Շինարարների 15 շենքի 100-րդ բնակարանի բնակիչը օրեր շարունակ ծեծի է ենթարկում իր շանը։ Այս մասին մեզ հայտնում են նրա հարեւանները։ Նրանք զանգահարել են կենդանապաշտպան «Դոգմա» կազմակերպությանը։
Կազմակերպության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները տարօրինակ պահվածք են ցուցաբերել։ Նրանք դուրս են արել բռնարարի հարեւաններին եւ ՀԿ ներկայացուցիչ Գոհար Անտոնյանին եւ փակվել են շանը տանջող քաղաքացու հետ նրա տանը։ «Նրանք մեզ դուրս արեցին, թույլ չեն տալիս որ մենք ներս մտնենք։ Այս պահին նրանք փակվել են տանը, ինչ-որ գաղտնի բանակցություն են վարում այդ մարդու հետ եւ մեզ ոչ մի տեղեկություն չեն հայտնում: Կարծում եմ՝ լեզու են գտնելու նրա հետ եւ այս դեպքն էլ ջրելու են, ինչպես տասնյակ նմանատիպ գործեր»,- ասում է Գոհար Անտոնյանը։
Նշենք որ շունը պուդել տեսակի է։ Ամեն օր բնակիչները լսում են փոքրիկ կենդանու 100-րդ բնակարանից եկող ահասարսուռ ոռնոցը։ Շան տերը ասում է, որ ոստիկաններն ինչ էլ անեն, կենդանուն չի տալու․«100 ոստիկան էլ գա, եվ ուզում ա, գա, կռիվ կանեմ, չեմ տա շանը»։