Քաղաքականություն

Հաջորդը «խնդրելու» են Գեղամ Նազարյանին մանդատը դնել. Փաշինյանը բացեց պանդորայի արկղը

Հաջորդը «խնդրելու» են Գեղամ Նազարյանին մանդատը դնել. Փաշինյանը բացեց պանդորայի արկղը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը ընդդիմադիր ամենամեծ  խմբակցությունը որոշել է քննարկման դնել եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն»մանդատը վայր դնել։ Նազարյանը, հիշեցնենք՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, նրան վերջին շրջանում հաճախ են ընդգրկում գործուղման մեկնող պատվիրակությունների կազմում, եւ հատկապես՝ ԱԺ նախագահի գլխավորած։ Վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա: Իսկ մեր հարցին էլ պատասխանել էր` «ինչի` ՔՊ-ի կողքին նույն դահլիճում նստել կարելի է», գործուղումների մեկնել չի՞ կարելի, իսկ մեկ այլ հարցազրույցում ասել էր. «Ես եւ իմ ընկերները մտածել ենք, որ գալիս ենք խորհրդարան եւ պատգամավոր աշխատելուն զուգընթաց պետք է մարդկանց  բացատրենք, որ սխալ ընտրություն են կատարել, որպեսզի ընթացքում կամ հետո ճիշտ ընտրություն կատարենք։

Ի՞նչ է նշանակում՝ եկել եք խորհրդարան, որ հեռացնեք, այսինքն, սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեինք», ասել է Նազարյանը։ Արձագանքելով Նազարյանի հայտարարությանը ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը պնդել է, որ իրենց գնահատականների եւ մոտեցումների մեջ փոփոխություն չի կատարվել եւ իրենց կարծիքով` երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է։ Սաղաթելյանն ընդգծել է, որ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում եւ առաջիկայում Նազարյանի հարցը խմբակցությունում քննարկման առարկա կդառնա, հնարավոր է՝ քայլեր ձեռնարկեն։

Մենք փորձեցինք խմբակցության քոչարյանական թեւի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի տեսակետն էլ լսել, նա հաստատեց, որ Նազարյանի հարցը առաջիկայում քննարկման կդրվի, որից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image