Քաղաքականություն

Հայերի դեմ ցեղասպանությունների մասին գիրք են բաժանել դեսպանություններին

Հայերի դեմ ցեղասպանությունների մասին գիրք են բաժանել դեսպանություններին

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918-2023 թթ.» գրքի անգլերեն տարբերակները «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն նվիրել է Վրաստանում գործող մի շարք դեսպանությունների։ 
Գիրքը հանրամատչելի ուսումնասիրություն է՝ նվիրված ողբերգական իրադարձություններին եւ հանցագործություններին, որոնք իրականացվել են ավելի քան մեկ դար:

Գիրքը բաժանված է վեց մասի՝ սկսած 1918 թվականի արյունալի իրադարձություններից, որոնք հայտնի են որպես «Բաքվի ջարդեր» և ընդգրկում են 1919-1920 թթ. Շուշիում հայերի ջարդերը, 1988-1990 թվականներին Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում հայերի ջարդերն ու տեղահանությունները, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները, 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունը, Արցախի էթնիկ զտումը: 

Գրքի անգլերեն տարբերակը Վրաստանում տարբեր երկրների ավելի քան 40 հավատարմագրված դեսպանություններին և ներկայացուցչություններին է բաժանվել։ «Մինչև դեսպանատներ գնալը նախապես տեղեկացրել ենք, որ իրենց նվիրելու ենք գրքից: Արձագանքը բոլորի կողմից դրական էր և արդեն տեղում որոշ փոխդեսպանների ու դեսպանատների աշխատակիցների կողմից մեզ փոխանցեցին, որ եթե ավելի վաղ տեղեկացրած լինեինք մեր այցի մասին՝ դեսպանները սիրով կհանդիպեին մեզ հետ»,-ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ Վատիկանի դեսպանն էլ նամակով շնորհակալություն էր հայտնել գրքի համար: Արթուր Միրզոյանը նշեց, որ նախատեսում են հետագայում նաև գիրքը փոխանցել  պետական հաստատություններին, Վրաստանի հիմնական կուսակցությունների կենտրոնական գրասենյակներին, հասարակական կազմակերպություններին, Վրաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, ինչպես նաև ԶԼՄ-ների խմբագրություններին: «Սա կօգնի էլ ավելի մեծ ուշադրություն հրավիրել պատմական արդարության պահպանման և նման ողբերգությունների կրկնությունը կանխելու հարցերի վրա։ Գիրքը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում զոհերին, այլ նաև կոչ է միջազգային հանրությանը` գիտակցելու ցեղասպանության կրկնվող գործողությունների լրջությունը և քայլեր ձեռնարկելու դրանք ապագայում կանխելու համար»,-եզրափակեց «Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյանը։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image