Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան Արթիկի Լմբատ-2 թաղամասում տեղի կենդանասերները շների կրակված մարմիններ էին հայտնաբերել։ Կրակոցները հնչել էին գիշերով: Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանությունը հաղորդում տարածեց շների սպանդի վերաբերյալ եւ հայտնեց, որ ինքնակամ բաժին է ներկայացել նույն թաղամասի բնակիչ 37-ամյա մի տղամարդ և ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որոնք հեքիաթային են հնչել։ Տղամարդը պատմել է ոստիկաններին, թե իբր հրացանը գտել է աղբանոցում և պահել է եղբոր չբնակեցված բնակարանում, իսկ նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան այդ նույն հրացանով կրակել է իր վրա հարձակված թափառող շների վրա։
Փաստորեն, տղամարդը ձեռքի հետ կրակն է գցել նաև իր եղբորը, և եթե մենք ապրեինք օրենքի երկրում, ապա վերջինս պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու չի հայտնել իրավապահներին այն մասին, որ իր բնակարանում ապօրինի զենք է պահվում։
Սակայն մեր երկրում անգամ ապացուցված «ինքնախոստովանված» հանցագործության դեպքում որևէ մեղադրանք չի առաջադրվում։ Մարդը զենքը վերցրել ու կրակ է բացել, սակայն նրան ապօրինի զենքի կիրառման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական կոմիտեից«Հրապարակին» հայտնեցին, որ քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որին կից ստացվել է նաև տեսագրություն, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դաժան վերաբերմքուն կենդանիների նկատմամբ։
«Իրականացվել է ինչպես տեսագրության, այնպես էլ դեպքի վայրի զննություն։ Դեպքի վայրի զննությամբ շների դիեր, փամփուշտներ չեն հայտնաբերվել», - նշում է ՔԿ խոսնակը, սակայն ըստ ականատեսների, որոնք նաև դիմել են ոստիկանություն, փամփուշտներն այնքան շատ են եղել, որ տեղ-տեղ նույնիսկ ցցված են եղել շների մարմիններից։
« Իրավասու մարմին հարցում է արվել՝ աղբանոցից շների մարմինների հնարավոր հայտնաբերման, տեղափոխման վերաբերյալ։ Հետագայում ինքնակամ մեկ անձ՝ 37-ամյա տղամարդ է ներկայացել Ոստիկանություն՝ հայտնելով շներին իր կողմից կրակելու վերաբերյալ՝ ներկայացնելով նաև ողորկափող որսորդական հրացան։ Նշված անձը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել։ Զենքի օրինականությունը պարզելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն»։ Անցել է մեկ ամիս, սակայն քննիչները դեռ չեն պարզել զենքի օրինականությունը, ինչն առնվազն ծիծաղելի է։« Այս պահին դեռևս հանրային քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ», - հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մարդը եկել է, խոստովանել է, որ ինքն է կրակել շներին, բայց նրան մեղադրանք չի առաջադրվում։ Ի՞նչ կմտածեիք դուք։ Որ քննիչներին կաշա՞ռք են տվել։
«Իհարկե, չեմ հավատում, որ տղամարդը զենքը գտել է աղբանոցից, էդ ո՞ր հիմարն էր տարել, գցել զիբլանոց, որ դու էլ հայտնաբերեցիր։ Չեմ հավատում նաև, որ շները հարձակվել են, որ նա ինքնապաշտպանվել է, ուղղակի հանգամանքները մի քիչ մեղմելու համար նման ցուցմունք է տվել այդ հանցագործը », - ասում է Արթիկի կենդանապաշտպաններից ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը։ Նա ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված ու դեռ հավատում է քննիչներին։«Մեր իրավապահները շատ հետեւողական աշխատում են, և հուսով եմ, որ հարցը օրենքի դաշտում կլուծվի»։
Հիշեցնենք, որ այս տարի, ըստ համայնքային ոստիկանության ներկայացրած թվերի, ավելացել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացահայտված դեպքերը։ Նոյեմբերի վերջի դրությամբ 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46: Սա նշանակում է, որ մեր բնակչությունն ավելի անհանդուրժող է դառնում կենդանիների նկատմամբ կատարվող սարսափելի հանցագործությունների հանդեպ, ավելի հաճախ է հաղորդումներ ներկայացնում ոստիկանությաւնը։ Վերջինս էլ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով բնակչության շրջանում իրականացնում է իրազեկման, բացատրական աշխատանքներ: Օրերս ոստիկկանությունը ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչ էր հրապարակել․«Հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: ՆԳ նախարարությունը հորդորում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում դիմել ոստիկանություն»։
Միաժամանակ նկատենք, որ գործերը հիմնականում ջրվում են Քննչական կոմիտեի կողմից։ Մինչ օրս լուր չկա հուլիսի 2-ին տեղի ունեցած աղմկահարույց դեպքի շուրջ վարույթից։ Այդ օրը՝ հիշեցնենք, Դավթաշենի մի բնակիչ, որը «օրգանի» աշխատող է եղել, իր կնոջ հետ դաժան ծեծի էին ենթարկել ու բարձրահարկ շենքի պատշգամբից դուրս էին նետել թափառող մի շան։ Կենդանասերները մտավախություն ունեին, որ գործը կարող է ծածկադմփոց արվել։ Եւ իրոք, նախաքննությունն այս գործով քնեցվել է։ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի գործերը մեծ դժվարությամբ են հասնում դատարան։ Միայն կենդանապաշտպանների ճնշման, ակցիաների ազդեցության ներքո է, որ երբեմն հնարավոր է լինում հասնել նրան, որ հանցագործները գոնե տուգանք վճարեն։ Նմանատիպ դատավճիռներից էր հունիսին «Նուբարաշենի գամփռի» գործով կայացված դատական ակտը։ Շենգավիթի դատավոր Արշակ Մաթևոսյանը Գարիկ Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել իր սեփական գամփռ շանը կապելու, դաժան ծեծի ենթարկելու համար և պարտավորեցրել է նրան վճարել 520 հազար դրամի տուգանք։ Մեղադրյալը հրաժարվել է հասարակական աշխատանքներ կատարելով պատիժը կրելուց։ Մեղադրյալը դատարան է եկել զինվորական համազգեստով, որպես մեղամացուցիչ հանգամանք ներկայացրել էր իր զինվորական անցյալը, ղարաբաղյան բոլոր պատերազմներին մասնակցելու հանգամանքը։