Մարդկանց ընդվզումը տրամաբանական եւ արդարացված է թվում, երբ նրանք մատնացույց անելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ԱՄՆ եւ ԵՄ, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության արձագանքին, բողոքում են, թե ինչու, երբ խոսքը վերաբերում է Վրաստանում իշխանության կողմից ցուցարարների դեմ կիրառվող ուժին, դատապարտում են այդ ուժի կիրառումը, իսկ Հայաստանում ընդդիմության դեմ կիրառված ավելի կոշտ բռնության վրա աչք են փակում, չնկատելու տալիս: Այն դեպքում, որ Վրաստանում ցուցարարները ոստիկանության դեմ պայքարում օգտագործում են դյուրավառ հեղուկներ` մոլոտովի կոկտեյլներ, քարեր, փայտեր, իսկ Հայաստանում ցուցարարները բացարձակ խաղաղ ցույց էին իրականացնում, առանց բռնության որեւէ ակնարկի, իսկ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, անթույլատրելի նռնակներ նետում` ոմանց պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Մի՞թե արդարացված է նման երկակի ստանդարտների կիրառումը երկու հարեւան երկրներում, մեկում մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն է տիրում, մյուսում` բռնություն, բռնապետություն: Որտե՞ղ է տրամաբանությունը: Տրամաբանությունը շատ պարզ է. միջազգային հանրությանը եւ այդ հանրության անունից հանդես եկող կառույցներին բացարձակ չեն հետաքրքրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, այդ թվում՝ եւ հավաքների ազատության իրավունքը: Նրանց հետաքրքրում է, թե հանուն ինչի են իրականացվում այդ ցույցերը, եւ չեն էլ թաքցնում իրենց գործունեության մոտիվացիան:
Եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Կայյա Կալլասը, որը փոխարինել է տխրահռչակ Ժոզեպ Բորելին, եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը ստորագրել են համատեղ կոմյունիկե, որում ասված է. «Վրաց ժողովուրդը հերթական անգամ դուրս է եկել փողոց՝ վերահաստատելու ԵՄ-ին անդամակցելու իր ձգտումը։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր վճռականորեն պաշտպանում են իրենց եվրոպական եւ ժողովրդավարական ապագան: Վրաստանի կառավարության այս գործողություններն ուղղակի հետեւանքներ կունենան մեր հարաբերությունների վրա»: Ինչպես տեսնում եք` կոմյունիկեում ոչ մի խոսք չկա ժողովրդավարության պաշտպանության մասին, նրանք չեն ասում, որ իրենք հանդես են գալիս հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, նրանք պաշտպանում են վրաց ժողովրդի` ԵՄ-ին անդամակցելու ձգտումը եւ սպառնում են, որ Վրաստանի կառավարության գործողություններն ուղղակի հետեւանքներ կունենան:
Այդ հետեւանքներն արդեն կան. ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել բազմաթիվ վրաց պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, դադարեցվել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, Վրաստանի կառավարությանը տրվող ֆինանսական օժանդակությունը: Միակ բանը, որ այս պահին հավելյալ կարող է անել Եվրամիությունը` Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակից զրկելն է եւ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ մուտքի թույլտվության չեղարկումը: ԵՄ իշխանություններն այդ վերջին քայլին չեն գնում միայն մի պատճառով. նրանք չգիտեն, թե դա ինչպես կանդրադառնա վրացական հասարակության վրա` ավելի՞ կբորբոքի հակակառավարական ցույցերը, թե՞, ընդհակառակը՝ մարդկանց կգցի դեպրեսիայի մեջ, որովհետեւ նրանք այլեւս չեն իմանա, թե հանուն ինչի են պայքարում: Բացի դա, եթե այդ մի վերջին քայլն էլ անեն, կկորցնեն Վրաստանի վրա ազդեցության վերջին լծակը, իշխանությունների կողմից բողոքի ցույցերի ճնշման դեպքում կարող են համարել, որ Վրաստանը վերջնականապես կորսված է, իսկ հարաբերությունները վրացական իշխանությունների հետ կդառնան թշնամական, չնայած հիմա էլ դրանք բարեկամական չես անվանի:
Հայաստանի դեպքում իրավիճակը տրամագծորեն հակառակն է. Հայաստանի իշխանություններն իրենց դիրքավորել են իբրեւ եվրաինտեգրացիայի ջերմ կողմնակիցներ, Նիկոլ Փաշինյանը եւ նրա արտգործնախարարը խոսում են հայ ժողովրդի եվրոպական ձգտումների մասին, պատրաստ են ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան իրենց թույլ կտան, Ռուսաստանին հռչակել են Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիք, սառեցրել են անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ ԵԱՏՄ-ում էլ դեռ մնում են, որովհետեւ դեռ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չունեն: Հայաստանի ընդդիմությանն էլ հռչակել են Կրեմլի ու Պուտինի գործակալներ, որոնք ֆինանսավորվում եւ ուղղորդվում են այնտեղից, հետեւաբար, ճշելով ընդդիմությանը, իրենք պայքարում են Պուտինի գործակալների դեմ: Ինչպե՞ս կարող են եվրոպական ձգտումներ ունեցող իշխանության դեմ պայքարող Պուտինի գործակալները ունենալ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի օժանդակությունը, նման ցուցարարների դեմ ոչ թե արցունքաբեր գազի կամ պայթուցիկների, այլ նույնիսկ հրազենի եւ տանկերի կիրառումը կարելի է արդարացված համարել:
Ճիշտ է` Հայաստանի ընդդիմությունը ոչ մի Պուտինի գործակալ էլ չէ եւ ոչ էլ ուղղորդվում է Ռուսաստանի կողմից, եւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում էլ դրա մասին շատ լավ գիտեն, բայց Հայաստանի ներկա իշխանությունների գործունեությունը նրանց միանգամայն բավարարում է, Փաշինյանը եւ նրա վարչակազմը կատարում են «վերադասից» իջեցված ցանկացած հրահանգ՝ առանց վարանելու, առանց մտածելու, թե որքանով է դա օգտակար կամ վնասակար Հայաստանի եւ նրա հասարակության շահերին: Իրենց գործը մտածելը չէ, այլ՝ հանձնարարությունը պարտաճանաչ կատարելը, մտածելը նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ իջեցված հրահանգի ցանկացած քննարկում, դրա օգտակարության վերաբերյալ ցանկացած կասկած դուռ է բացում դրա չկատարման կամ թերի կատարման համար: Ինչո՞ւ «միջազգային հանրություն» կոչվածը պետք է աջակցի մի ընդդիմության, որը շատ դեպքերում վիճարկում է ամերիկացիների եւ եվրոպացիների թելադրանքով կատարված քայլերի օգտակարությունը, ինչպես, օրինակ, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ստորագրված հայտարարության դեպքում եղավ:
ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համար ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքները ընդամենը գործիք են՝ սեփական շահերի առաջմղման համար: Մտածել, որ այդ երկրները երբեւէ կարող են դատապարտել իշխանության գործողությունները կամ աջակցել ընդդիմությանը միայն այն պատճառով, որ կողմերից մեկը բռնություն է կիրառում, իսկ մյուսը դառնում է այդ բռնության զոհը, մեկը բռնապետ է, իսկ մյուսը պաշտպանում է ժողովրդավարական արժեքները, իհարկե, միամտություն է: Նրանք ունեն իրենց շահերը, մենք` մեր շահերը, որոնք մեծամասամբ չեն համընկնում իրար հետ, հաճախ հակոտնյա են իրար: Ինչպես որ Վրաստանի դեպքում. Վրաստանի իշխանությունները համարում են, որ իրենց երկիրն ավելի մեծ շահ կստանա, եթե համագործակցի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի հետ, իսկ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ուզում են նրան տեսնել որպես սեփական ազդեցության տարածք: