Մշակույթ

«Հրապարակ». «Ազգային դպրոց» նորաստեղծ հարթակը` այլընտրանք նորաձեւ կառավարությանը

«Հրապարակ». «Ազգային դպրոց» նորաստեղծ հարթակը` այլընտրանք նորաձեւ կառավարությանը

Ազգային կրթության խորհուրդը, որն իր գործունեությունն սկսել է այս տարվա սկզբից, օրերս հայտարարեց «Ազգային դպրոց» հարթակ ստեղծելու մեկնարկի մասին՝ որպես այլընտրանք հայոց ինքնությունը ոչնչացնող, կրթության ոլորտում ներկայում վարվող քաղաքականությանը:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է․ այս նոր նախաձեռնությունն անհրաժեշտություն էր՝ վերջին տարիներին իրականացվող կրթական պրոցեսների համատեքստում։ «Բոլորն անընդհատ դժգոհում, բողոքում են այն իրավիճակից, որ հիմա դպրոցներում կա, լինեն դրանք ուսուցիչներ, թե այլ մասնագետներ: Մասնավորապես, որ «վերեւից» ստիպում են ապազգային դասագրքերով դասերը կազմակերպել, ազգային հիմք հանդիսացող թեմաները հանել դասագրքերից ու դրանցով այլեւս չդասավանդել, շատ ուսուցիչներ վախվորած օգտագործում են հին դասագրքերը, որովհետեւ կարող են նրանց հայտնաբերել ու աշխատանքից ազատել եւ այլն: Այս բոլոր դժգոհություններն ու բողոքներն այնքան շատ էին, որ մենք մտածեցինք՝ ավելի լավ կլինի ունենալ մի հարթակ, որն ամբողջությամբ կհամապատասխանի կառավարության կողմից ընդունված չափորոշիչներին, որոնք վերաբերում են դասագրքերին, առարկայական ծրագրերին, բայց բովանդակությունը կլինի ամբողջությամբ ազգային հենքի վրա կառուցված»,- ընդգծում է զրուցակիցս:

Տարեսկզբին մեկնարկած աշխատանքներում ներգրավվել է մի քանի տասնյակ մասնագետ, հիմնականում` ուսուցիչներ, որոնք աստիճանաբար ձեւավորել են 9 առարկայից առարկայական նյութեր ու դասագրքեր, դրանց թվում` պատմություն, աշխարհագրություն, գրականություն, հասարակագիտություն, բնագիտություն եւ մի շարք առարկաներ եւս:

«Մենք, փաստորեն, 9 առարկայի գծով այս նոր ձեւավորված` «Ազգային դպրոց» հարթակում արդեն ունենք առանձին կիսամյակի բոլոր նյութերը, դա ենթադրում է տեսական նյութը, համապատասխան տեսահոլովակ/տեսանյութ, հանձնարարություններ աշակերտներին, ստուգման մեխանիզմներ եւ այլն, որոնք անընդհատ հարստացվում են»,-նկատում է փորձագետը: 

Ինչ վերաբերում է նախաձեռնող խմբին, ապա. «Ինձնից բացի, խմբում Կարին Տոնոյանն է, Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության ամբիոնի դասախոս Արմեն Ներսիսյանը, պատմաբան Արման Մալոյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը: Այս մարդիկ մեր ազգային կրթության խորհրդի կորիզն են»։ Ա. Մխիթարյանն ընդգծում է, որ իրենց առաջին հանդիպում-հավաքն արել են Անկախության հռչակագրի ընդունման օրը` օգոստոսի 23-ին, որից 2 օր առաջ էլ գրանցել են ազգային կրթության հիմնադրամը:

«Ստացվեց այնպես, որ ամեն ինչ համեմատում էինք 35 տարի առաջվա հետ, թե ինչպիսի իրավիճակ ունեինք մենք 35 տարի առաջ եւ ունենք հիմա, արձանագրեցինք, որ անգրագիտության մակարդակն է ահավոր աճել, ուսուցիչների թվաքանակն է կիսով չափ պակասել եւ այլն»:  

Առաջին հանդիպման հավաքին հաջորդել է նաեւ առաջին աշխատաժողովը, որտեղ հրավիրված են եղել բոլոր ազգային ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` «Հայոց տունը», տարբեր բուհերից պրոֆեսորադասախոսական կազմ. «Մենք անընդհատ նման քննարկումներ անելու ենք, որպեսզի նպատակին հասնենք եւ հարստացնենք Ազգային դպրոցի ուսումնական նյութը, որ մեր ուսուցիչներն այլեւս այլ նյութերի խնդիր չունենան: Հատկապես որ այս պահի դրությամբ 10-ից ավելի դասագիրք նորից դպրոց չի մտնելու՝ չհաշված անցած տարվա չունեցած դասագրքերը: Այս հարթակում մասնագետները կգտնեն այն բոլոր նյութերը, որոնց հետեւից պետությունը հորդորում է գնալ ու գտնել: Այստեղ կլինեն այդ ուսումնական նյութերը, եւ ուսուցիչները կկարողանան իրենց դասերը կազմակերպել, միաժամանակ նոր եկող սերնդին չկտրել ազգային արժեքներից»:  

Այն, որ այս տարվա բացակա դասագրքերից երկուսը 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկայի դասագրքերն են, Ատոմ Մխիթարյանի համար զարմանալի չէ, որ այս առարկաներից դասագրքեր չունենք, քանի որ. «Անցած տարի ակնհայտ դարձավ, թե ինչու այս տարի չենք էլ ունենալու 10-րդ եւ 11-րդ դասարանների պատմության դասագիրք, որովհետեւ անցած տարի 10-րդ դասարանի համար մենք ունեցանք մի հատ մեծ հեղինակային խումբ` հեղինակավոր մասնագետներից բաղկացած` Պատմության ինստիտուտի տնօրեն, մի քանի համալսարանների պատմության ամբիոնի վարիչներ եւ այլն: Շատ լավ դասագիրք էր, որը նախարարությունը պատճառաբանեց, թե չի համապատասխանում չափորոշչին, եւ չերաշխավորեց այն: Դրա համար ո՛չ այս տարի, ո՛չ էլ հաջորդ տարի նորից չի լինի դասագիրք, որովհետեւ Հայաստանի լավագույն մասնագետները չեն ուզում այլեւս «Հայաստանի պատմություն» անվան տակ դասագիրք գրել: Արդեն որերորդ տարին է՝ այս վիճակն է, ու ոչ մեկը պատասխան չի տալիս սրա համար, պատասխանատվության չի ենթարկվում, իր պաշտոնին հրաժեշտ չի տալիս: Այսինքն՝ սա դարձել է հանրակրթության ոլորտում մի սովորական բան, ի՞նչ անենք, որ 10-ից ավելի դասագիրք դպրոց չի մտնելու, թող անգրագետ մնան մեր երեխաները․ սա է նորաձեւ կառավարության ու այն ղեկավարի մոտեցումը, որը խոստովանեց, որ 7 տարի մնացել է նույն դասարանում, բայց կրթության կարեւորության մասին քարոզարշավ է տանում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image