Ստամբուլ-Աբու Դաբի-Բրյուսել ու այնտեղից՝ միանգամից Փարիզ: Փաշինյանի վերջին օրերի տուրնեի առանցքում Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության գործընթացն է: Էրդողանի «դաբրոյի» հետեւից Թուրքիա մեկնած Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպումից հետո շտապեց եվրոպական մայրաքաղաք, ստացավ խոստումներ ու աջակցության մասին հայտարարություն: «Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը եւ հաշտեցումը խթանելու համար»,- կարդացինք Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպմանը հաջորդած պաշտոնական տեքստում: Ապա տեղեկացանք, որ ԵՄ-ն նախատեսում է ներդրումները հասցնել 2.5 միլիարդ եվրոյի, 1.5 միլիոն եվրոյի խոստում էլ «անկախ» լրատվամիջոցներին տրվեց` Հայաստանի «տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար»:
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն աննախադեպ ոչինչ չի տեսնում՝ ստանդարտ հայտարարություններ ու խոստումներ, եւ դեռ հարց է՝ դրանք կդառնա՞ն իրականություն, թե՞ ոչ: Մինչեւ դրանց անդրադառնալը, նախ վերլուծում է աշխարհաքաղաքական ֆոնը եւ արձանագրում, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Հարավային Կովկասում ամերիկյան ակտիվության միտումն այլեւս փոխվել է, Նահանգներն այստեղ այլեւս անմիջական ներգրավվածության խնդիր չի լուծում եւ ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից Հարավային Կովկասը դիտարկում է որպես բուֆեր, որտեղ Հայաստանի անմիջական հարեւանները, տվյալ դեպքում՝ Թուրքիան, իհարկե՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, պատասխանատվություն է վերցնում տարածաշրջանի համար: Սրանով է մեր զրուցակիցը պայմանավորում տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման բարձրացումն ու ազդեցության ընդլայնումը, ինչը, փաստացի, Փաշինյանին կախվածության մեջ է դրել Անկարայից: Մարտիրոսյանը շեշտում է՝ ի տարբերություն ԱՄՆ նախորդ վարչակազմի, Փաշինյանն այլեւս Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ չի ունենում՝ դա պատվիրակվել է տարածաշրջանային դերակատար Թուրքիային:
«Հայաստանն ուղղակիորեն հրաժարվել է եռակողմ միջնորդական փիլիսոփայությունից, եւ փաստացի երկկողմ տրամաբանությունն Ադրբեջանի համար հաղթաթուղթ է դարձել, որը պրեսսինգի միջոցով կարողանում է ապահովել իր շահերը մի երկրից, որի հետ կոնֆլիկտ է ունեցել եւ այժմ ճնշման լծակներ է կիրառում: Սա խոցելի վիճակում է դրել Հայաստանին»,- ասում է Մարտիրոսյանը: Մեր զրուցակցի խոսքով, որպես աշխարհաքաղաքական գործոն, Փաշինյանն այժմ կորցրել է իր ֆունկցիոնալությունը: Եթե ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք նա իր քաղաքական գոյությունը պահպանում էր հակառուսականության եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օտարացման շնորհիվ, այսօր Վաշինգտոնը, որպես այդպիսին, նման քաղաքականության գնորդ չէ: Ստեղծված իրավիճակը Թուրքիային եւ Ադրբեջանին հնարավորություն է տալիս՝ Հայաստանից քաղել իր շահը, որը Թուրքիային հարկավոր է իր գլոբալ ու տարածաշրջանային շահերը սպասարկելու համար:
«Եթե Փաշինյանը նախկինում հակառուսական քաղաքականությունն աուկցիոն էր դրել, որ ով կցանկանա դրանից օգտվել, ինքը պատրաստ է իրականացնել, այժմ ԱՄՆ-ն աուկցիոնից դուրս է եկել եւ այդ ծառայությունից օգտվում է այնքանով, որքանով, ուստի ֆունկցիոնալության առումով Փաշինյանն այլեւս անպիտան է դարձել, ինչից շատ լավ օգտվում է Թուրքիան՝ հասկանալով, որ այդ բացը կարող է լրացնել: Թուրքիան կախվածության մեջ է պահում Փաշինյանին մի կարեւորագույն հանգամանքից, որի անունը խաղաղության պայմանագիր է: Դա Հայաստանի ներքաղաքական կյանքում թուրք-ադրբեջանական դուետի անմիջական ազդեցությունն է»,-բացատրում է քաղաքագետը՝ հավելելով, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն է լինելու Փաշինյանի առաջարկը հայ հասարակությանը` առաջիկա ընտրությունների ժամանակ, ինչը նրան վերահսկելի է դարձնում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:
«Այդ խաղաղության պայմանագրի տրամաբանությանը տիրություն է անում, ձգանին տիրապետում է թուրք-ադրբեջանական ալյանսը, այսինքն, կուզի՝ կտա Փաշինյանին այդ հաղթաթուղթը, չի ուզի՝ չի տա: Այդ հանգամանքից Փաշինյանի այդ աստիճան կախվածությունն Ադրբեջանի համար դարձել է լայն խաղադաշտ, որի շնորհիվ նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրն իրեն չտալով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանում են իրենց շահերն առաջ տանել: Որպեսզի մենք ճիշտ հասկանանք՝ Փաշինյանն այն աստիճանի խոշորագույն ազդեցության մեջ է դրել իրեն, որ քաղաքական առումով հենց Փաշինյանը՝ ինքն է պատանդ դարձել իր քաղաքականության, որի ամբողջական փաթեթը գտնվում է թուրք-ադրբեջանական ալյանսի ձեռքում»,- շարունակում է Վլադիմիր Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, մեր զրուցակիցը նկատում է՝ եթե ԱՄՆ-ն իջեցրել է հակառուսական քաղաքականության տոնայնությունը կամ պաուզա է դրել, ապա միակ ջութակը մնացել է Եվրոպան: Նույն տրամաբանությամբ՝ գոնե մինչեւ վերջերս, Փաշինյանը հույս ուներ, որ այս դեպքում էլ կարող է օգտագործել հակառուսականության խաղաքարտը, բայց Մարտիրոսյանը հիշեցնում է Շառլ Միշելի գործունեությունը՝ որպես եվրոպական մեծ տան բյուրոկրատական համակարգողի. «Փաշինյանից վերցրին այն ամենը, ինչն իրենց անհրաժեշտ էր` Ադրբեջանին իրենց կողքին պահելու համար, դրանից հետո թեման ավարտվեց: Հիմա որտե՞ղ է Միշելը, եւ ի՞նչ ունենք մենք: Բրյուսելյան հանդիպման հաղորդագրություններից հասկանում ենք, որ, մեծ հաշվով, որեւէ էական բան տեղի չի ունեցել: Օդում կա կախված միլիարդից ավելի ֆինանսական փաթեթ, որի ամբողջ կառավարումը կամ դրանից օգտվելու հնարավորությունը եւս գտնվում է եվրոպացիների ձեռքում: Հայաստանը շարունակում է մնալ մեծ պատանդ թուրք-ադրբեջանական օրակարգին, եւ այդ օրակարգին երկիրը պատանդառության մեջ է մտցրել Փաշինյանը՝ ունենալով մեկ կարեւորագույն շահ՝ սեփական իշխանության վերարտադրությունը»:
Այս պայմաններում, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի հարաբերությունները կախված են հենց թուրք-ադրբեջանական հարաբերությունների գունապնակից: ԵՄ-ն Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դիտարկում է որպես ռեգիոնալ քաղաքականության մաս եւ դեմ չէ Հայաստանի կախվածության ավելացմանը Թուրքիայից, եթե դա տեղի է ունենում Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազման հաշվին, եւ այս առումով նրանք որեւէ քայլ չեն անելու: «Խնդիրը շարունակում է մնալ մեկը եւ նույնը՝ արդյո՞ք Հայաստանի ամբողջ տնտեսական, սոցիալական, նաեւ մարդկային ռեսուրսի կախվածությունը Ռուսաստանից հնարավոր է իջեցնել, եւ ինչպիսի՞ ֆինանսատնտեսական կարողականություն կունենա դրանից հետո Հայաստանը: Սա հասկանալու համար պարզապես պետք է նայել առեւտրաշրջանառությունը, ֆինանսական փոխկապակցվածությունը Ռուսաստանի հետ եւ փորձել հասկանալ, թե դրա բացակայությունն ինչով է կոմպենսացվելու: Այս առումով մենք գետնին կանգնած որեւէ բան ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել ենք, ո՛չ էլ, կարծում եմ, կլսենք, իսկ այդ 2.5 միլիարդանոց փաթեթը ոչ թե գումար է, որ տրվելու է Հայաստանին, այլ՝ հնարավորության ցուցադրություն, որին Հայաստանը կարող է հավակնել»,- բացատրում է քաղաքագետն ու եզրափակում՝ վերջին 2 տարիներին տեսնում ենք, թե Հայաստանը որքանով է օգտվել այդ հնարավորությունից, կամ Հայաստանին որքանով են թույլ տալիս օգտվել՝ գետնի վրա, ինչը դիվերսիֆիկացիայի տեսանկյունից ուղղակիորեն ոչինչ է: