Հասարակություն

«Հրապարակ». «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը ձախողվել է

«Հրապարակ». «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը ձախողվել է

Սեպտեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում էի արել՝ առաջադրելով հետեւյալ հարցերը․

1․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական քանի՞ դպրոցի, մանկապարտեզի շենք է կառուցվել, հիմնանորոգվել, քանի՞ դպրոցի, մանկապարտեզի շինարարության, հիմնանորոգման աշխատանքներն են այժմ ընթացքի մեջ։

2․ Մոդուլային դպրոցների շենքերը կառուցվել են հիմնական դպրոցների համար, այսինքն՝ պիտի ունենան 9 դասասենյակ, բայց Լոռու մարզի Հագվիի, Ձյունաշողի եւ այլ նորակառույց մոդուլային դպրոցներում կա յոթ դասասենյակ։ Ավելին` չկա նաեւ ուսուցչանոց, մի սենյակ կա միայն՝ որպես տնօրենի կաբինետ, իսկ ուսուցիչները միջանցքում են հանգստանում։ Մեկ այլ մոդուլային դպրոցում տնօրենը նստում է ուսուցչանոցում ու չի կարողանում դպրոց եկած մարդկանց, ծնողների կամ աշակերտների հետ առանձնազրույց ունենալ։ Հագվիի, Ձյունաշողի եւ այլ նորակառույց մոդուլային դպրոցներն ունեն կոյուղու մաքրման կայաններ, սակայն նշված գյուղերում կոյուղագծեր նախատեսված չեն, եւ մաքրված կոյուղաջրերը հոսում են գյուղական փողոցներով։ Ձեր նախարարությունը գիտի՞ այս խնդիրների մասին, ի՞նչ է անում՝ դրանք լուծելու համար։ 

3․ Հանրակրթական դպրոցների շենքերից քանի՞սն է ձմռանը վառելափայտով ջեռուցվում, քանի՞սը՝  էլեկտրական հոսանքով, քանի՞սը՝ այլ եղանակով։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ 

«1. ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ եւ նախակրթարան» ծրագրի շրջանակում իրականացման տարբեր փուլերում են գտնվում 475 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որոնցից 235 հաստատություններում շինարարական աշխատանքներն ավարտվել են (155 մանկապարտեզ, 80 նախակրթարան), 234-ում ընթացքի մեջ են, իսկ 6-ում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: 2021 թվականից մեկնարկած դպրոցաշինության խոշոր ծրագրով՝ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 247 ուսումնական հաստատություններ, որոնցից 153-ը` կառուցվող, 94-ը՝ կապիտալ նորոգվող, եւս 40 դպրոցի նորոգում կմեկնարկի հոկտեմբեր ամսին: 2021 թվականից մինչ 2025 թվականի սեպտեմբերը շահագործման է հանձնվել 56 կառուցված, հիմնանորոգված/վերանորոգված դպրոց: «300 դպրոց, 500 մանկապարտեզ եւ նախակրթարան» ծրագրում ներառված դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է համապատասխանաբար ՀՀ կառավարության 30.11.2023 թվականի N 2093-Ն որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/207253/latest) եւ ՀՀ կառավարության 03․10․22024 թվականի N 1581-Ն որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/210185/latest) հաստատված ցանկերում։     

2․ «300 դպրոց» ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել շուրջ 22 մոդուլային դպրոցներ, որոնք ունեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ դասասենյակներ, լաբորատորիաներ, խոհանոց/ճաշարան, բուժկետ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ եւ այլն: Շինարարական աշխատանքներն ավարտված եւ շահագործման հանձնված դպրոցները ճկուն դասացուցակ կազմելու միջոցով կարողանում են կազմակերպել ուսումնական գործընթացը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Լոռու մարզում պետական բյուջեի միջոցներով մոդուլային տիպի շենքերը կառուցվել են Հագվիի հիմնական եւ Մեդովկայի միջնակարգ դպրոցների համար, իսկ Ձյունաշողի դպրոցի շենքի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որեւէ միջամտություն չի ունեցել, ինչպես նաեւ չի ստացել որեւէ արձագանք կամ հայտ դպրոցի կոյուղագծերի հետ կապված խնդիրների մասին։ 

3․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների գերակշիռ մասը ջեռուցվում է կաթսայատների միջոցով: Վառարաններով ջեռուցվում է շուրջ մեկ տասնյակ հաստատություն: Միաժամանակ առաջարկում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ չգործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ջեռուցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել համապատասխան լիազոր մարմնին»։ 

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը պետք է ավարտվի մինչեւ 2026 թվականը, փոխնախարար Սվաջյանի վկայությամբ՝ 234 նախադպրոցական ուսումնական հաստատությունում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ծրագրի շրջանակներում 40 դպրոցի շինարարությունը հոկտեմբերին է սկսվելու, հանրակրթական դպրոցների շատ շենքերի շինարարությունները հիմքից չեն բարձրացել, անհայտ է, որ իշխանության կողմից այդքան տարփողված ծրագրում ներառված նախադպրոցական հաստատությունների ու հանրակրթական  դպրոցների քանակի ու դրանց շինարարության ժամկետների առումով ծրագիրը ձախողված է։ Զարմանալի է, որ ԿԳՄՍ փոխնախարարը ստույգ չգիտի, թե փայտ օգտագործող վառարաններով ԿԳՄՍ ենթակայությամբ գործող քանի հանրակրթական ուսումնական հաստատություն է ջեռուցվում, եւ դրանց մոտավոր թիվ է նշել` «շուրջ մեկ տասնյակ հաստատություն»։ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործում են մարզերի ավագ դպրոցները եւ վարժարանները, արտառոց է, որ մեր օրերում ավագ դպրոցների եւ վարժարանների շենքերը դեռ փայտ վառող վառարաններով են տաքացվում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image