Երբեմն անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, որոնք մինչեւ հոգու խորքը զայրանում են նիկոլականների, այս իշխանությունների քաղաքականությունը եւ առաջին դեմքերին պաշտպանողների վրա: Փորձում են իրենց համոզել, որ ամբողջ ազգը «զզվում է Նիկոլից», որ պաշտպանողները մտածելու անընդունակ, հայրենիքի զգացողություն չունեցող մարդիկ են: Իսկ ավելի էնտուզիաստները ստանձնում են նրանց «դարձի բերելու» անհույս գործը` սկսում են բացատրել, համոզել, փաստարկներ բերել: Այս մարդկանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին առերեւույթ կամ սկզբունքորեն պաշտպանող մարդկանց քանակից է կախված իշխանափոխությունը: Նրանք երեւի մոռացել են, որ Սերժ Սարգսյանին պաշտպանողների մի հսկա բանակ էլ կար: Իհարկե, նրանք այդքան ագրեսիվ չէին, ինչքան այսօրվա իշխանասերները, բայց պակաս ազդեցիկ չէին:
Նրանք թեեւ 2018-ին հասկացան, որ սխալ բան է կատարվել` 10 տարի իշխած նախագահը պետք է հեռանա, բայց կարծում էին, որ իրենց կամքից կախված չէ դա կանխելը: Ավելին` եթե Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, կամ` Նիկոլ Փաշինյանն է գալու իշխանության, ինչո՞ւ «վատամարդ լինեն, հայտնվեն նոր եկողի «սեւ ցուցակում»: Եվ այն ժամանակ, երբ պետք է համոզեին Սերժ Սարգսյանին` ժամանակին հեռանալ, սերնդափոխության ընթացքը չխախտելով, չարեցին դա` իրենց վարքով հասունացնելով 2018-ի դեպքերը: Դա չարեցին նաեւ 2018-ի մայիսին, երբ պետք է մի քիչ պինդ լինեին, առարկեին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը, համառեին, չտրվեին Փաշինյանի սպառնալիքներին ու ճնշումներին, սկզբունքայնություն դրսեւորեին: Այսինքն, քաղաքական այդ ուժերը` ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, այսօրվա իրավիճակի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն: Թեեւ հասկանալի է, որ հիմա շատ են զղջացել 2017-2018-ին դրսեւորած վարքի համար: