ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտնականները շարունակում են իրենց շենքի համար։ Գիտնականներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին՝ Կառավարության շենքի առաջ, դիմում-բողոք ուղարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Գիտանականների արդեն մի քանի տարի է տարբեր բնույթի բողոքի ակցիաներ են անում, ճանապարհ փակում, սակայն ապարդյուն։ Ավելի վաղ գրել էինք, որ 16 հարկանի շենք է կառուցվում չորս քիմիական մասնաշենքերի արանքում, որն, ըստ կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանի՝ ռումբ է քաղաքացիների տակ։ Շենքը կառուցվում է գիտահետազոտական կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքում։ Օտարված տարածքը 2014-ին ընդգրկվել է պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում: Տարիներ առաջ այն օտարվել է մասնավորին, որն էլ այս իշխանության օրոք այնտեղ 16 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել։
«Այս պետությանը գիտնականներ պետք չեն, որովհետեւ վերեւում նստածները չունեն համապատասխան կրթություն, իրենց դա չի հետաքրքրում։ Հերիք չի ջրավազանի տեղում բարձրահարկ շենք են կառուցում, հիմա էլ կենտրոնի մասնաշենքերից մեկն են ցանկանում օտարել»,-ասաց գիտնականներից մեկը։
Տնօրեն Սահակ Գասպարյանի խոսքով՝ մեկ անգամ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ինչ-որ ժամանակ անց նախարարն այցելել է կենտրոն ու անձամբ զգացել այն ցնցումները, որն առաջանում է կառուցվող շենքի հետեւանքով։
«Ժաննա Անդրեասյանն իր վրա զգաց ցնցումները։ Մենք խնդիրը ներկայացրել ենք, նա էլ խոստացավ, որ հանդիպի վարչապետին, կքննարկեն տվյալ խնդիրը, մի լուծում կգտնեն, սակայն մինչ այժմ ոչ մի լուր չկա»,-ասաց Սահակյանը։
Հիշեցնենք, որ գիտնականներն արդեն 4 տարի է բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից, բողոքում են, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ, նրանց խոսքով, վտանգվելու է ինստիտուտի աշխատանքը: Ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ։ Վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
Մանրամասն՝ տեսանյութում: