ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվեց։
Նշենք, որ պաշտպանական կողմը հայտարարություն էր տարածել, որ 30.05.2022 թվականին Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկա հետազոտման և վիրահատական բուժման նպատակով։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։Դրանից հետո պաշտպանական կողմը դիմում էր ներկայացրել կլինիկայի տնօրենին՝ խնդրելով, որ իրենց տրամադրվի Աղվան Հովսեփյանի բժշկական ախտորոշումները և ընթացիկ էպիկրիզները։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ Փաստաբանը արձանագրել էր, որ առկա են բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Նա հրապարակել է բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա մի շարք հիվանդություններ;
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրատապ արտահերթ դատական նիստ է նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։