Հարցազրույց

«Հրապարակ». Էս ի՞նչ է սարքում Եվրոպան մեր գլխին

«Հրապարակ». Էս ի՞նչ է սարքում Եվրոպան մեր գլխին

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:

- Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովն անցկացվեց Երեւանում: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին գովեստի խոսքեր շռայլեցին: Մակրոնն ասաց, որ Փաշինյանը քաջ ու խիզախ առաջնորդ է: Փաշինյանն էլ պետության հաշվին ընտրակաշառք է բաժանում` թոշակի բարձրացում, որոշ բժշկական ծառայություններ անվճար են դարձել եւ այլն: Այս ամենը, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն է թողնում քաղաքացիների վրա, հատկապես` չկողմնորոշված զանգվածի, կամ առհասարակ` ազդեցություն թողնո՞ւմ է, թե՞ ոչ:

- Ազդեցություն անպայման թողնելու է եւ թողնում է, սակայն թե հասարակության որ շերտի վրա, դա է հարցը: Մակրոնի հետ գնում են վազելու, ռեստորան եւ այլն, ուզում են ասել` մենք էլ ձեզ նման սովորական մարդիկ ենք, էլի: Այս քայլերով Մակրոնը նաեւ այլ բան է հասկացնում մեր ժողովրդին: Ըստ էության, ասում է` վատ մի զգացեք, որ ձեր ղեկավարը նման բաներով է զբաղված, մենք էլ ենք նույն բաներն անում` վազում, երգում, պարում: Այս ամենն արվում է մտածված` չկողմնորոշված, վախեցած կամ այս իշխանություններով հիացած զանգվածի համար: Մեր ժողովուրդը որոշակի թերարժեքության բարդույթ ունի: Նրան թվում է, թե բոլոր նրանք, ովքեր Եվրոպայում են կամ Ամերիկայում, ուրեմն ավելի բարձր են, ավելի լավն են: Այս ամենը հաշվի առնելով՝ աշխատում են նաեւ մեր ազգի թերարժեքության վրա: Եվրոպային միանշանակ այս իշխանությունն է ձեռնտու` Նիկոլով հանդերձ, քան իսկական ընդդիմադիր ուժերը: Նայում ես այս ամենին` ծիծաղդ է գալիս: Խոսում են Անգլիայի հետ ռազմավարական դաշնակցությունից: Անգլիան եւ Թուրքիան մեր ամենամեծ թշնամիներն են, եւ հենց նրանք են մեր գլխին այս փորձանքները բերել` կազմակերպված ձեւով: Ցավոք, կան մարդիկ, ովքեր այդ անմտություններին հավատում են, խաբվում են: Ամեն դեպքում, ի պատիվ մեր ժողովրդի, ես տարբեր շերտերի հետ եմ շփվում, նկատում եմ, որ մարդիկ իսկապես հիասթափված են իշխանություններից: Քիչ առաջ մի կին` մայր, լաց էր լինում իմ կողքին: Ասում էր` էս ի՞նչ են անում Հայաստանի հետ, էս ի՞նչ է սարքում Եվրոպան մեր գլխին: Մարդիկ, ովքեր սթափ են, հասկանում են այս ամենի ողբերգական հետեւանքները: Այո, բժշկական ծառայությունները որոշակիորեն անվճար են դարձրել, թոշակներն են բարձրացրել, եւ այդ խայծը մարդիկ կուլ են տալիս, չեն գիտակցում, որ երբ ընտրվեն սրանք, անելու են ճիշտ հակառակը: Շատ փոքր է այն շերտը, որ պատրաստ է սրանց քվե տալու: Շատերն անգամ ասում են, որ ընտրություններին չպետք է հասնեին, հարցերը պետք է վաղուց լուծված լինեին, սակայն ունենք այն, ինչ ունենք: Պետք է հնարավորինս բարձրացնենք մարդկանց ինքնագնահատականը, այնպես անենք, որ քարացած միտքը, որ, միեւնույն է, իշխանությունը հաղթելու է, հօդս ցնդի: Դա վտանգավոր ստերեոտիպ է:

- Մայիսի 28-ին Փաշինյանը որոշել է «պառադ» կազմակերպել:

- Հերթական անգամ մոլորեցնում են մարդկանց: Ուզում են ասել` մեզ ասում են անհայրենիք, իսկ մենք «պառադ» ենք անում: Նախընտրական ծուղակների շրջանում ենք ապրում, պետք է շատ զգոն լինենք այս փուլում հատկապես, քանի որ այդ խայծերը մահացու են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image