Հասարակություն

Իսկ ո՞վ ասաց, որ Աջապահյանի հարցազրույցը «սկանդալային» էր ու «սենսացիոն»

Իսկ ո՞վ ասաց, որ Աջապահյանի հարցազրույցը «սկանդալային» էր ու «սենսացիոն»

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերջին հարցազրույցը հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում, չգիտես ինչու, արժանացավ «սենսացիոն», «սկանդալային» եւ նմանատիպ գնահատականների, չհաշված տարբեր քաղաքական խմբերի կողմից Աջապահյանին ուղղված քննադատությունները, որոնք այս դեպքում մեր հետաքրքրության շրջանակից դուրս են։ Մինչդեռ, եթե իրատես լինենք, Միքայել Աջապահյանի հայտարարություններում, մեծ հաշվով, սկանդալային եւ սենսացիոն բան չկար։ Այլ է հարցը, որ նա քննադատության թիրախ է դարձրել հայաստանյան քաղաքական դաշտում գործող տարբեր կենտրոնների՝ առաջացնելով այդ խմբերի ղեկավարների զայրույթը կամ դժգոհությունը։ Սակայն, մեծ հաշվով, Աջապահյանն ընդամենը եղավ արձանագրողն այն իրականության, որի մասին նրանից առաջ էլ խոսվել էր հրապարակավ։ Ավելին, նույնիսկ ֆեյսբուքյան հարթակում շատ բաներ ասվել էին։

Ի վերջո, քիչ չեն դեպքերը, երբ որեւէ ներքաղաքական հարցի հետ կապված՝ հայաստանյան քաղաքական ոչ իշխանական դաշտի ճամբարները միմյանց դեմ «ֆեյսբուքյան ռազմարշավներ» են իրականացրել, կամ` նույնիսկ ամենախելացի թեզը, որն առաջ է քաշվել հայտնի ճամբարների կողմից, հասարակության աջակցությանը չի արժանացել` զուտ այդ ճամբարների հետեւում կանգնած «նախկին» կարկառունների պատճառով։
Մեծ հաշվով, Աջապահյանը ստանձնեց հայտնի հեքիաթի տղայի դերը, որը համարձակություն ունեցավ ասելու՝ «Թագավորը մերկ է»։ Մի քանի պարզ բան արձանագրենք․

• Հայաստանի քաղաքական դաշտում պետք է կատարվի սերնդափոխություն։ Սա ոչ թե տեսական դատողությունների մակարդակում ասված միտք է, այլ՝ կենսական անհրաժեշտություն։ Ներքաղաքական կյանքի այն համակարգը, որն այժմ կա, մեծ հաշվով, սպառել է իրեն եւ Հայաստանի հասարակության մեծ մասի կողմից վստահության չի արժանանում։ Իհարկե, առանձին կուսակցություններ կամ ներքաղաքական խաղացողներ գուցեեւ ունեն իրենց համակիրների զանգվածը, որոնց հարկ եղած դեպքում կարողանում են հանել փողոց եւ որոնց կապիտալիզացնելով, փորձում են մնալ «ջրի վրա», սակայն պետք է արձանագրել, որ հայաստանյան ներքաղաքական համակարգն իրեն սպառել է։ Թե դրան փոխարինող ինչ համակարգ կձեւավորվի, ցույց կտա ժամանակը։ Սակայն եթե մենք ուզում ենք առաջ շարժվել, ապա կա՛մ գործող կուսակցությունները պետք է ռադիկալ թարմացման կուրս որդեգրեն ու համապատասխանեն ներկայիս պայմաններին, կա՛մ եթե սպառված համակարգը շարունակի իր գոյատեւումը, ապա վաղ թե ուշ Հայաստանի կյանքում վերածվելու է ամեն առաջընթացի խոչընդոտի, եւ, ի վերջո, հասարակությունը՝ ինքը, կորոշի՝ որեւէ եղանակով ոչնչացնել այդ համակարգը։ Ի դեպ, այն երեւույթը, որն այսօր կա Հայաստանում, եզակի բնույթի չէ։ Ողջ աշխարհում քաղաքական համակարգերը սկսել են սասանվել, ու ողջ աշխարհում է սկսվել քաղաքական խորքային փոփոխությունների փուլ, ինչին Հայաստանը չի կարող, բնականաբար, անհաղորդ մնալ։

• Հայաստանում պետք է անել այնպես, որ անխափան ու անշեղորեն գործի «Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսեր» հայտնի սկզբունքը, եւ պահպանվի այդ սկզբունքի վրա խարսխված բալանսը։ Այլ խոսքով՝ վերջին ամիսների փորձառությունը հուշում է, որ առաքելական եկեղեցին պետք է վեր կանգնած լինի ներքաղաքական կյանքից, զբաղվի իր անմիջական առաքելությամբ։ Միաժամանակ նաեւ՝ պետության մեջ պետք է հստակեցվի եկեղեցականների կարգավիճակը, ինչպես, օրինակ, ուժային համակարգում աշխատողներինն է, եւ պարզ լինի, թե ներքաղաքական գործընթացներին նրանց ներգրավվածությունը մինչեւ ուր է թույլատրված։ Այս առումով անելիք շատ կա։ Կարելի է ասել՝ դաշտը դատարկ է, եւ ինչը որ պիտի արվի, պիտի արվի զրոյից ու համակարգված կերպով։ Հատկապես որ, առկա տեղեկությունների համաձայն, առաքելական եկեղեցու վերնախավում (ե՛ւ կրոնավորների, ե՛ւ եկեղեցուն ֆինանսներ հատկացնող բարերարների մասով), այսպես ասած՝ քաղաքականապես «չափավորական» եւ «չեզոք» կեցվածք ունեցողները մեծամասնություն են կազմում ու առանձնապես կողմ չեն, որ եկեղեցին խրվի ներքաղաքական հարցերի մեջ, իսկ քաղաքական կյանքին ներգրավումն էլ տեսնում են զուտ հայրենիքի զորացմանն ուղղված ջանքերի գործադրման շրջանակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image