Հասարակություն

Չկա չարիք՝ առանց բարիքի, Սրբազանին կալանավորեցին, ժողովուրդը սթափվում է․ գյումրեցիները Միքայել սրբազանին սպասում են

Չկա չարիք՝ առանց բարիքի, Սրբազանին կալանավորեցին, ժողովուրդը սթափվում է․ գյումրեցիները Միքայել սրբազանին սպասում են

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը երկու շաբաթ է՝  կալանավորված է։ Միքայել սրբազան Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է», հայտարարել է Գլխավոր դատախազությունը: Սրբազանի որոշ հրապարակային խոսքեր, քննադատություններ և ելույթներ կարող են գնահատվել որպես կոչ՝ ուղղված իշխանության զավթման կամ տապալման։

Սրբազանի կալանավորումը Գյումրիում լայն արձագանք է գտել։ Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհությամբ են ընդունում տեղի ունեցածը՝ այն համարելով ոչ միայն անարդար քայլ, այլև հարված եկեղեցուն ու համայնքի համախմբվածությանը։ Գյումրեցիների խոսքով՝ Սրբազանն իր գործունեության տարիներին եղել է ոչ միայն հոգևոր առաջնորդ, այլև ակտիվ հասարակական գործիչ, որն ի շահ քաղաքային կյանքի է գործել։ Նրա ձերբակալությունն ընկալվում է ազդեցիկ անհատին լռեցնելու փորձ։

Շիրակի թեմի առաջնորդի կալանավորումը խորը դժգոհություն ու վրդովմունք է առաջացրել հատկապես գյումրեցիների շրջանում։ Հարցված գյումրեցիներից գրեթե ոչ մեկի սրտով չէ կատարվածը։ Նրանց խոսքով՝ Սրբազանը բացառիկ խելացի, հեռատես ու պետական մտածողություն ունեցող հոգևորական էր։ Նրա ձերբակալումը որակում են որպես քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված ազգային արժեքների դեմ։ «25 տարի է՝ էս թեմի տերն է, ինքը միշտ քաղաքում էր, եկեղեցու դռանը կանգնած․ մարդկանց հետ էր, հըմի ինչխոր դատարկ տուն մտնես, սրբազանիս տեղը շատ կերևա», - ասում է 65-ամյա Լաուրա տատը, որը հաճախակի մասնակցում էր Շիրակի թեմի միջոցառումներին։ Մեկ ուրիշ գյումրեցի երիտասարդ, պատմաբան Արմեն Խաչատրյանն էլ նշում է. «Ինձ համար Սրբազանի ձերբակալությունը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական խնդիր է։ Եթե նման մարդուն են դատում, ուրեմն վաղը բոլոր հեղինակավոր դեմքերը վտանգի տակ են, չնայած, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, այլևս ոչ մեկս ապահովագրված չենք»։ Հասարակական ակտիվիստներից մեկն էլ ասում է. «Թող դատեն կոռումպացված պաշտոնյաներին, ոչ թե եկեղեցականին։ Շատերի համար Միքայել Սրբազանը քաղաքացու հենարան էր։ Դա չի կարելի մոռանալ»։ 

«Էդ մարդը 7 լեզու գիտի։ Ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ խելք ու կրթություն ուներ։ Դրա համար էլ շատերի աչքի փուշն էր», - ասում է նախկին զինվորական Վազգեն պապը ՝ հավելելով․ «Ես միշտ ասել եմ՝ եթե ուզենար, վարչապետ էլ կարող էր դառնալ։ Խելքի բան էր։ Մարդ, որ 7 լեզու գիտի, աշխարհի դեմ դուրս գալու ուժ ունի։ Որ մեր ղեկավարներն իր խելքի կեսը ունենային, էս երկիրը չէին գցի էս օրին, դրա համար էլ գործ սարքեցին ։ «Ոչ թե իշխանություն ուզեց, այլ խոսեց՝ հանուն արժեքների։ Ու էդ խոսքի համար էլ կալանավորեցին», - բարկացած ավելացրեց Վազգեն պապի դուստրը՝ Սիրանույշը։

«Թող Սրբազանի գործը հետաքննեն, եթե պետք է, բայց գոնե ազատության մեջ։ Չէ՞ որ նա փախուստի մեջ չէր, մշտապես հասանելի էր իրավապահներին», - ասում է Ավետիս անունով մի տղամարդ, ով կանգնած էր թեմի գլխավոր մուտքի մոտ՝ մոմը ձեռքին։

Նկատենք, որ թեմը շարունակում է մնալ համախմբված, իսկ շատ գյումրեցիներ ամեն օր այցելում են թեմի տարածք, մտնում Յոթ Վերք եկեղեցի՝ աղոթելու և իրենց աջակցությունը հայտնելու հոգևոր առաջնորդին։ Քահանաների խոսքերով էլ ՝ վերջին օրերին տարօրինակ հոգևոր զարթոնք են նկատել․ քաղաքացիները սովորականից շատ են եկեղեցի այցելում, ջերմագին ու նվիրված են աղոթք անում։«Չկա չարիք՝ առանց բարիքի, Սրբազանին կալանավորեցին ժողովուրդը սթափվում է, դարձի է գալիս»,-նկատում է Տեր Սիմոնը։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image