Այլ

2024-ի հնչեղ մահափորձերը

2024-ի հնչեղ մահափորձերը

2024-ն աչքի ընկավ հնչեղ մահափորձերով. հատկապես Եվրախորհրդարանի ընտրությունների ֆոնին, եվրոպացիները սկսեցին չհանդուրժել իրենց վարչապետներին: Մայիսին Սլովակիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատկառելի տարիքի գրողներից մեկը հենց փողոցում մահափորձ կատարեց երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ՝ նրա վրա մի քանի անգամ կրակելով: «Ռոբ, արի այստեղ»՝ կրակելուց առաջ բղավել էր զայրացած մտավորականը, որը ձերբակալվելուց հետո խոստովանել էր, որ համաձայն չէ կառավարության ու անձամբ Ֆիցոյի վարած քաղաքականության հետ: Բարեբախտաբար, Սլովակիայի վարչապետի կյանքը հաջողվել է փրկել, եւ հիմա նա բնականոն աշխատանքի է վերադարձել:

Հունիսին մեկ այլ բռնություն տեղի ունեցավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում` տղամարդը հարձակվել եւ հարվածներ էր հասցրել վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին: Դանիայի վարչապետի գրասենյակը հայտնեց, որ նա «թեթեւ վնասվածքներ» է ստացել` չեղարկելով շաբաթ օրվա միջոցառումները: Հարձակվողին ձերբակալել են: Ճիշտ է, ոստիկանությունը կասկածյալի մասին մանրամասներ չի հայտնում, բացի այն, որ նա 39 տարեկան է, ակնհայտ է, որ այստեղ էլ գործ ունենք քաղաքական տարաձայնությունների հետ: Դանիական TV2 հեռուստաալիքը պարզաբանել է, որ հարձակումից առաջ Ֆրեդերիկսենը մասնակցել է Եվրախորհրդարանի ընտրություններում սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Քրիստել Շալդեմոզեի քարոզարշավին:

2024-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի դեմ 2 մահափորձ կատարվեց։ Առաջինը` հուլիսին, գնդակը դիպել էր նրա ականջին: Կրակողը` 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, գնդակահարվել է եւ սպանվել դեպքի վայրում։ Երկրորդը սեպտեմբերի 15-ին էր` Ֆլորիդայում։ 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութին նկատել են գոլֆի դաշտում, որտեղ խաղում էր Թրամփը։ Թրամփի անվտանգությունը կրակ է բացել կասկածյալի վրա, նա փորձել է փախչել, սակայն կալանավորվել է։ Հոկտեմբերին Կալիֆորնիայի Ռիվերսայդ շրջանում Թրամփի քարոզարշավի ժամանակ զինված տղամարդ էր ձերբակալվել։ Տեղի շերիֆը միջադեպն անվանել էր «ենթադրաբար ձախողված մահափորձ»: Մի անձի` Նեւադա նահանգի 49-ամյա բնակիչ Ուեմ Միլլերի մոտ էլ հայտնաբերվել էին որսորդական հրացան եւ ատրճանակ, նա ներկայացրել էր Թրամփի հետ հանդիպման կեղծ VIP հրավեր եւ լրագրողական քարտ: Ենթադրվում է, որ Միլլերն աջակողմյան հակակառավարական խմբավորման անդամ է: Նա կալանավորվել է լիցքավորված զենք կրելու եւ արտոնվածից ավելի փամփուշտների պահունակ պահելու մեղադրանքով։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image