Հասարակություն

Անցյալը գունազարդելը մարդկային թուլություններից է

Անցյալը գունազարդելը մարդկային թուլություններից է

Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող միլիոնավոր մարդիկ շնորհավորում էին միմյանց` համացանցի միջոցով առաքելով «Մայիսյան Մոսկվա» («Москва майская») երգը, որի վառվռուն լավատեսությամբ լեցուն խոսքերի հեղինակը Վասիլի Լեբեդեւ-Կումաչն է: Սակայն քչերը գիտեն, որ այդ երգը ստեղծվել է 1937-ին` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության (իրականում` զինված ապստամբության) 20-ամյակի առթիվ: Երգը կոմունիստական կեղծ քարոզչության գլուխգործոցներից է: Ստալինյան արյան նախճիրի մեջ կոտորվող մարդկանց գոյությունը երգում նկարագրվում է դրախտին վայել գույներով: 

Ահա երգից մի հատված` բառացի թարգմանությամբ. 
Մայիսյան արեւ, կապույտ երկնքից ավելի վառ լուսավորիր, 
Որ մեր բերկրանքը մինչեւ դամբարանի բարձրակետը հասցնես, 
Որ ավելի պայծառ փայլփլան հաղթանակի մեր լոզունգները, 
Որ Ստալինը բարձրացնի ձեռքը` մեզ ողջույն հղելով: 

1959-ի տեքստում, իրադրության փոփոխության հիմքով, Ստալինի անունը հանվեց: Բայց այս երգը Լեբեդեւ-Կումաչին տեւական երջանկություն չպարգեւեց: Պարզվեց, որ այն գրագողություն է: Գրողների միությունում սկսվեց քննություն: Խորհրդային կյանքի իր իսկ նկարագրած վարդագույնը նրա գլխին սեւ կապեց: 

Ահա թե ինչ է գրում հայտնի բանաստեղծը կյանքի վերջին օրերին․ «Տառապում եմ ապաշնորհությունից, իմ կյանքի գորշությունից: 

Էլ չեմ տեսնում գլխավոր խնդիրը` ամեն ինչ մանր է, ամեն ինչ դժգունել է: 
Դե, եւս 12 կոստյում, 3 ավտոմեքենա, 10 սպասք... ե՛ւ հիմարություն է, ե՛ւ ճղճիմ, ե՛ւ անարժան»։ 
Նա մահացավ 50 տարեկանում:

Սա սովետական երկրից մի պատառիկ է, երկիր, որի սեւ կողմերն այսօր կամաց մոռացության են մատնվում, եւ ոմանք անգամ նոստալգիկ զգացումներ են տածում այդ անցյալի հանդեպ։ Նման մարդկանց պետք է ծանոթացնել պատմության այս էջերին, որ հասկանան՝ սովետական երկիրը միլիոնավոր մարդկանց կյանքի ու ճակատագրի գերեզմանոց էր, այն երազել ու գունազարդել չի կարելի։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image