Գյուղի մուտքի մոտ Արփին ասաց.
- Հող ու ջուր, ցորենի սերմացու ենք տանելու՝ Օշականի հողում ցանելու:
Վարդը, որ նվագում ու շարականներ էր երգում Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ասաց.
- Ցորենը Օշականում աճեցնելու ենք, Թարգմանչաց տոնի օրը 36 լավաշ ենք թխելու եւ բաժանելու ենք մարդկանց:
Մեքենան դանդաղ էր ընթանում:
Մշո առասպելական դաշտն իր ողջ հմայքով տարածվել էր բաց երկնքի տակ: Ինքնաթիռները, մեկը մյուսին հաջորդելով, վայրէջք էին կատարում մոտակայքում գտնվող օդանավակայանում:
Դաշտը կարծես մի անծայրածիր օդանավակայան էր, որի ցանկացած հատվածում ցանկացած մակնիշի օդանավ կարող էր վայրէջք կատարել:
Մի մարդատար մեքենա արգելակեց նորեկներիս մեքենայի կողքին: Վարորդը շիկահեր, կապույտ աչքերով մի երիտասարդ էր: Հետեւի նստարանին նստած երկու մանկահասակ երեխաները եւս շիկահեր ու կապուտաչ էին:
- Դե ե՛կ ու սրանց ասա՛, որ հայեր չեն,- ասաց օշականցի Տիգրանը, ով ուզած պահին բնորոշ մի հումոր կարող էր անել, սակայն Հացեկաց հասնելիս լռել էր, տխրել, եւ Աստված գիտե, թե ինչ մտորումների մեջ էր:
- Ովքե՞ր եք,- հարցրեց շիկահերը:
- Հայեր ենք, զբոսաշրջիկներ,- պատասխանեց Գեւորգը:
- Որտե՞ղից եք եկել,- շփոթված հարցրեց շիկահերը:
- Հայաստանից,- պատասխանեց Գեւորգը:
- Դա որտե՞ղ է,- հարցրեց շիկահերը:
- Առաջ այստեղ էր, շուտով էլի այստեղ կլինի,- ցասումն ու հուզմունքը չզսպելով, հայերեն պատասխանեց ռեժիսոր Արտակը:
Շիկահերը մի քանի քայլ հեռացավ մեքենայից, հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսեց եւ անմիջապես մոտեցավ մեր մեքենային:
- Եկե՛ք իմ հետեւից,- ժպտալով դիմեց Գեւորգին եւ նստեց իր մեքենան:
Գյուղում արդեն հավաքվել էին մեծ ու փոքր բազմաթիվ մարդիկ եւ հետաքրքրությամբ նայում էին մեզ: Մենք սկսեցինք հարցուփորձ անել, շրջել գյուղի բոլոր փողոցներով, որեւէ մասունք գտնել, որեւէ առարկա, իր, որեւէ հայերեն արձանագրություն, Սուրբ Մաշտոց եկեղեցուց որեւէ քար ու խիճ: Ապարդյուն:
Երբ հուսահատ, գյուղով մեկ ցրիվ եկած մեր խումբը հավաքվեց, մեկը մոտեցավ, ներկայացավ որպես գյուղապետ ու սկսեց հարցերի տարափը. ովքե՞ր եք, ինչո՞ւ եք եկել, ի՞նչ եք փնտրում այս կողմերում:
- Զբոսաշրջիկներ ենք,- ասաց Գեւորգը:
- Ի՞նչ եք փնտրում,-արդեն բարեհամբույրից խիստ տոնի անցած՝ հարցրեց գյուղապետը:
- Մեր ընկերոջ պապերն այս գյուղում են ապրել հարյուր տարի առաջ,- ասաց օպերատոր Բորիսը՝ մատնացույց անելով ինձ:
- Բարեկամներ ունե՞ս այս կողմերում,- հարցրեց գյուղապետը:
Ինչպե՞ս ասեի, որ բոլոր բարեկամներիս այս կողմերում կոտորել են, որ միայն պապիս է հաջողվել փախչել՝ իր կույր տատի շնորհիվ:
- Չունե՛մ,- ասացի:
- Ոչ մի գյուղո՞ւմ:
- Ոչ մի գյուղում,- պատասխանեցի:
- Չեմ հավատում,- շպրտեց գյուղապետը:
- Չեմ հավատում, որ դու գյուղապետն ես,- ասաց Արփին:
Գյուղապետը քթի տակ մտմտաց, գրպանից հանեց հեռախոսը, առանձնացավ եւ զանգահարեց ինչ-որ մեկի:
Քիչ հետո մոտեցավ մեզ եւ ասաց.
- Զինվորականների եմ զանգել, նրանք հրամայեցին, որ չգնաք, մինչեւ իրենց գալը:
Սկզբում թվաց, թե գյուղապետը կատակ է անում, սակայն երբ մենք փորձեցինք մոտենալ մեքենային, նա նորից կրկնեց, որ հրամայված է գյուղը չլքել: Հետո դարձավ բազմությանը, իր լեզվով ինչ-որ բան ասաց: Բազմության մի մասը հեռու քաշվեց, մի մասը խառնվեց մեզ: Չգիտես որտեղից՝ բազմության միջով, մեր կողքով մի աղջնակ քամու պես սուրալով անցավ՝ աջ ձեռքը գորշ գայլերի խորհրդանիշ դարձրած թափահարելով մեր ուղղությամբ:
Քիչ հետո մեզ մոտեցավ զինվորական մեքենան: Երեք հաղթանդամ զինվորականներ իջան եւ սկսեցին մեզ հարցաքննել. ովքե՞ր եք, ինչո՞ւ եք եկել, ի՞նչ եք որոնում: Նույն պատասխանները ստանալով՝ նրանք սկսեցին խուզարկել մեր մեքենան: Երբ ավարտեցին, նրանցից ավագը հարցրեց.
Իսկ որտե՞ղ եք թաքցրել ձեր բահերը: Չէ՞ որ դուք եկել եք ձեր պապերի թաքցրած ոսկիները որոնելու:
Ինչպե՞ս բացատրեինք սրանց, որ մենք եկել ենք ոսկուց էլ ավելի թանկ բան որոնելու, ինչպե՞ս ասեինք, որ մեր տակնուվրա արած գյուղը, որտեղ հեղեղի պես մի օր թափվել են աշխարհում իր նմանը չունեցող գանձերը, հիմա դրանցից այստեղ ոչ մի փշրանք չի մնացել:
Երբ տեսան, որ բահեր չունենք, որ այստեղ ենք հայտնվել ոչ մի օրենք չխախտելով, հրավիրեցին թեյի:
- Այս բարդիների պուրակը գուցե այն ժամանա՞կ էլ է եղել,-հուզմունքը թաքցնելով՝ ասաց Արմինեն, երբ գյուղապետը թեյ ու քաղցրավենիք էր մատուցում մեզ ու զինվորականներին:
- Քեզ ո՞վ ասաց, որ ծախես ու հիմա ստիպված թեյ ու քացրավենիք մատուցես,- ասաց Տիգրանը:
Գյուղի կենտրոնում հարսանիք էր: Բարձր երաժշտությունը ողողել էր բարդիների պուրակը: Վարդը մոտեցավ Շիկահերին, բռնեց նրա ձեռքը եւ հասկացրեց, որ պիտի պարեն: Պարում էին Վարդն ու շիկահեր տղան: Շիկահերի կապուտաչ տղեկներն սկսեցին ծափ տալ: Բոլորը ծափահարում էին: Երբ ես ափերս բացեցի ու փորձեցի ծափ տալ, հանկարծ տեսա, որ պարողը Վարդը չէ, պարողը մորական տատս է, որ Վարդի տարիքին է եղել ու փեշի տակ երեք հարյուր տարեկան ավետարան ունի պահած, որ իր նախապապերը փոխանցել են հոգեւորականից հոգեւորական: Տեսա, որ Շիկահերը, որի երկու կապուտաչ մանչերը ոգեւորված ծափ էին տալիս, պապիս տարիքի մանուկ է, տեսա, թե ինչպես է Վարդի ճկույթից արյունը հոսում դեպի Շիկահերի ճկույթը, Շիկահերի ճկույթից՝ Վարդի ճկույթը: Տեսա, թե ինչպես են փուշ ու մացառների, քարերի միջով կույր նախատատս ու պապս փախչում, երբ ենիչերին շրջապատեց նրանց, երբ թիրախ դարձրեց ու սկսեց կրակել: Մեկ, երկու, երեք: Ոչ մի զենք չէր կրակում: Դիվային բան կա այստեղ. մտածել են ենիչերիներն ու թիրախներին թողած, հեռացել: Հետո ավետարանը, որ քարերի մեջ թաքցրել էր կույր նախատատս, երբ հասել էին խմբին, ասել էր տեղը, ասել էր, որ գնան բերեն: Գնացել, չեն բերել, բայց դրանից հիսուն տարի հետո այն հայտնվել էր ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի խորը-խորը թաքստոցում: Իսկ ինչ-որ մեկն այն դարձրել է ապարդյուն փնտրվող իր, առարկա, որ մենք փնտրեցինք ու չգտանք Հացեկացում:
Իսկ Վարդը Շիկահերի հետ շարունակում էր պարել: Պարում էր հպարտ, գլուխը բարձր, ոտքերը պինդ խփելով հողին, Հացեկացի հողին, որի ցորենը պիտի հաց դառնա Օշականի հողի մեջ. 36 ոսկեգույն, բարակ, անմահական լավաշ, որ Արփիի հետ Թարգմանչաց տոնին բաժանեն, բաժանեն, ու չպրծնի: Պարում էր Վարդը՝ Շիկահերի ճկույթը պինդ բռնած, արյան հոսքերով նույնը, սրտի զարկերով նույնը, շնչառությամբ նույնը, ճկույթն օդի մեջ խաղացնելով, ցնցելով: Չէ՞որ գյուղում հարսանիք էր, երաժշտությունը՝ բարձր, եւ սայլերը անիվների ճռինչով մոտենում էին գյուղին: Եվ գյուղը ցնծությամբ պարում էր: Բոլորը Վարդ էին, բոլորը Շիկահեր էին: Եվ շողում էր Մաշտոցի ճկույթը սայլերից մեկի վրա: Ճկույթը, որ պիտի հանգրվաներ Հացեկացի հողում: Հանկարծ երաժշտությունը կտրվեց: Սայլի՝ բարդու փայտից շինված անիվը խափանվել էր: Սայլապանը տաշում էր: Տաշեղները հանգրվանում էին Հացեկացի առասպելական հողին, եւ հողից 36 բարդի դուրս ելան:
Վարդն ու Շիկահերը պարում էին բարդիների պուրակում, երաժշտությունը բարձր էր, շատ բարձր: Շիկահերի կապուտաչ տղեկները ծափերով ողողել էին այգին: Արյունն անտես անոթներով անցնում էր ճկույթից ճկույթ: Վարդը հպարտ էր պարում, գլուխը բարձր, ոտքերը պինդ խփելով հողին: Բարդիներն առանց քամու խոնարհվում էին ու բարձրանում: 36 բարդի Հացեկացում, 36 ոսկեգույն, բարակ, բուրավետ լավաշ Օշականում բաժանում էին, բաժանում՝ չէր վերջանում:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հացեկաց-Երեւան
11.09.2025թ.