ու կեղծիքներին, նման անգործության համար ճիշտ է նրան արդարադատության առջեւ կանգնեցնելը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image