Ադրբեջանցի մի խումբ գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում՝ Կոնդ թաղամասի՝ «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» գործընթացի հետ։
Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։
- Երևանում ամենամեծ հայկական թաղամասը եղել է Կոնդը։ Ադրբեջանցիները սկսել են գլխից, ինչպես ասում են։ Եթե ասեին Դամիր-բուլաղ թաղամասում թուրքեր են ապրել, ես ինչ որ տեղ կմտածեի։ Բայց, երբ որ ասում են` Կոնդում են թուրքերն ապրել: Բացի հայից, այնտեղ ոչ ոք չի ապրել։ Կոնդ թաղամասը ամենահին և հայաշատ թաղամասերից մեկն է եղել, և այնտեղ որոշ թվով հայ բոշաներ են ապրել։ Ուրիշ ազգություն չի ապրել։ Երևանի թաղամասերից` Կոնդը, Ավանը, քաղաքի կենտրոնը բացառապես հայաբնակ է եղել։ Մենք, գիրք ենք հրատարակել 2018 թվականին՝ «Երևանի պատմությունը» մեկ հատորյակ, որը կոլեկտիվ մենագրություն է՝ (ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, Մանկավարժական համալսարանի կողմից), որտեղ բոլոր հարցերի պատասխանը տվել ենք։
Այս հեքիաթը, թե Երևանը գերազանցապես թուրքաբնակ քաղաք է եղել, մշակութային կոթողներ են եղել, բոլորը հեքիաթի ժանրից են։ Ուղղակի սա ծաղր է։ Եվ երբ որ մենք ադրբեջանցիների այս կեղծիքներին սկսում ենք գիտականորեն պատասխանել, նույնպես հայտնվում ենք ծիծաղելի վիճակում, և ներքաշվում ենք անպտուղ, անհեռանկար բանավեճի մեջ, որը ևս կարծում եմ, որ սխալ է, այս ամենին պետք է ֆելիետոնի մակարդակով վերաբերվել։ Որովհետև այս ամբողջը շինծու, արհեստական, Ադրբեջանական պետության կողմից իր երկրի ղեկավարի գլխավորությամբ թելադրվող կեղծ օրակարգ է։
- Այնուամենայնիվ Հայաստանը կտա՞ համարժեք պատասխան Ադրբեջանին։
- Ախր, գիտեք, ծիծաղելի վիճակում ենք հայտնվում։ Ամեն անգամ սկսում ենք ապացուցել, որ մենք՝ մենք ենք։ Եվ այդ մակարդակով գնալով, մենք տեղ չենք հասնի, հասկանում եք։ Այդ տակտիկան, որը Ադրբեջանը ընտրել է՝ մեզ դիտավորյալ ներքաշում է այնպիսի հանրահայտ խնդիրների ու բանավեճի մեջ, որ մենք, ակամայից իրենց պատասխանելով, հայտնվենք ծուղակի մեջ։ Հիմա թող դիմեն 3-րդ կողմին, աշխարհի ցանկացած երկրի, խելքը գլխին պատմաբանների, թող իրենք բացատրեն՝ Երևանը ադրբեջանաբնակ քաղաք եղե՞լ է, թե՞ չէ, կամ ընդհանրապես ադրբեջանցի եղե՞լ է, թե՞ չէ։ Այդ մուսուլմանական բնակչությունը ադրբեջանցիների հետ որևէ կապ չունի։ Խոսքը վերաբերում է իրանցիներին, որոնք թուրքալեզու էին դարձել հատկապես 16-17-րդ դարերից սկսած։ Իրականության մեջ, ինչպես նաև այսօրվա Իրանի Հյուսիսային հատվածը, որը թրքախոս է, բայց իրականում նրանք էթնիկ ծագումով պարսիկներ են, կապ չունեն ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցի էթնոս, որպես այդպիսին, չի եղել։ Արհեստականորեն դրանք ստեղծվել են 1936թ.-ին ստալինյան սահմանադրությունից հետո։
- Ինչպիսին կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը։
- Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բարձրության վրա շարունակի մնալ, բնականաբար պետք է ֆելիետոնի մակարդակով էլ Ադրբեջանին պատասխանի։ Սրանից յոթ տարի առաջ, երբ, որ ես Չինաստանում պատմաբանների միջազգային 22-րդ Կոնգրենսին էի մասնակցում, (այնտեղ է գտնվում Կոնգրեսի պատմաբանների ամենահեղինակավոր համաշխարհային կազմակերպությունը, որը գոյություն ունի արդեն 122 տարի՝ 1900 թ-ից, և որը Փարիզում է ստեղծվել), Կոնգրեսի գլխավոր ասամբլեայի 15 ներկայացուցիչները հետևյալն ասացին, երբ որ ես հարց բարձրացրի, թե ինչու այս հեղինակավոր կազմակերպությանը չի անդամակցում Ադրբեջանը՝ ուղղակի բոլորը սկսեցին ծիծաղել, հռհռալ, ասելով, թե այն բանից հետո, երբ որ ադրբեջանցիները երկրի առաջին դեմքի մակարդակով սկսեցին խոսել այն մասին, որ Երևանն ադրբեջանական քաղաք է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աղվանական հոգևոր եկեղեցական կենտրոն, դրանից հետո Ադրբեջանի պատմագիտությունը՝ որպես այդպիսին, մեզ համար վերացավ։
Այսինքն, գիտակ աշխարհը հրաշալի տեղյակ է այդ ամենին։ Այլ հարց է, որ հասարակության լայն շրջանակները, որոնք անտեղյակ են այս ամենից, կարող են և հայտնվել ադրբեջանցիների քարոզչական ծուղակի մեջ։
Իսկ ինչ վերաբերում է մեր պատասխանելուն, մենք անաչառ գիտական աշխատություններով, օրինակ` ակադեմիական մակարդակով՝ Հայոց պատմության բազմահատորյակ ենք գրել, հիմա ավարտում ենք աշխատանքները։ Դա արդեն ինքնին պատասխանն է Ադրբեջանին։
Իսկ ամեն մի հիմարությանը պատասխանելը, և ինչպես ասում են՝ մի խելագար մի քար գցեց փոսը, հարյուր խելոք չկարողացան դուրս բերել, դառնում է նույն պատմությունը։ Սա հատուկ արվում է մեզ ներքաշելու համար անպտուղ, անհեռանկար բանավեճի մեջ։ Ինչպես, օրինակ, Օսմանյան թուրքերը՝ մեզ անընդհատ ասում էին՝ եկեք ցեղասպանության թեմայով բանավիճենք։ Հիմա բանը հասավ այնտեղ, երբ որ Բաքուն մենք էինք կառուցել, չէ՞, և ընդհանրապես Շիրվան աշխարհը, Ատրպատականը, որտեղ մենք շատ կարևոր ներկայություն ենք ունեցել պատմամշակութային, որ հիմա համարվում է իբր թե Ադրբեջան, խոսքս վերաբերում է նաև պատմական, իրանական Ատրպատականին, որը ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի հետ: Երբ որ սկսում ենք այդ թեմաները մոռացության տալ և պատասխանել, որ Երևանը հայկական է՝ դրանով մոռացության ենք տալիս, որ Սյունիքն ու Արցախն են հայկական, որ Բաքուն է եղել հայկական, որ Գանձակը, Ուտիքը եղել են հայկական։ Այ, սա է ամբողջ քաղաքական խորամանկության գաղտնիքը, որ Ադրբեջանը սկսել է մեր դեմ կիրառել։
- Խոսելով Բաքվի մասին, հիշենք նաև, որ Բաքվում ունեցել ենք հայկական թաղամասեր։ Արդյոք ժամանակը չէ՞, որ սկսենք փուլ առ փուլ հիշեցնել Բաքվին նաև մեր հայկական թաղամասերի, եկեղեցիների մասին։
- Այո, ճիշտ եք։ Բա, իհարկե, 150-200 հազար բնակչություն ունեցող Հայկաշեն թաղամաս ենք ունեցել, որ իրենք ադրբեջանցիները՝ Արմենիքենդ էին անվանում։Դա այն թաղամասն էր, որ 1905 թվականին, երբ կազմակերպվեցին հայ-թաթարական ջարդերը, Նիկոլ Դումանի գլխավորությամբ կազմակերպված պաշտպանական ջոկատները կարողացան թաթարներին դուրս մղել հայկական թաղամասից, այսինք,ն այնքան ազդեցիկ ու զորավոր էին այդ թաղամասում հայերը 1905 թվականին, որ ամբողջ նավթաարդյունաբերությունը Բաքվի հայերի ձեռքին էր։ Մեր դոկտոր պրոֆեսորներից, բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանը հաստափոր հատոր է գրել Բաքվի հայության վերաբերյալ, թող բացեն կարդան, որը նաև անգլերենով են հրապարակել, որտեղ փաստերով լրիվ բերում է, որ թաթար բնակչությունը բացարձակապես եղանակ չի ստեղծել Բաքվում և ընդհանրապես նավթաարդյունաբերության մեջ։