Վերջերս Ռուս Ուղղափառ եկեղեցու ղեկավար, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ՌԴ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած Զատկական ամենամյա ավանդական հանդիպման ժամանակ իր խոսքում նկատել էր, որ պակասել է ինտելեկտուալ բանավեճը։
Իհարկե, Կիրիլ պատրիարքը այս արձանագրումը կատարել է այլ կոնտեքստում, այլ թեմայով, սակայն միտքը կարեւոր է եւ կարելի է տարածել նաեւ հայաստանյան իրականության վրա, հաշվի առնելով վերջին օրերի՝ «եկեղեցական թեմատիկայով»՝ Հայաստանի իշխանություններ-Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներ «փոխհրաձգությունը»։ Իրապես մեզ մոտ՝ ոչ միայն զուտ եկեղեցական թեմատիկայով, այլ առհասարակ՝ ամեն թեմայով ինտելեկտուալ ու բարեկիրթ բանավեճի մշակույթը գրեթե իսպառ վերացել է՝ իր տեղը զիջելով հախուռն պոռթկումներին, հանրային խոսքի համար անթույլատրելի բառապաշարին, թիրախավորմանը եւ այլ նմանատիպ երեւույթների, որ կարելի է գրեթե համատարած հանդիպել՝ թեկուզ կես ժամ ֆեյսբուքյան հարթակում «թափառելիս»։ Որեւէ մեկին չեմ առանձնացնում։ Առավել եւս՝ որեւէ մեկին մեղադրանք չեմ հասցեագրում, հավատարիմ մնալով հանգուցյալ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այն խոսքին, թե՝ «ով եմ ես, որ դատեմ»։ Սակայն նաեւ որպես մարդու եւ որպես քաղաքացու, առնվազն տհաճ է նման արձանագրում կատարելը, որ ինտելեկտուալ եւ բարեկիրթ բանավեճի դեֆիցիտ կա այսօր հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում։ Գալով «եկեղեցական թեմատիկայով» վերջին օրերի «զարգացումներին»` մի քանի արձանագրում փորձեմ կատարել, իբրեւ կիրակնօրյա մտորումներ՝ հենց սկզբից իսկ հայտարարելով, որ չեմ անդրադառնալու «փոխհրաձգության» մանրամասներին եւ ածանցյալ այլ բաների, ոչ էլ քննադատելու կամ կամ թիրախավորելու եմ որեւէ կողմի․
•Վերջին օրերի «եկեղեցական թեմատիկայով» «փոխհրաձգությունները» ըստ էության այլ բան չեն, քան այն ոչ բնականոն հարաբերությունների փաստումը, որ կա Հայաստանի իշխանությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ։ Ընդ որում, այդ «ոչ բնականոն» վիճակը նոր չի ձեւավորվել, արմատներով հասնում է մինչեւ 18 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ, իսկ առավել սրվել է 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ մինչեւ այժմ՝ տարեցտարի ավելի ու ավելի խորանալով։
•Հայաստանի իշխանություններ-Առաքելական եկեղեցի հարաբերությունների ներկայիս ոչ բնականոն վիճակի մասին կարելի է երկար խոսել։ Քննարկել ընթացքը, վեր հանել պատճառները եւ խոսել այս կամ այն ածանցյալ բաղադրիչի մասին։ Սակայն կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկի մեջ երկու սկզբունք կա, որ աչքաթող է արվում․ նախ՝ Առաքելական եկեղեցին միայն հայաստանյան կառույց չէ այլ համահայկական եւ ներկայացված է աշխարհի մինչեւ 7 տասնյակի հասնող երկրում, հետեւաբար՝ Հայաստանի ներքին կյանքի վերաբերող հարցերում Եկեղեցու դիրքորոշումը ենթադրելի է, որ ձեւավորվում է այսպես ասած՝ համահայկական տրամադրությունների եւ մտայնությունների բյուրեղացումից, ինչը նշանակում է, որ կարող է եւ ամենեւին քիմքահաճո չլինել Հայաստանի իշխանությունների համար։ Եւ երկրորդ՝ Հայաստանը պետություն է, որն ունի իր առաջնահերթությունները եւ շարժվում է ըստ դրանց։ Դրանք կարող են ամենեւին էլ չլինել համահայկական միջավայրում պոպուլյար կամ ընդունելի թեզիսներ։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է եւ պետք է ընդունել այն ու ըստ այդմ գնալ առաջ։
Հատկապես, որ յոթանասուն տարի Հայաստանի խորհրդային իշխանություններն ու Առաքելական եկեղեցին այս սկզբունքով կարողացել են խաղաղ գոյակցել, փորձելով հարկ եղած դեպքում զորավիգ լինել մեկմեկու, իսկ առհասարակ՝ չխանգարել իրար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված հարցերը, եթե «արտաքնապես կեղեւազերծենք»՝ վերաբերում են Առաքելական եկեղեցու բարեփոխումների հարցին, անկախ այն հանգամանքից, թե ներհայաստանյան քաղաքական կամ հանրային դաշտի ակտորները դրա տակ ինչ են տեսնում։ Այստեղ թերեւս տեղին է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մի առիթով ասած դիտարկումը, թե «Եկեղեցու բարեփոխումը ոչ իմ, ոչ ձեր, ոչ պետության գործը չէ, այլ Եկեղեցու գործն է»։ Եթե կա եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտություն, ապա դրանք նախաձեռնողն ու իրականացնողը միայն Եկեղեցին է՝ ի դեմս եկեղեցական իշխանության մարմինների, որոնք իրավասու են նման բարեփոխումներով զբաղվելու։ Իշխանությունն այս դեպքում կարող է միայն եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտության հարցերի շրջանակի գույքագրողը, ձեւակերպողն ու որպես հանրային պահանջ՝ եկեղեցական պատկան կառույցներին ներկայացնողը լինել։ Վերջնական որոշում կայացնողը Եկեղեցին է իր իրավասու մարմիններով, ինչպես օրինակ՝ Ազգային-Եկեղեցական ժողովով, որը եկեղեցական բարձրագույն մարմինն է եւ որի առաջ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսն է հաշվետու, քանի որ հենց Ազգային-Եկեղեցական ժողովն է ընտրում կաթողիկոսին կամ գահընկեց անում։
Իսկ ահռասարակ, հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար, կարծում եմ, որ ճիշտը՝ Առաքելական եկեղեցի-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների՝ օրենսդրորեն ոսկերչական մանրակրկիտությամբ հստակ ու դետալային առումով կարգավորումն է՝ հարկ եղած դեպքում՝ թարմացնելով եղած օրենսդրական բազան կամ նույնիսկ կնքելով սահմանադրական օրենքի ուժ ունեցող այնպիսի փաստաթուղթ՝ ինչպիսին Պապական Սուրբ Աթոռի եւ Իտալիա պետության միջեւ դեռ 1929 թվականին կքնված Կոնկորդատն է։ Ի դեպ, սա թող դիտարկվի որպես առաջարկ՝ սպասվող բարձրաստիճան եկեղեցական ժողովի համար։